Բարև Շարիկ ջան, ստացա նամակդ, որ ուղարկել էիր էն պրոֆեսորի կատվի հետ: Սատկածը տեսնես ոնց ա քիթը տնկել գալուց հետո, մի կարգին չի էլ բարևում: ասում ա` էդտեղ եղած ժամանակ նշանվել ա ճապոնացի ինչ-որ շան հետ Իբր պատահաբար հանդիպել են մի գիտաժողովի ժամանակ ու էդ շունը սիրահարվել ա վրեն: Բա, ասում ա` վիզայի եմ սպասում նշանածիցս: "հարսանիքս,- ասում ա,- Անգլիայում ա լինելու, որովհետև քավորը Էլիզաբեթ Թեյլորի ասեց, թե ում սև շունն ա լինելու": Բա՞, ասում ա ես էստեղից հիմնավորապես եմ զզվել, մեզանից էլ ա զզվել քոսոտը: Իսկ հիշո՞ւմ ես ոնց էինք խանում-խաթունի պես պահում էդ դուրս ընկածին, իսկ էսօր ասում եմ աղջիկ ջան քո էդ պռաֆեսրի խոհանոցից ինչ կլինի մի կտոր ոսկորից-բանից բերես, չե՞ս տեսնում, նիհարել, ցուցադրական կմախք եմ դառել.....
Ասում ա.
- Այդ ինչե՞ր եք ասում, դա մեր բարձր հասարակության մեջ անվայելուչ բան է համարվում:
Ասում եմ.
- Այ լիրբ, իսկ որ ոտքերս ձգեմ պառկեմ, վայելուչ կլինի՞....
- Հետաքրքիր ա, խի՞ չես քո տիրոջից խնդրում:
- Այ տիրոջս ու քեզ նույն դագաղը դնեմ, տիրոջից ի՞նչ ուզեմ, նա հրեն ինքն է իմ ոսկորները ուտում....
- Յա՞, ո՞նց թե,- զարմացած կողերիս ա նայում:
- Աղջի, կողերիս ինչի՞ ես նայում,-ասում եմ,- ինձանից չէ, է, խանութից են առնում, վրեն էնքան մսի հետք, որ եթե հոտը չզգամ, կմտածեմ թե արհեստական ա, բժշկական, ոտ ու ձեռ պատվաստելու համար: բայց էդ ոնց են ուտում այ մարդ, ո՜նց են ուտում..... Ինձ էլ թե Զուզի, հլա մռռոցդ կտրի ու ռադդ քաշի ստեղից, էս էն ժամանակները չի հիմա կրիզիս ա....
Այ Զուզին թաղի քեզ հա, ըտենց կրիզիսոտ: Ձեզ ինչ կա, ամեն ձև կդիմանաք , վաղը կարող ա խոտ էլ ուտեք... Լսի, էն մեր կողքի շենքի Ռեքսին հիշո՞ւմ ես.... Անցյալ օրը տեսնեմ, փողոցում նստել ա, վզին էլ մի ցուցանակ:
- Նստացույց եմ անում,- ասում ա,- ցուցանակի վրա էլ գրել ա "պահանջում եմ շան կարգավիճակ":
ասում եմ.
- Քաչալ հորդ ողորմի, հետաքրքիր ա, էդ ումի՞ց ես պահանջում....
Ասում ա.
- Հլա չգիտեմ, կարող ա կառավարությունից....
- Անտեր շուն,- ասում եմ,- կառավարությունն ըսկի մարդկանց շան տեղ չի դնում, քեզ կդնի՞....
- Բա, լավ,- ասում ա,- ընդեղ նյուժելի՞ մի շուն չկա.....
- Այ տղա,- ասում եմ,- սուս, կգան կհավաքեն կտանեն, սուս ու փուս տուն քաշվի...
-Տո՞ւն....- մղկտում ա նա,- Տուն ո՞նց գնամ Զուզի ջան, էն անտեր տերս նպատակ ա դրել ինձ մորթի: Գիտե՞ս ոնց ա վրես նայում, ոնց որ ոչխարի....
- Վայ, վայ,- ասում եմ,- այ տղա, էդ ինչի՞...
- Եսիմ Զուզի ջան,- ասում ա,- ինչ Վիետնամ տուրիստ գնաց-չգնաց էդ բեմուրազը, սկսել ա վրես ուրիշ աչքով նայել: կնոջն էլ համոզում ա թե տարբորություն չկա: Էլի ապրի էդ կնիկը, ամեն խոսքի վրա սկսում ա որձկալը: Էդ բեմուրազս էլ էն օրը խեղճ կնկան նենց ծեծեց, որ տարան հիվանդանոց: Այ ըտեղ ես գույնս գցեցի ու դուրս թռա փողոց: Ախր մեն-մենակ էինք մնացել, Զուզի ջան, ես ու էդ տուրստ չեղածը, մեկ էլ տեսար դանակը քաշեր ու.... մեղա քեզ տեր աստված պերեդաչի սարքեր խեղճ կհկա համար:
Բա, տենց բաներ Շարիկ ջան: էն բաստուրմա Սաքոյի հիշո՞մ ես: էն որ մեզ անընդհատ քսի էր տալիս իրար վրա.... Իրա շանն էլ պիտի որ հիշես, Բուլդոգին: Տերը նենց ա ջարդել խեղճի քիթ մռութը, ոնց որ նոր, անհայտ ցեղատեսակի շուն ըլնի: Վայ թե ներքին օրգաններին էլ ա ձեռ տվել էդ խուժանը, խեղճը անընդհատ բողոքում ա: Ու ոնցոր խելքն էլ մի քիչ թռցրել ա. Սկսել ա երգեր գրել մարդկության ու մարդկայնության մասին: Վերջը մի կերպ հասկացանք որ ծեծվելու պատճառն էն ա էղել, որ գիշերը էդ ստորի 07-ն են տարել: Գողացել են, թե ինչ, խաբար չենք: դես, դեն ընկանք, ասինք գուցե գտնենք էդ գազանի մեքենան, մեր ախպերը շատ ճտանջվի: Դիսպետչերանոցի մոտի շներն ասին կարող ա շարժումն ա տարել:
- Ի՞նչ շարժում,- չհասկացանք մենք:
- Ո՞վ ա հասկանում, այ ախպեր,- ասին էլ ազգային կա, էլ համազգային հլա վայթե ապազգային.....
-վախ, վախ,- լաց էղավ Բուլդոգը,- որ էդքան շատ են, վայ թե քանդել մաս-մաս են արել իրար մեջ:
Սկսեցինք էդ խեղճ հայվանին հույս տալ, թե այ տղա, կարող ա հլը իրար հետ լեզու չեն գտել, կարող ա էդ շարժումների մեջ էլ շուն-մուն ըլնի, խղճան, հետ տան:
Իրոք էլ, լուրն առանք, որ մեր դիմացի երկրորդ մուտքի Արտակի տուզիկը էդ շարժումներին համակրում ա: վեր կացանք գնացինք դրա մոտ, որ մի բան իմանանք:
- էդ հաստատ իշխանություններն են,- ասում ա,- կամ էլ օլիգարխները, դիզելու մարմաջը դրանց մոտ էնքան ա մեծացել, որ արդեն աչքները տնգում են խեղճ մարդկանց 07-երին: տեսնո՞ւմ եք, այ էս ամեն ինչ համար ա, որ 2 տարի ա պայքարում ենք......
Թողնում, գնում ենք գլխիկոր: Էէէէ՜ Շարիկ ջան համարյա թափառական ենք դառել: էստեղ-էնտեղ հավի պես քուջուջ ենք անում, բայց մեջն ի՞նչ..... Մի կտոր հաց տվող էլ չկա..... Մի խոսքով էս երկրի մարդիկ մեզ մոռացել են: Մենք էլ իրանց: Ոչ բարև կա, ոչ բարլուս....
Նամակդ տղերքին էլ կարդացի: Բոլորով հուզվեցինք ու սաղ գիշեր ոռնացինք: Ու մեկը չեղավ, որ դուրս գար իմանար, թե ի՞նչ հաշիվ ա: Բոլորը կամ նստած հայլուր են նայում, կամ էլ կպած թերթ են կարդում: Ինչ-որ բանի են սպասում սաղ, բայց թե ինչի, հլա որ գլխի չենք:
Կամ երևի արդեն չեն էլ ասում: Մեզ նման:
Գրի, Շարիկ ջան, թե կենդանի մնացինք կկարդանք, թե չէ, ինչ ասեմ, երևի ափսոս....
Մի խումբ շների անունից` քո քույր Զուզի
Հ.Գ. Էն պրոֆեսորի կատվին էլ էդտեղ աշխատի տիրություն անես, ճիշտ ա լիրբ ա, լկստված, բայց դե մեղք ա, էն էլ մեր պես ոչ-ոք չունի.... է, է, է՜......
Էն օրը ընտրությունների քարոզարշավ էր, թեկնածուն էր կանգնած, մեկ էլ իրա երկու թիմակիցները: Էդ պահին զանգերը ջնգլտացնելով փողոց մտավ զիբիլի ավտոն:
- Ըհը,- ասավ էդ սրտամեռ թեկնածուն,- հեսա ժողովուրդը կհավաքվի,- ու իրան քցեց թափքի մեջ:
Իրոք որ շենքներից սկսեցին մեծ ու փոքր վազել աղբը ձեռքներին: Էս թեկնածուն էլ.... թեկնածու դու թեկնածու, մի կողմից վերցնում մարդկանց վեդրոններն էր դատարկում, մյուս կողմից ոգևորված բարձր-բարձր Ճառ էր ասում: Իսկ հետի էրկու մարդիկ արագ-արագ սրա նկարներն էին կպցնում զիբիլի ավտոյի վրա, ու գոռում "Ժողովուրդ ձեր ձայնը տվեք էս մարդուն, էս մարդը ձեր ապագան ա..."
Էդպես էս մեքենան դանդաղ գնում էր` ապագան վրան, մենք ու ժողովուրդն էլ հետևից: Մեկ էլ մի կրակ պառավ, այ գետինը մտնի դա, հա իրա տարիքովը, ասաց.
- Եղբայր, էդ քաղցր խոսալու տեղը կարա՞ս էս անտեր շներին վերացրա մեր թաղից.....
էս խոսքի վրա էն երկու բոյով սրտամեռները քարով ու փետով` չեչեն գրոհայինների պես հարձակվեցին մեր վրա: Հո չեն լարում: Մենք սարսափած փախչում ենք, էդ գազաններն էլ մեր հետևից: Անասուն ժողովուրդն էլ կանգնած հռհռում ա: Մի կերպ փախանք կորանք: Հլա չգիտենք, էդ կատաղածը ընտրվե՞ց, թե՞ չէ: թե ընտրվել ա, վայթե հելնենք սարերը......
Էջանիշներ