Այսօր ստեղծագործել եմ սառնարանում եղած-չեղած բանջարեղենով, ահագին էլ համով բան ա ստացվել, ձեզ էլ պատմեմ.
Ուրեմն (չնայած չափերը պարտադիր չեն, աչքաչափով, ինչից ինչքան ուզում եք՝ խառնեք, մեկ ա համով կլինի).
* կես գլուխ ծաղկակաղամբ
* 2 գազար
* 2 հատ դդմիկ
* 2 հատ կանաչ բիբար
* 3 ձու
* կանաչի (մաղադանոս ու սամիթ եմ կար, դրանցից եմ գցել)
* մի փոքր կտոր պանիր
* ձեթ
* աղ
* աղացած սև պղպեղ
Ծաղկակաղամբը մանր կտորների բաժանեցի, գազարը կտրտեցի կլոր-կլոր, լցրեցի թավայի մեջ: Շատ քիչ ջուր ավելացրի, փակեցի կափարիչն ու դրեցի կրակին՝ շոգեխաշվելու: Այդ ընթացքում դդմիկները կտրտեցի խորանարդիկներով, բիբարը շերտերով կտրտեցի ու ավելացրի թավայի մեջ: Շոգեխաշվելու ընթացքում երբեմն-երբեմն աղ ու սև պղպեղ էի ավելացնում ու խառնում:
Ձվերը կոտրեցի, կանաչին ու պանիրը կտրտեցի (հնարավորինս մանր), խառնեցի ձվին ու գդալով հարեցի, որ համասեռ դառնա: Մ՜ի քիչ էլ աղ, սև պղպեղ ավելացրի:
Շոգեխաշած բանջարեղենի ավելորդ ջուրը թափեցի*, նորից դրեցի կրակին: Ավելացրի մի քիչ ձեթ, հետո վրան լցրեցի պատրաստած ձվով զանգվածն ու լավ խառնեցի: Մի քիչ էլ ձուն եփվեց ու վերջ, համով ուտելիքը պատրաստ ա: ^_^
* Ցանկալի է, որ այնքան ջուր լցնեք, որ թափելու բան չլինի վերջում: Իմ դեպքում սկզբում շատ քիչ էի լցրել, հետո ստիպված էի ավելացնել ու սխալ հաշվարկեցի, մի քիչ ավելացավ: Թափելն էլ, ի դեպ, պայմանականորեն եմ ասում. իրականում, եթե աղը շատ չեք արել, շա՜տ համով (ենթադրում եմ՝ նաև օգտակար) ա լինում, կարելի ա խմել:
Էջանիշներ