17–րդ կանոն. հերիք է այս գիրքը կարդաս։
Գրի՛ր։
18–րդ կանոն. դիմադրիր շեղումներին։
Երբեմն թվում է՝ տիեզերքը դավեր է նյութում քո դեմ՝ քեզ սրբազան կոչումիցդ շեղելու, հեռացնելու համար։ Դժվարությունը կարող է վանել, բայց թույլ մի՛ տուր։ Միայն այն, որ անելիքդ բարդ է, քեզնից մեծ էներգիա, կամք ու երևակայություն է պահանջում, դեռևս պատճառ չէ դադարելու համար։ Առավել հեշտ ու հաճելի բաները կգրավեն ուշադրությունդ, կգայթակղեն։ Ցանկացած այլ բան, որը թեկուզ մի փոքր հաճելի է, կարող է շեղել։ Նրանք, ովքեր գրող չեն, այնքան անհոգ են երևում։ Փորձիր նրանց նայել որպես ապուշների, գուցե դա օգնի։
Ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդիկ հաճախ են հավաքվում, գործից խոսում։ Գրողներն առանձնապես եռանդուն են իրենց նման ստեղծագործողների հետ խմբով հավաքվելու, սեմինարների, կոնֆերանսների հաճախելու հարցերում։ Այս ամենն, իհարկե, լավ է, բայց, ինչպես Սթիվեն Քինգն է ասում, «այն ժամերը, որոնք մենք ծախսում ենք գրելու մասին խոսելու վրա, իրականում խլում ենք գրելու ժամանակից»։
Այս գիրքը նրա համար է, որ ոգեշնչի քեզ գրելու, ոչ թե հետ պահի գրելուց։ Մի քանի րոպե կարդալուց հետո վերադարձիր ստեղնաշարիդ կամ թուղթ ու գրչիդ։
Մեր շուրջը լիքն են հիանալի գրողները, բայց նրանց ու տպագրված հեղինակների միջև տարբերությունը սովորաբար այն է, որ վերջիններս ավարտին են հասցնում սկսած գործը։
19–րդ կանոն. բազմաթիվ սևագրեր արա։
Սթիվեն Քինգն առաջին սևագիրն անվանում է «փակ դռնով» սևագիր, երկրորդը՝ «բաց դռնով», քանի որ առաջինը միայն քեզ համար է, իսկ երկրորդը՝ ուրիշներին ցույց տալու։
Այնուամենայնիվ, ցանկալի է առնվազն երեք սևագիր անել։ Գրող Ռոբերտ Սթոունն այս թիվը բացատրում է հետևյալ կերպ. առաջին փուլը գրում ես շատ արագ՝ առանց երկար–բարակ մտածելու գրի առնելով մտքիդ եկածը, երկրորդին ավելի լուրջ ես մոտենում՝ ճշգրտելով գրելաոճդ ու շարահյուսությունը՝ գրվածքին հնարավորինս մեծ գեղարվեստական ուժ հաղորդելու համար։ Իսկ երրորդ սևագիրն օգտագործում ես գրվածքիդ այնպիսի տեսք տալու համար, որ կարդալիս թվա, թե գրել ես միանգամից մտքիդ եկածը։
Սկսնակ գրողները կարիք կունենան երեքից ավել սևագրեր անելու։ Խորհուրդ է տրվում տասը։ Որքան երկար գրես, այնքան շուտ կստեղծես այնպիսի գրվածք, որն ինչ–որ մեկը կցանկանա կարդալ։
Շարունակելի
Էջանիշներ