Քանի որ ոչ բոլոր կանոններն եմ տեղադրելու, չզարմանաք, եթե տեղ–տեղ կանոնների համարակալումը հաջորդական չլինի։ Պարզապես չշփոթվելու համար կանոնների համարները գրում են այնպես, ինչպես գրքում են՝ առանց իմ կրճատումներին համապատասխանեցնելու։
.......................................................................................................
4-րդ կանոն. իսկական ոգեշնչումը ձեռք է բերվում գրելու միջոցով։
Եթե նախքան գրելը սպասում ես ոգեշնչմանն, եթե նստած սպասում ես, թե երբ պիտի մուսայի հանկարծակի փայլատակում ունենաս, ուրեմն հիմար ես, ու քեզնից գրող դուրս չի գա։
Գրի՛ր։ Գրելու հենց միայն ֆիզիկական գործընթացն արդեն ազատություն կտա երևակայությանդ։ Այս առումով գրելը պարելու նման է, երբ նրբագեղությունն առաջ է գալիս շարժումների հետ։
Գեղարվեստական գրականության մեջ մի ոճական միջոց կա՝ ենթագիտակցության հոսք։ Թող դա քո առաջին սևագրի ռազմավարությունը լինի։ Ինչ բառեր էլ որ մտքիդ գան, թող շարունակեն հոսել մատներիդ միջով։
Գոնե սկզբնական շրջանում գրելը հեշտ է։ Բառը բառի հետևից հոսում է... Ոգեշնչումը սովորաբար գալիս է նախադասության կեսից։ Մուսադ կերգի, բայց միայն որպես հոսող թանաքի ուղեկից։
6–րդ կանոն. ընտելացիր հուսահատությանը։
Եվ, իհարկե, շարունակիր գրել։ Շատ քննադատներ կփորձեն քեզ կոտրել։ Արվեստի բոլոր ճյուղերից գրելը գուցե ամենաբարդն է։ Այն կատարողական արվեստ չէ, հետևաբար չունես կենդանի լսարանի անմիջականությունը, որի միջոցով կարող ես իմանալ՝ որքանով է արածդ հաջողվում։ Ընդամենը սև հետքեր են սպիտակ թղթի վրա, ու դա նկարի կամ ճարտարապետության պես գեղատեսիլ չէ։ Բոլորն էլ կարծում են, որ կարող են գրել, այնպես որ գրելն առանձնապես մեծ հեղինակություն ունեցող գործ չէ։ Այն հաճախ բավական միայնակ աշխատանք է։ Բայց եթե համոզված ես, որ ուզում ես գրող լինել, ուրեմն գրկաբաց ընդունիր արարմանն ուղեկցող անխուսափելի հուսահատությանը։
7–րդ կանոն. սովորիր անհաջողություն կրել։
Կրակիր։ Գուցե վրիպես, բայց ձախողումն ավելի լավ ուսուցիչ է, քան հաջողությունը։ Կրակելն ինքնին ընկալիր որպես հաղթանակ։
Այն հին ասույթը՝ անհաջողությունը տարբերակ չէ, ոչ մի դեպքում չի վերաբերում արվեստին։ Հաջողության ճանապարհը միշտ էլ ձախողումների միջով է լինում։
8–րդ կանոն. Գրելու վարժություններ արա։
Դասընթացների հաճախիր (տվյալ դեպքում կարելի է ասել՝ ստեղծագործական մրցույթներին ու համատեղ պատմվածքներին մասնակցիր)։ Գրիր այն, ինչ հանձնարարում են, եթե դրա կարիքը կա։ Որոշ ժամանակ «պատվերով գրող» եղիր։ Դա լավ վարժանք է։ Նույնիսկ եթե գրելու վարժությունները քեզ համար սահմանափակ ու ձանձրալի են, միևնույն է, արա։ Պատկերացրու, որ այդ տեքստն օգտագործելու ես որպես քո ապագա գրքի մի մաս։ Պահիր բոլոր ձեռագրերդ։ Սթիվեն Քինգի «Սրտերն Ատլանտիդայում» գիրքը նոր տեքստի ու հեղինակի՝ քոլեջի տարիներին գրված հին նովելի համադրությունն է։ Նմանատիպ դեպքեր քիչ չեն եղել նաև այլ հեղինակների հետ, որոնք պահպանել են իրենց հին ձեռագրերը՝ հետագայում հաջողությամբ օգտագործելով իրենց տարբեր գրքերում։
Հետևիր սրտիդ պահանջներին։ Հեմինգուեյի «Գրիր այն, ինչ գիտես» լոզունգը քեզ զերծ կպահի միայն արտաքին խթանների վրա հույս դնելուց։
Դու կարող ես այն բացառիկ գրողներից լինել, որոնք ցուցումների կարիք բոլորովին չունեն։ Բայց պատրաստ եղիր այն առաջին երկու հարցին, որոնք քեզ կտա պրոֆեսիոնալ խմբագիրը, երբ ձեռագիրդ ձեռքիդ մոտենաս նրան. «Ի՞նչ է Ձեր գրքի վերնագիրը» (պատասխանը ցույց կտա ոճիդ յուրօրինակությունը), և. «Դուք որևէ պաշտոնական ուսուցում ստացե՞լ եք»։
Նույնիսկ միամիտ վերաբերմունքը կարող է օգնել։ Բազմաթիվ մարդիկ հրաշալի գործեր են գրել զուտ այն պատճառով, որ չեն իմացել, որ չեն կարող։
Շարունակելի
Էջանիշներ