45-րդ կանոն. հակիրճ գրիր:
Հեմինգուեյի առաջին խմբագիրը «Կանզաս Սիթի Սթար»-ից նրան հետևյալ ուղեցույցն էր տվել. «Կարճ նախադասություններ օգտագործիր: Առաջին պարբերությունները կարճ գրիր: Ուժեղ լեզվով շարադրիր: Գրիր հաստատականով, ոչ թե ժխտականով»: Հետագայում Հեմինգուեյը, խոսելով վերոնշյալ ցուցակի մասին, ասել է. «Դրանք լավագույն կանոններն էին, որ երբևէ սովորել եմ գրելու գործի վերաբերյալ»:
Հաստատականով գրելու և ուժեղ լեզվով շարադրելու մասին արդեն խոսվել է:
«Կարճ նախադասություններ» արտահայտությունն, ըստ երևույթին, պետք է հասկանալ հետևյալ կերպ. «Նախադասություններդ կարճացրու, այսինքն՝ հանիր ավելորդ բառերը»:
Ինչ վերաբերում է առաջին պարբերությունների կարճությանը, ապա դրա նախընտրելիությունը բացատրվում է նրանով, որ մեծ ազատ տարածքն ավելի հեշտ ու հաճելի է դարձնում ընթերցումը: Հիշեք այս հնարի կիրառումը լրագրերի սյունակներում. բազմաթիվ փոքրիկ պարբերություններ:
46-րդ կանոն. հստակ գրիր:
Հիշիր, որ ոչ թե տիեզերանավ ես կառուցում, այլ գիրք ես գրում: Արտահայտման բարդ ու մանրակրկիտ ձևերի փոխարեն ընտրիր պարզն ու հստակը: Այն համ ավելի հեշտ է, համ էլ ավելի լայն ընթերցողների շրջանակ կապահովի:
Ճիշտ է, որոշ գրողներ, ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Էննի Պրուլքսը և այլք, կարողացել են մեծ հաջողության հասնել բարդ գրելաոճով: Բայց, օրինակ, երբ Ժամանակակից Գրադարանի գիտակ-գնահատողները «Ուլիսը» ճանաչեցին որպես քսաներորդ դարի լավագույն վեպ, նրանց հարցրին՝ արդյոք իրականում կարդացել են վեպն ամբողջությամբ, և բոլորը խոստովանեցին, որ ոչ: Ինչու՞: Որովհետև չնայած վեպն ակնհայտորեն բացառիկ հանճարի դրսևորում է, բայց այնքան դժվարությամբ է կարդացվում, որ մարդկանց մեծ մասն այն ուղղակի կիսատ է թողնում ձանձրույթից կամ ուժասպառությունից: «Ընթերցողի ուղեցույցը» ձեզ կբացատրի, որ «Ուլիսը» հրաշալի պատմություն է, բայց այն այնքան է ծանրաբեռնված պաճուճազարդ, ոլոր-մոլոր արտահայտություններով, որ հասկացվելու համար պեղումների է պետք ենթարկել:
Երբ գրելաոճը խանգարում է պատմությանը, արդեն իր նպատակին չի ծառայում: Փոխանակ տեսնելու ստեղծագործությունը, տեսնում ես, թե ինչի մասին է գրված:
48-րդ կանոն. փոփոխիր նախադասությունների տեսակներն ու կառուցվածքները:
Պատմողական ու հարցական նախադասություններ: Պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական, բարդ համաստորադասական նախադասություններ: Անենթակա նախադասություններ: Նկարագրություն, բացատրություն, երկխոսություն... Բավական մեծ ընտրություն կա:
Բառերը բաղադրամասերն են: Թե ինչպես կչափես ու կհամադրես դրանք՝ նույնքան կարևոր է, որքան բառերն իրենք:
Սովորաբար խոսքի բնական ռիթմերն ինքնին կարգավորում են բազմազանության հարցը: Բայց տող առ տող խմբագրելու ու բարձրաձայն կարդալու դեպքում հնարավոր է, որ կրկնվող կառույցներ գտնես կամ նույն երկարության նախադասություններ: Այս ամենը կարող է բթացնել գրվածքի ազդեցությունը:
Ընթերցողը հոգնում է կրկնություններից: Մեծ մասամբ նա զուտ ենթագիտակցաբար
կնկատի գրական սայթաքումները, բայց դու պետք է կարողանաս կանխատեսել, թե ինչը կարող է հոգնեցնել ընթերցողիդ, և համապատասխան շտկումներ անես:
Շարունակելի
Էջանիշներ