...Ասում էին, որ «Տաու-4» մոլորակի վրա կարելի էր գտնել աշխարհի բոլոր վայելքները: Ասում էին, որ եթե, այնուամենայնիվ, այս անհասկանալի Տիեզերքում ինչ-որ տեղ Դրախտը կա, ապա դա կարող է լինել միայն «Տաու-4»-ը: Ասում էին, որ մոլորակի վրա մարդիկ հասնում էին երանության գերագույն աստիճանին: «Տաու-4» այցելած սակավաթիվ երջանիկները պատմում էին ամենազարմանալի զգացողությունների, աննկարագրելի հաճույքների, աներևակայելի զգացողությունների մասին: Եվ շուտով գալու էր հաճույքների մոլորակում լինելու իր հերթը: Մարդկանց այնտեղ ուղարկում էին խստագույն ժամանակակարգով, միայն ու միայն լավագույններից լավագույններին՝ որպես խրախուսանք երկար տարիների անթերի աշխատանքի համար, միայն մեկ օրով և միայն մեկ անգամ: Տիեզերանավ բարձանալիս զգում էր, թե կրծքի մեջ ինչպես է թպրտում սիրտը: Քանի՜ տասնամյակ էր տքնաջան աշխատել, ինչքա՜ն ժամանակ չէր ունեցել արձակուրդ, ինչքա՜ն էր հոգնել, նյարդայնացել, լարվել: Աննկատ չմնաց, փաստորեն. իրեն էլ արժանացրեցին «Տաու-4» այցելելու պատվին: Ի՞նչ է լինելու մոլորակի վրա: Վերադարձողներից և ոչ մեկը չէր կարողանում հստակ բացատրել, թե ինչ է տեսել ու ապրել այնտեղ: Կցկտուր պատմում էին էկզոտիկ սաֆարիի մասին, հրաշք պալատներն ու ճոխ սեղաններն էին հիշում, մի անգամ մեկը նույնիսկ ակնարկել էր իրեն սպասող շքեղագույն կանանց մասին: Սակայն հիմնականում բոլորը հրաժարվում էին այդ մասին խոսելուց: Խոսքը փոխում էին, երկիմաստ ժպտում էին ու լռում: Հիմա ինքն էլ էր անհանգիստ: Չէր համբերում տեսնել դրախտ-մոլորակը, ճաշակել դրա վայելքները:Ժամանակին՝ շատ վաղուց, մի փոքրիկ պատմվածք եմ կարդացել, հիմա ո՛չ վերնագիրն եմ հիշում, ո՛չ հեղինակին, ո՛չ էլ որևէ ուրիշ մանրամասնություն. միայն սյուժեն է մեջս տպավորվել, այն էլ՝ չափազանց աղոտ գծերով: Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք հեղինակի անունն ու վերնագիրը: Իսկ մինչ այդ...
Տիեզերանավը փափուկ վայրէջք կատարեց: Նա մոտեցավ ելքի դռանը, դուրս եկավ: Կանաչ, անծայրածիր դաշտի կենտրոնում էր: Մի քանի քայլ առաջ գնաց. տիեզերանավն անաղմուկ պոկվեց գետնից ու շուտով անհետացավ կապույտ երկնքում: Նա զարմացած չորս կողմը նայեց. մի՞թե այս դաշտն է վայելքների դրախտը: Խոտը թաց էր. կարծես թե նոր էր անձրև եկել: Նա լիաթոք շնչեց անձրևի բույրով հագեցած օդը, կռացավ, ձեռքը տարավ խոտերի վրայով, մատների վրա զգաց կաթիլների սառնությունը: Ապա հանեց կոշիկներն ու սկսեց բոբիկ ոտքերով քայլել փափուկ խոտի վրայով: Երկար քայլեց. արևն արդեն մայր էր մտնում՝ յասամանագույն ներկելով երկինքն ու ամպերը, երբ հեռվում ինչ-որ կառույց երևաց: Շուտով հասկացավ, որ փոքրիկ, փայտե միհարկանի տնակ էր: Ներսում լույս էր վառվում: Մարդը մտավ ներս ու տեսավ, որ կոկիկ, համեստ սենյակում է: Սենյակի խորքում՝ բուխարիի մեջ, մեղմ բոցկլտում էր կրակը՝ թույլ լուսավորելով ողջ տնակը: Մոտեցավ կրակի առջև դրված մեծ բազկաթոռին, նստեց, մեկնեց ոտքերը: Հենվեց բազկաթոռի փափուկ արմնկակալին, կողքի անշուք սեղանիկի վրայից վերցրեց կոնյակով լի բաժակը, կում արեց: Կրակը ճարճատում ու պարում էր: Պատուհանից երևում էր, թե ինչպես է արևի ափսեն անհետանում հորիզոնի հետևում: Շուտով լրիվ մթնեց: Նա ավելի հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, ձգվեց, փակեց աչքերն ու... քնեց՝ առանց երազների, խորը ու հանգիստ:
Երբ արթնացավ, արդեն ցերեկ էր: Դուրս եկավ տնակից, տեսավ, որ տիեզերանավն արդեն իրեն է սպասում, ու քայլերն ուղղեց դեպի մուտքի դուռը: Եվ երբ իր խցիկի պատուհանից նայում էր հեռացող «Տաու-4» մոլորակին, հասկացավ, թե ինչու այստեղից վերադարձածները դժկամությամբ էին խոսում այդ մեկ օրվա մասին: Չէ՞ որ Դրախտը թափանցում էր մարդու գիտակցության ամենախորքերը, երևան հանում նրա ամենախենթ ֆանտազիաները, արձագանքում նրա երևակայության երբևէ ստեղծած ամենահամարձակ պատկերներին, գտնում մարդու ամենաանկեղծ ցանկությունն ու իրականացնում այն:
Քնել եմ ուզում...
Էջանիշներ