Չգիտեմ՝ ձեզ մոտ էլ ա տենց, թե չէ, որ ինչքան մեծանաք՝ էնքան ձեր ծնողներով ավելի հպարտանաք: Իմ ծնողներս բարձրագույն կրթություն չունեն, հայրս պատմություն ա սիրել, բայց քանի որ գրագետ գրել չի կարողացել, հայոց լեզվի ընդունելության քննությունը կտրվել ա ու դարձել ընտիր արհեստավոր: Հիմա լիներ, ենթադրաբար մոտը դիսլեքսիա կհայտնաբերեին, հատուկ մոտեցում կցուցաբերեին լեզու սովորեցնելիս, խնդիր չէր առաջանա:
Երբ փոքր էի, մտնեիր մեր տունը՝ ամենքը մի անկյունում կարդում էր՝ ես երևի իմ հեքիաթը, հերս երևի բոլոր թերթերը ստանում էր, մաման՝ գեղարվեստական: Հայոց պատմությանը առնչվող մեծ գրադարան ունի պապան, Հայաստանի բոլոր ժամանակների քարտեզները, էն որ հիմա գուգլ-մափսով են քարտեզը ճշտում, հորս հետ կապվեն, ավելի ճշգրիտ քարտեզներ կտրամադրի:
Երբեք մեզ՝ ինձ, ախպորս, չի խրատել՝ սենց արեք, սենց մի առակ պատմեմ, ականջիդ օղ արեք: Ծնողներ կան չէ՞, մանավանդ հայրեր՝ արու զավակներին կանգնացնում են կողքները ճաշի ժամին, իրանք արաղի բաժակը ձեռքներին ճառ ասում, խրատ կարդում, էրեխեքն էլ ականջները կախ լսում: Իմ հերս ասում ա՝ ծնողը օրինակով ա դաստիարակում։ Մարդկայնության էնքան օրինակներ կարող եմ հիշել, որ իրեն տեսել ու սովորել եմ, որ էս գրառմանս մեջ տեղ չի անի:
Երբեք մեզ համար անվերապահ հեղինակություն չի եղել, փոքրուց ազատ հակաճառել ենք, բանավիճել, շատ բաներում չենք համաձայնել, ինքն էլ հետներս վիճել ա հավասարի պես, ոչ թե թելադրել, դասախոսել: Էնքան շատ եմ ես դա գնահատում: Մենք երբեք չենք վախեցել, թե վայ պապան չտեսնի։ Ծխել ենք՝ մոտը ծխել ենք, հայ տղաների մոտ հաճախ ընդունված չի սա:
Մեկ-մեկ տարիքով բարեկամներ կան, իբր նկատողություն անեն մեծավարի և այլն, մենք էլ ջահելավարի չհակաճառենք, իրանք էլ մտածեն՝ նահապետավարի մեծ հարգանք են վայելում, իրանց խոսքը խոսք ա: Հերս ծանրակշիռ՝ երբեք թույլ չի տա իրան մի ջահելի ասի՝ տղա, աղջիկ, աչքիդ վերևը ունք կա, նույնիսկ ինձ ու ախպորս չի ասում։
Իր հասակակից ազգականները իբր հանդիմանորեն ասում են՝ միշտ դեմ ա եղել հեղափոխությանը, ցանկացած հեղափոխության, ես էլ մտածում էի՝ դե պահպանողական մարդ ա: Ուրեմն իմ հերս պատմության մասին էնքան գիրք ա կարդացել, բարձրագույն կրթություն չի ստացել, որ իր գիտելիքն ու վերլուծածը էսսեի, կուրսայինի ու դիպլոմայինի ձևակերպի, բայց երկու հաազար տասնութի հեղափոխության ժամանակ ասում էր՝ սրանք գալիս են Արցախը հանձնեն: Վերլուծաբանները տարբեր կերպ կարող են բացատրեն, թե ոնց եղավ, որ էսպես եղավ, հատուկ չհանձնեցին, ուղղակի տգետ էին գուցե, բայց փաստացի մարդը ճիշտ էր:
Իմ գիտական թեզում ես ցույց եմ տալիս, թե ինչպես են ավագ սերնդի եգիպտացի դրամատուրգները հեղափոխությանը հակադրվում, երբ իրենց ողջ նախկին դրամատուրգիան իր բնույթով հակահեղափոխական էր: Էնտեղ էլ կա երիտասարդների մոտ էդ մոտեցումը, որ ով մեզ հետ չի, մեզ դեմ ա: Ասենք՝ ֆեյսբուքում մի քանի տարի սևացման մեծ արշավ էր իմ ուսումնասիրած դրամտուրգներից մեկի դեմ, ինչ ա, թե թատերական փառատոնում դեմ էր քվեարկել երիտասարդ ու համարձակ դրամատուրգի գործերից մեկին մրցանակ տալուն՝ որպես լավագույն պիես՝ ասելով, թե թույլ պիես ա: Ինչ ասես չասին մարդուն՝ էլ համակարգին ծառայող, էլ կոռումպացված մտավորական: Ես հետևում եմ՝ երիտասարդ ու համարձակ մտավորականը շատ արագ դարձավ համակարգի մաս՝ մուտք գործելով լավագույն բեմեր։ Շատ էլ ճիշտ արեց, իր ասելիքը ավելի շատ մարդու կհասցնի, բայց մեղադրանքները ուղղված էին մի մարդու դեմ, ով իր ակտիվիստության համար նույն տարիքում ա բանտ ա նստել, ում պիեսները բովանդակության համար ոչ միայն մերժվել են, դրանով ոչ մեկի չես զարմացնի, այլև էքստրեմիստների կողմից հարձակումների են ենթարկվել, ում կյանքին մշտապես սպառնալիքներ են ուղղվել, ում հիսուն տարի առաջ գրած գործը էսօրվա իրականության լավագույն քննադատություն ա, նույնը քառասուն տարի առաջ գրածը, երեսուն, քսան, տասը, նոր բան պարտադիր էլ չի գրի:
Լիքը բանավեճեր եմ ունեցել, թե չես քննադատում իրան, ինքը տես՝ հեղափոխությունը ոնց ա ներկայացնում: Ասում եմ՝ ես իր կոշիկների մեջ չեմ, էդ մարդը կյանք ա ապրել ու էդպես ա տեսնում հեղափոխությունը: Իմ գործը հասկանալ ու բացատրելն ա, թե ինչու, քննադատողների պակաս ինքը չունի:
Չգիտեմ՝ էս ոնց մեր մեջ մտավ էս աստիճան մերժողականությունը, տենց մի նշանավոր մարդ չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց մի կուսակցություն չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց մտավորական չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց ակտիվիստ չեմ հիշում, որ սևացված չլինի: Բանսարկության համընդհանուր մի էնպիսի մթնոլորտ ա ստեղծվել, որ որ կողմը նայես, միայն հուսալքվես:
Չհամաձայնենք, վիճենք, հակաճառենք, բացարձակ հեղինակություններ չկան, բայց հողին չհավասարեցնենք մեր անցյալը, մեր մշակույթը, մեր մտավորականներին, մեր պետական համակարգը, մեր կրթական համակարգը, հանրակրթությունը, մեր պապերին, մեծ ծնողներին, մեր երկիրը, Սփյուռքը, մեր Արցախը, մեկս մյուսին։
Էջանիշներ