«Մարդասպանի հիգիենայից» հետո ուղղակի չէի կարող Ամելի Նոթոմբ ընթերցելու հաճույքից հրաժարվել, հատկապես երբ չորս կողմից խորհուրդ էին տալիս նրա մյուս գրքերն էլ կարդալ:
Մի խոսքով, առաջինը «Վախ և դողը» ձեռքս ընկավ, ու չփոշմանեցի: Էլի սպանիչ գործ էր: Տեղ-տեղ հումորով, տեղ-տեղ՝ կծող ու սուր: Ծիծաղելով ինքն իր վրա իրականում ծաղրում էր ճապոնացիներին: Առանց ամաչելու, առանց ավելորդությունների, համարձակ:
Ընդհանրապես, սիրում եմ ինքնակենսագրական վեպեր, ու ինչքան ճշմարտության տոկոսը շատ է, էնքան ավելի է դուրս գալիս: Էստեղ, կարծում եմ, էդ թիվը 90-ից բարձր էր, դրա համար էլ ավելի ազդեցիկ էր՝ սկսած այն բանից, որ Ամելին անկախ ամեն ինչից վերաբերմունքը չէր փոխում շեֆուհու հանդեպ, վերջացրած համարձակ ինքնաստորացմամբ: Ես չէի դիմանա:
Գրքում ամենաշատն ինձ դուր եկավ այն մասը, երբ Ամելին գիշերը մնաց գրասենյակում, տկլոր նստեց շեֆուհու կոմպի վրա, հետո էլ աղբով ծածկված քնեց գետնին: Ու հավես էր, երբ նկարագրում էր, թե ինչպես է շեֆուհին տպում այն ստեղնաշարի վրա, որտեղ անցյալ գիշեր նրա ոտքերն են եղել: Չասեք՝ այլասերված մտքեր ունեմ: Ուղղակի էդ մասն իրոք արտասովոր էր:
Ինձ գերեց նաև ճապոնական նիստուկացի նկարագրությունը: Մի տեսակ համ լրիվ ուրիշ աշխարհ էր, համ էլ լիքը ծանոթ բաներ կային: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. ամենաբարձր կանգնած շեֆերը միշտ լավն են լինում, իսկ նրան ենթակա շեֆիկները՝ ահավոր: Ամելին «Վախ և դողում» գլխավոր շեֆին ներկայացրել էր որպես Աստված, իսկ փոխտնօրենին՝ սատանա: Ու դա միայն Ճապոնիայում չէ: Հայաստանում գոնե շատ եմ նկատել նման բաներ:
Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի գա վաղը, որ գրադարանից Ամելի Նոթոմբի մեկ այլ գիրք վերցնեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Մտածում եմ՝ «Խողովակների մետաֆիզիկան»:
Էջանիշներ