Երևանից գալիս էի, տաքսիստ Օնիկը չթողեց երթուղային նստեմ, բայց ինքն էլ ուրիշ ուղևոր չուներ, պետք է մի քիչ սպասեի, ու քանի որ կինոռոսիայից մոտ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որոշեցի, որ գնամ, մոմ վառեմ, մինչև Օնիկը էլի մի քանի իմ նման միամիտների կպցնի: Դեպի եկեղեցի տանող աստիճանների ամենասկզբում մի չքավոր աղջիկ մոտեցավ ինձ՝ տեսքից մի քառասուն տարեկան, բայց ներքին մի զգացողություն ինձ ենթադրել տվեց, որ շատ ավելի երիտասարդ է: Օրացույցներ էր վաճառում Հիսուս Քրիստոսի նկարով: Ասաց, որ օրհնված են և հաջողություն են բերում, հատը՝ երկու հարյուր դրամ: Մոտս տասհազարանոց էր, ասաց կմանրի, ասացի՝ լավ, մեկ է՝ մոմ եմ առնելու, իջնելուց կգնեմ:
-Բայց անպայման կգնես, չէ՞:
-Դե, եթե խոստանում ես, որ հաջողություն են բերում…
-Հաստատ բերում են:
Գնացի մոմս վառեցի, դուրս եկա և ներքևի ճանապարհով ուղղվեցի դեպի կինոռոսիա տանող գետնանցումը, արդեն մտնում էի անցում, երբ հիշեցի աղջկա մասին, հետ դարձա, ժպտալով ինձ ընդառաջ եկավ: Գումարը տվեցի, օրացույցը դրեցի ծոցագրպանս՝ սրտիս մոտ:
-Բայց հաստատ հաջողություն են բերում, չէ՞,- կատակեցի ես:
-Հաստատ, այ կտեսնես…- շատ լուրջ ասաց աղջիկը:
-Դե, տես, հա:
Ինձնից շատ գոհ վերադարձա Վանաձոր:
Հաջորդ շաբաթ ես ազատ գրաֆիկով աշխատանքի անցա որպես թարգմանիչ, իր միջնորդությամբ Վանաձորում մի շատ հետաքրքիր տեղ ինձ աշխատանքի վերցրին, չնայած առայժմ փորձաշրջան եմ անցնում, բայց այնքան հաճելի աշխատանք է, լիքը սիրուն աղջիկներ… Ընդունվեցի ասպիրանտուրա՝ որպես հայցորդ, ծանոթացա մի շատ սիրուն դերասանուհու՝ Նազելի Հովհաննիսյանի հետ, ինքը միգուցե ինձ էլ չի էլ հիշում, բայց ինձ շատ հաճելի էր. ի միջի այլոց իրականում ինքը շատ ավելի նուրբ է, ավելի երիտասարդ է երևում, քան եթերից, և իրոք շատ սիրուն է… Որոշել էի հաջորդ Երևան գնալուց այդ աղջկան տեսնեմ և շնորհակալություն հայտնեմ, բայց այս մի քանի փոքր հաջողությունները արդեն գլուխս պտտեցրել էին, և Երևանում լրիվ մոռացա այդ մասին: Ոչինչ հաջորդ անգամ անպայման կգտնեմ նրան և շնորհակալություն կհայտնեմ, որ այդքան ազնիվ էր, ու ներողություն կխնդրեմ, որ ես չէի հավատում:
Հ. Գ. Ես սնահավատ չեմ, ազնվությամբ:
Էջանիշներ