Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ: Շատ խոտ կլիներ, խոտերի միջով գետը կգնար, սպիտակ թիթեռը խոտերի վրայով դեսուդեն կքշվեր... տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես: Ինչո՞ւ է պտտվում բազեն: Ինչո՞ւ են կանգնած ծառերը: Կանգնած են ու միայն կանգնած են: Պտտվեց-պտտվեց ու, ասենք թե, ընկավ ու մի լոր խփեց, հետո՞: Հետո դարձյալ պտտվում է: Երբ պտտվում է՝ գեղեցիկ ու տխուր է, չգիտես ինչ իմաստ, բայց գեղեցիկ ու տխուր մի իմաստ է լինում: Ինչպե՞ս է առաջացել երկիրը, ո՞ւր են գնում գետերը, ի՞նչ է մտածում ձին՝ երբ չի արածում և չի շարժվում, այլ ժամերով կանգնած մտածում է, ո՞ր ծովից ինչ անտառների վրայով են գալիս ամպերը, ինչո՞ւ երեկոները լինում են այդպես տխուր, մտածկոտ ու ծանր, իսկ առավոտները՝ այդպես մաքուր ու հիմար, ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը:
Հրանտ Մաթևոսյան «Սկիզբը»
Էջանիշներ