20–րդ կանոն. առաջին սևագիրդ դիտարկիր որպես շարադրության քննություն։
Առաջին սևագիրդ անելիս պատկերացրու, որ շարադրության քննություն ես հանձնում։ Շարադրությունդ ավարտելու համար ընդամենը մեկ ժամ ունես։ Գնահատականդ էլ կախված է դրանից։ Բայց, ի տարբերություն դպրոցի, տվյալ դեպքում ավարտելուց հետո գրածդ հղկելու առավելությունն ունես։ Բայց, մեկ է, պիտի ավարտես այն, հիմա՛. զանգը շուտով կհնչի։
21–րդ կանոն. անտեսիր առաջին սևագրիդ երկարությունը։
Գրվածքը կենդանի օրգանիզմ է։ Այն աճում է մինչև հասունություն և կանգ առնում ինքնիրեն։ Այնպես որ առաջին սևագիրդ անելիս ըմբոշխնիր դրա հրապուրիչ նրբերանգները, ազատությունն ու անսահման հնարավորությունը։ Ազատություն տուր քեզ. գրիր այնքան, որքան ուզում ես։ Բայցևայնպես, հետագա «խուզումն» անհրաժեշտություն է։ Ծառերն ավելի շատ բերք են տալիս, երբ դրանց չորացած ճյուղերը կտրատում են։ Ալեքսանդր Պոպն իր «Էսսե քննադատության մասին» պոեմում մոտավորապես նույն դիտարկումն է արել. «Բառերը նման են տերևների. այնտեղ, որտեղ դրանք առատ են, մեծ իմաստային պտուղ հազվադեպ կգտնես»։
Իհարկե, կտրել–թափել ստեղծածդ, որը սերմից աճեցրել, սնուցել ես, այսպես ասած, դաժան բան է։ Բնական է, որ կդողաս ամեն մի կտորի վրա, քանի որ ամեն կտորն էլ քեզ համար իր արժեքն ունի։ Բայց պետք է սովորես խիստ լինել ինքդ քո նկատմամբ։ Ընթերցողները հիմնականում ակնկալում են, որ գրողը չափավոր, խնայող ու ուղիղ լինի։
Խմբագիրներն էլ են ընթերցողներ, պրոֆեսիոնալ ընթերցողներ են և ընթերցող հասարակության պաշտպանները։ Նախապես հաշվի առ նրանց նկատառումները ստեղծագործության ծավալի ու տպագրության գների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, որքան կարճ լինի ձեռագիրը, այնքան մեծ է դրա տպագրման հավանականությունը։
22–րդ կանոն. մեխանիկորեն գրելն օգտագործիր որպես ուսուցման մաս։
Կարող է տարօրինակ հնչել, բայց սա հոյակապ դաս է։ Արտագրիր քո սիրած գրքի առաջին հազար բառերը՝ բառ առ բառ։ Գրիր ամբողջությամբ՝ առանց կրճատումների։ Այնուհետև մեքենագրիր այն։ Արտագրելիս մի շտապիր։ Աշխատիր պահպանել բնագրի կետադրությունը։
Այս վարժության նպատակը հեղինակի հետ նույն ոգեղեն հոսքի մեջ մտնելն է՝ կրկնելով այն ֆիզիկական շարժումները, որոնք նա օգտագործել է իր գլուխգործոցը ստեղծելիս։
Սա այնքան տարօրինակ զբաղմունք չի թվա, եթե գրելու մասին մտածես որպես երաժշտության։ Պարզապես ոչ թե սեփական սիմֆոնիան ես ստեղծում, այլ նվագում ես վարպետինը՝ յուրաքանչյուր նոտան նվագելով այնպես, ինչպես նա գրել է։
Գիտակցաբար դու չես հասկանա դրա իմաստը. այն կարող է ժամանակի անիմաստ կորուստ թվալ։ Բայց անելուց հետո բնազդաբար կզգաս դրա արժեքը։
Մեկ անգամ արտագրելը բավական է, եթե, իհարկե, չես ուզում շարունակել՝ գործընթացի ներդաշնակ հմայքով տարվելու պատճառով։ Փորձիր սա երբ որ ցանկություն ունենաս՝ օգտվելով տարբեր հեղինակներից ու ժանրերից։
Շատերն են ասում. «Ուզում եմ Ջոան Ռոուլինգի պես գրել»։ Նախ նրան գրիր՝ փոխանակ նրա նման գրելու։ Եվ կտեսնես, թե ինչ դռներ են բացվում այդ մոգական բանալիով։
Շարունակելի
Էջանիշներ