User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Շահեն Թաթիկյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ցանկանում եմ,- ասաց հիվանդանոցային աշխատակցուհին, որը բերել էր նրա հագուստները,- այլևս մեր հիվանդանոց ոտք չդնեք:

    Նա ժպտաց և ասաց.

    -Ամբողջ ուժով կջանամ…

    -Ձեր տեսքը հիանալի է,- ասաց մի բժշկուհի,- թու, թու, աչքով չտամ, չնայած որ իմ աչքը բարի է…

    -Շնորհակալ եմ,- ասաց նա…

    Հետո բոլորին հրաժեշտ տվեց ու աստիճաններով իջավ:

    Առաջին հարկի սրահում մի բարձրահասակ կին էր կանգնած` ձեռքին երեք մեխակ: Չնայած մոտ քառասունհինգ տարեկան կլիներ, բայց նկատելիորեն պահպանել էր գեղեցկությունը: Հիվանդը դեռ աստիճանների վրա նկատեց կնոջը: Կինն էլ իր հերթին տեսավ նրան ու արագ քայլերով ընդառաջ գնաց: Թվում էր, թե նրանք հիմա պետք է գրկախառնվեն, բայց անգամ ձեռքը չմեկնեցին, այլ քարացան միմյանցից մոտ երկու քայլ հեռավորության վրա: Տղամարդու աչքերը նայում էին նույն թանձր լրջությամբ, ինչպես երբ նա զրուցում էր պրոֆեսորի հետ: Կինը կանգ առավ, մեխվեց տեղում:

    -Ես մեքենա եմ բերել,- ասաց նա:

    -Իմ մեքենան եկել է,- ասաց մարդը,- ես զանգահարել էի հիմնարկություն: Դու զուր ես նեղություն քաշել: Քեզ ո՞վ ասաց, որ այսօր դուրս եմ գալիս…

    -Իմացա…- շշնջաց կինը:- Հետաքրքրվում էի` իմացա…

    Նրանք դուրս եկան սրահից:

    -Ուրեմն իմ մեքենան ազատե՞մ…

    -Ինչո՞ւ,- ասաց մարդը,- դու կարող ես գնալ այդ մեքենայով…

    -Ես պետք է քեզ հետ գամ,- հնարավորին չափ վճռական ձայնով ասաց կինը:

    Մի ակնթարթ միայն մարդը կանգ առավ:

    -ԴԵ լավ,- ասաց նա,- եկ ինձ հետ, բայց տես` օտարների մոտ տեսարան չսարքես:

    Հիվանդանոցի դռանը նրան ընդառաջ եկան երկու տղամարդ: Մեկը վարորդն էր, մյուսը` աշխատակից:

    -Բարև, ընկեր Վարդանյան…

    -Ինչպե՞ս եք, երևում է` լավ եք…

    Առաջին անգամ մարդու դեմքի կենտրոնացած լուրջ արտահայտությունը տեղի տվեց ժպիտին, որի մեջ ավելի շատ ոչ թե ուրախություն, այլ քնքշանք կար:

    -Հիսունն անց մարդը,- ասաց նա` սեղմելով իրեն մեկված ձեռքերը,- հանգստանալու համար իրավունք ունի երբեմն-երբեմն հիվանդանալու:

    Մարդը և կինը նստեցին ետևում, աշխատակիցը` վարորդի կողքին:

    Նրանք մի պահ վարանումով նայեցին իրենց պետին, բայց վերջինս կատակի տալով, ասաց.

    -Սարգիս, հուսով եմ` չես մոռացել իմ տան տեղը…

    Ու մեքենան սուրաց:

    Նորքի զանգվածի նորակառույց շենքերից մեկի առաջ մեքենան կանգնեց:

    -Վաղը սովորականի պես կգամ աշխատանքի,- ասաց մարդը,- առայժմ բարևեք ընկերներին: Էսօր մի քիչ ինձ կաչգի կբերեմ…

    Ամբողջ ժամանակ կինը լուռ էր:

    Երրորդ հարկի բնակարաններից մեկի դուռը բանալով, մարդը ասաց.

    -Ահա և իմացար` որտեղ եմ ապրում:

    -Ես շենքը գիտեի,- արձագանքեց կինը:

    Մեկ սենյականոց բնակարան էր: Կինը կանգնած մնաց սենյակի մեջտեղը և տխուր հայացքով շուրջն էր նայում: Մի երկաթե մահճակալ, մի փոքրիկ սեղան, երկու աթոռ, մի գրադարակ, որի վրա անկանոն դրված էին մասնագիտական գրքեր, պատերին փակցված էին սխեմաներ, դիագրամներ, զանազան այլ գծագրեր…
    Լուսամուտի գոգին` շատ քիչ քանակությամբ ամանեղեն: Եվ ամենուրեք` փոշի: Ամուսինը ինչ-որ փալաս բերեց խոհանոցից և ուզեց սրբել աթոռները:

    Կինը նրա ձեռքից վերցրեց փալասը:

    -Ես ինքս…

    -Ավելի քան մեկ ամսվա փոշի է,- ասաց մարդը:

    Կինը աթոռները սրբելուց հետո փալասը տարավ խոհանոց: Այստեղ գազօջախի վրա մի փոքրիկ պղինձ ու մի թավա կար, խոհանոցի հատակին` դատարկ շշեր ու ապակե բանկաներ: Ուրիշ ոչինչ: Խոհանոցի պատուհանը վարագուրված էր ժամանակից դեղնած լրագրերով: Երբ վերադարձավ, մարդը ասաց.

    -Երևակայիր, պարզեցի, որ կարող եմ սուրճով հյուրասիրել քեզ…

    Գրադարակի ներքևի մասում նա ինչ-որ բան էր քրքրում և երբ ուղղվեց, կինը տեսավ, որ մարդու ձեռքին սրճեփ կար և թիթեղյա մի տուփ:

    -Ես մինչև անգամ շաքար էլ ունեմ,- ավարտեց նա իր խոսքը:

    Մարդը ուզեց գնալ խոհանոց, բայց կինը կանգնեցրեց:

    -Դեռ հարկավոր չէ,- ասաց նա,- սպասիր, մի քիչ խոսենք…

    Մարդը սուրճի պարագաները դրեց սեղանին ու նստեց կնոջ դիմաց:

    -Ես չեմ ուզում այդ սուրճը, ես չեմ ուզում, որ դու մնաս այս տանը…

    Մարդը թանձր լռություն արտահայտող հայացքով լսում էր:

    -Արի գնանք: Հերիք ինչքան… Գնանք տուն:

    -Իսկ ես սուրճ եմ ուզում,- ասաց մարդը ու վեր կենալով, նորից պարագաները վերցրեց, գնաց խոհանոց:

    Կինը մնաց տեղում, կռացավ և երկու ափով ամուր սեղմեց դեմքը: Կարելի էր կարծել, թե լաց էր լինում: Բայց երբ ամուսնու ոտքերի ձայները լսելով գլուխը բարձրացրեց, նրա աչքերը թաց չէին, անգամ խոնավ չէին, այլ հազիվ նկատելի կարմրել էին:

    -Սուրճը վաղուցվա աղացած է,-ասաց մարդը: - Եթե դուր չգա, ոչինչ մի խմիր: Իսկ ես կարիք եմ զգում:

    Նա լցրեց երկու գավաթ, մեկը զգուշորեն դրեց կնոջ առաջ ու նորից նստելով, վերցրեց իր գավաթը:

    -Վեր կաց, վեր կաց գնանք,- ասաց կինը:

    Մարդը մի կում տաք սուրճ խմեց, նրա դեմքը բավականություն էր արտահայտում:

    -Այ, ինչին էի կարոտել հիվանդանոցում,- ասաց նա: - Իհարկե, սուրճ տալիս էին, բայց ուրիշ է, երբ մարդ ինքն է պատրաստում: Խմիր…

    -Ես չեմ խմում,- ասաց կինը,- վերջերս սիրտս այքան էլ լավ չէ:

    -Ուրեմն հարկավոր չէ,- ասաց մարդը: Ապա հանգիստ, ասես բարձրաձայն մտածելիս լիներ, խոսեց.

    -Գիտեմ, որ ոչինչ չես մոռացել, բայց ուզում եմ քեզ հիշեցնել որոշ բաներ: Մոտ մեկ տարի առաջ եկանք համաձայնության, և ես տեղափոխվեցի այս բնակարանը:

    Ամենքին հայտարարեցինք, որ իբր աշխատելու համար եմ եկել այստեղ: Որոշեցինք մեր բաժանումը ձևակերպել այն բանից հետո միայն, երբ Ռուբենը ամուսնանա: Այդ ամբողջ ժամանակ չգիտենք միմյանց մասին ոչինչ: Եվ հանկարծ հիվանդանոցում քեզնից ստանում եմ ծանրոց… Ես այն ընդունեցի, որպեսզի օտարների համար խոսակցության նյութ չտամ… Բայց քեզ ուղարկեցի մի երկտող: Դու խելացի կին ես և հասկացար, որ երկրորդ անգամ քեզանից ոչինչ չեմ ընդունի: Զարմանալին միայն այն է, որ եկար իմ դուրս գրվելու օրը, ու հիմա էլ ինձ առաջարկում ես վերադառնալ: Դու այդ բոլորի հետ միասին հիանալի գիտես նաև, որ ես կարող եմ վիրավորվել…

    -Վիրավորվել,- ասաց կինը,- ինչու պետք է վիրավորվես, չէ որ ապաքինվել ես… և իրավունք չունես իմ քայլերը ընդունել որպես…

    -Ապաքինվել եմ,- ասաց մարդը ու հաճույքով մի կում էլ սուրճ խմեց,- բայց այդ ոչ օգնում է, ոչ էլ խանգարում մեր որոշման կատարմանը: Հո թատրոն չենք խաղում: Ամեն ինչ նախապես լավ մտածել էինք: Թե կարծում ես, մարդիկ մեր ներկայացումը հալած յուղի պես ընդունեցին: Խնդրում եմ, եկ միմյանց չխանգարենք: Ես շատ գործ ունեմ: Ես ահագին ժամանակ եմ կորցրել:

    -Վերջ տուր,- հանկարծ բռնկվեց կինը,- դու… դու… - Նա վեր կացավ, գրկեց ամուսնու ուսերը, ձեռքերը դրեց նրա սեղանին հանգչող բռունցքների վրա,- աստված իմ, ինչ սառն են ձեռքերդ… վերջ տուր:

    -Տարիներ շարունակ մեր անհամաձայնության պատճառն այն էր, որ միմյանց չէինք ճանաչում,- կնոջ գրկից ազատվելով` ասաց մարդը:

    -Ճանաչում եմ, ճչաց կինը,- ճանաչում եմ քո սիրտը: Քո սիրտը պողպատից է սարքած… Դու համառ ես, բայց միշտ ինձ ես մեղադրել համառության մեջ…

    Մարդը մի սիգարետ վառելով ոտքի կանգնեց:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.12.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •