User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն

    Հաշվի առնելով, որ Ակումբում ստեղծագործողները շատ են, մտածեցի, որ շատերի համար հետաքրքիր ու օգտակար կարող է լինել գրելու վերաբերյալ մի գրքից հատվածներ կարդալը։ Խոսքը Սթիվեն Թեյլոր Գոլդսբերիի «Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն» գրքի մասին է։

    Որոշեցի քիչ–քիչ թարգմանելով՝ թեմայում մաս–մաս տեղադրել իմ կարծիքով հետաքրքիր ու օգտակար հատվածները։ Ցանկացած ստեղծագործողի համար էլ բավական օգտակար ուղեցույց կարող է լինել։ Առաջին հայացքից թվում է, թե ստեղծագործելը միայն տաղանդի ու մուսայի հաջող համագործակցությունն է, բայց հեղինակը համոզում է, որ էնքան էլ էդպես չէ։ Ավելին՝ ցանկության դեպքում էդ երկուսին էլ կարելի է ենթարկել, ոչ թե ենթարկվել։ Ստեղծագործական գործընթացում մեծ դեր ունեն մի շարք այլ գործոններ, այդ թվում և բազմաթիվ կանոններ ու հմտություններ, որոնց կարելի է և արժե տիրապետել։ Գիրքը հենց այդ ամենի մասին է։ Կազմված է երեք բաժնից. «Մոտեցում», «Լեզու» և «Արհեստ»։ Սկիզբն ընդհանուր առմամբ տեսական է, բայց աստիճանաբար գործնական է դառնում։

    Գիրքը սկսվում է գրելուն տրամադրվելու վերաբերյալ խորհուրդներով, այնուհետև շոշափվում են գրելիս լեզվին, բառապաշարի ընտրությանը, նախադասությունների կառուցվածքին և այլ նրբություններին վերաբերող հարցեր։ Եվ այս ամենը կապ չունի գրողի անհատական ոճի հետ. ցուցումներն ընդհանուր են, և հեղինակը դրանցով ոճային սահմանափակումներ կամ կողմնորոշումներ չի առաջարկում կամ պարտադրում։


    Թեման փակ կլինի։ Հետո երևի առանձին թեմա կբացեմ քննարկման համար։ Էս պահին դեռ թող էսպես մնա։

    .................................................................................


    Սթիվեն Թեյլոր Գոլդսբերի
    Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն

    ՄՈՏԵՑՈՒՄ
    (1–ին բաժին)

    1-ին կանոն. նախքան կանոնները խախտելը սովորի՛ր դրանք։
    Լավ գրելու բացարձակ «կանոններ» չկան, կան միայն ընդհանուր ցուցումներ, որոնց արդյունավետությունը փորձված է։ Կանոնները խախտողներն իսկական ստեղծագործողներն են։ Համենայնդեպս, նախ և առաջ սովորիր ու տիրապետիր կանոններին։ Բոլոր կանոնների հիմքում ընկած է հետևյալը. եթե ստեղծագործողին չի հաջողվում հետևել կանոններին, ընթերցողը կորցնում է հետաքրքրությունն ու շեղվում։ Կանոններն արդյունավետության համար են։ Եթե ընթերցողը պիտի իրեն կոտորի՝ հասկանալու համար, թե ինչ նկատի ունես, իմացիր, որ նա դա անում է քո ստեղծագործության հետաքրքրության հաշվին։

    Հետևիր կանոններին հանուն հստակության։ Իսկ հետո, երբ արդեն փորձառու և արհեստավարժ լինես, խախտիր կանոններն այնքան հմտորեն, որ դա նկատելը գրեթե անհնար լինի։

    2–րդ կանոն. գրելն ավելի շուտ արհեստ է, քան արվեստ։
    Բոլորն էլ կարող են գրել սովորել, եթե իրենց համար կանոնակարգ սահմանեն ու բավականաչափ աշխատեն այդ ուղղությամբ։
    Գրելը սպորտի նման է. որքան շատ ես պարապում, այնքան ուժեղ ես դառնում։ Բայց, ի տարբերություն սպորտի, որում մարմինն ի վերջո տեղի է տալիս, միտքդ քեզ միշտ գրելու խաղի մեջ կպահի։
    Սովորիր արհեստը. գրի՛ր։ Ամե՛ն օր։


    3-րդ կանոն. Հավատա ինքդ քեզ, նույնիսկ եթե ուրիշ ոչ ոք չի հավատում։

    Մայքլ Քրայթոնը Հարվարդի համալսարան էր ընդունվել գրող դառնալու մտադրությամբ, բայց անգլերենի գրավորներից անընդհատ 3–ներ էր ստանում։ Այդ ժամանակ նա տասնութ տարեկան էր։ Հետագայում Քրայթոնը խոստովանել է. «Ես բավական մեծ կարծիքի էի իմ գրելու մասին, ու զգում էի, որ սխալվողը ոչ թե ես եմ, այլ Հարվարդը։ Եվ որոշեցի մի փորձ անել»։
    Նա առանց վախենալու դիմել էր գրագողության՝ վերցնելով Ջորջ Օրուելի էսսեներից մեկը և ներկայացնելով այն որպես իր սեփականը։ Բռնվելու դեպքում, անկասկած, հեռացվելու էր համալսարանից։ Բայց նա հաշվարկել էր, որ ցանկացած պրոֆեսոր, ով իրեն 3–ներ էր նշանակում, հավանաբար բավականաչափ գրականություն կարդացած չէր լինի գրագողությունը նկատելու համար։ Օրուելի գրվածքն արժանացել էր «4–»–ի։ Եվ դա համոզել էր Քրայթոնին, որ «Անգլերենի բաժինը չափազանց բարդ է»։ Եվ այդպես, նա տեղափոխվել էր այլ բաժին և հավանաբար մի քանի տարով հետ գցել իր ստեղծագործական կարիերայի սկիզբը։

    Եթե համարում ես, որ պետք է գրող դառնաս, եթե գրելու մեծ կիրք ունես, եթե գրքեր կարդալիս մտածում ես՝ ես էլ կարող եմ, եթե գիշերվա հազարին անքուն նստում ես, որովհետև թղթին հանձնելու մտքեր ունես, եթե գրածդ անընդհատ ջնջում ու նորից ես գրում, մինչև որ ճիշտ ձևակերպումը գտնես, եթե ասելիք ունես, որը կարող է ինչ–որ մեկի կյանքն ավելի լավը դարձնել, ուրեմն թույլ մի՛ տուր, որ որևէ փքված հեղինակություն քեզ հակառակում համոզի։

    Դու գրող ես։
    Ահռելի ժամանակ է պետք իսկապես լավ գրող դառնալու համար։ Բազմաթիվ անքուն գիշերներ, տարիների աշխատանք։ Ի վերջո, ի՞նչ է գրելը։ Արհեստ, ինչպես, օրինակ, շյուղագործությունը, փայտամշակումը։ Պարզապես այն ավելի շատ աշխատանք է պահանջում, ինչպես նաև ներքին վստահություն սեփական ուժերին։

    Ի դեպ, Մայքլ Քրայթոնը մինչև օրս ավելի շատ փող է վաստակել, քան երբևէ ցանկացած այլ հեղինակ։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.10.2015, 07:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.05.2010), Adam (18.08.2010), aragats (13.02.2011), ars83 (09.05.2010), Boboloz (11.10.2010), CactuSoul (15.09.2010), Chilly (06.05.2010), Chuk (06.05.2010), impression (11.05.2010), Ingrid (02.02.2013), Jarre (10.05.2010), Lion (11.05.2010), Yeghoyan (06.05.2010), Yellow Raven (11.05.2010), Արևածագ (06.05.2010), Դատարկություն (11.05.2010), Եկվոր (22.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (09.05.2010), Շինարար (06.05.2010), Վոլտերա (04.10.2013), Ֆոտոն (16.05.2010)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ոչ բոլոր կանոններն եմ տեղադրելու, չզարմանաք, եթե տեղ–տեղ կանոնների համարակալումը հաջորդական չլինի։ Պարզապես չշփոթվելու համար կանոնների համարները գրում են այնպես, ինչպես գրքում են՝ առանց իմ կրճատումներին համապատասխանեցնելու։
    .......................................................................................................

    4-րդ կանոն. իսկական ոգեշնչումը ձեռք է բերվում գրելու միջոցով։
    Եթե նախքան գրելը սպասում ես ոգեշնչմանն, եթե նստած սպասում ես, թե երբ պիտի մուսայի հանկարծակի փայլատակում ունենաս, ուրեմն հիմար ես, ու քեզնից գրող դուրս չի գա։

    Գրի՛ր։ Գրելու հենց միայն ֆիզիկական գործընթացն արդեն ազատություն կտա երևակայությանդ։ Այս առումով գրելը պարելու նման է, երբ նրբագեղությունն առաջ է գալիս շարժումների հետ։

    Գեղարվեստական գրականության մեջ մի ոճական միջոց կա՝ ենթագիտակցության հոսք։ Թող դա քո առաջին սևագրի ռազմավարությունը լինի։ Ինչ բառեր էլ որ մտքիդ գան, թող շարունակեն հոսել մատներիդ միջով։

    Գոնե սկզբնական շրջանում գրելը հեշտ է։ Բառը բառի հետևից հոսում է... Ոգեշնչումը սովորաբար գալիս է նախադասության կեսից։ Մուսադ կերգի, բայց միայն որպես հոսող թանաքի ուղեկից։


    6–րդ կանոն. ընտելացիր հուսահատությանը։
    Եվ, իհարկե, շարունակիր գրել։ Շատ քննադատներ կփորձեն քեզ կոտրել։ Արվեստի բոլոր ճյուղերից գրելը գուցե ամենաբարդն է։ Այն կատարողական արվեստ չէ, հետևաբար չունես կենդանի լսարանի անմիջականությունը, որի միջոցով կարող ես իմանալ՝ որքանով է արածդ հաջողվում։ Ընդամենը սև հետքեր են սպիտակ թղթի վրա, ու դա նկարի կամ ճարտարապետության պես գեղատեսիլ չէ։ Բոլորն էլ կարծում են, որ կարող են գրել, այնպես որ գրելն առանձնապես մեծ հեղինակություն ունեցող գործ չէ։ Այն հաճախ բավական միայնակ աշխատանք է։ Բայց եթե համոզված ես, որ ուզում ես գրող լինել, ուրեմն գրկաբաց ընդունիր արարմանն ուղեկցող անխուսափելի հուսահատությանը։


    7–րդ կանոն. սովորիր անհաջողություն կրել։
    Կրակիր։ Գուցե վրիպես, բայց ձախողումն ավելի լավ ուսուցիչ է, քան հաջողությունը։ Կրակելն ինքնին ընկալիր որպես հաղթանակ։
    Այն հին ասույթը՝ անհաջողությունը տարբերակ չէ, ոչ մի դեպքում չի վերաբերում արվեստին։ Հաջողության ճանապարհը միշտ էլ ձախողումների միջով է լինում։

    8–րդ կանոն. Գրելու վարժություններ արա։
    Դասընթացների հաճախիր (տվյալ դեպքում կարելի է ասել՝ ստեղծագործական մրցույթներին ու համատեղ պատմվածքներին մասնակցիր )։ Գրիր այն, ինչ հանձնարարում են, եթե դրա կարիքը կա։ Որոշ ժամանակ «պատվերով գրող» եղիր։ Դա լավ վարժանք է։ Նույնիսկ եթե գրելու վարժությունները քեզ համար սահմանափակ ու ձանձրալի են, միևնույն է, արա։ Պատկերացրու, որ այդ տեքստն օգտագործելու ես որպես քո ապագա գրքի մի մաս։ Պահիր բոլոր ձեռագրերդ։ Սթիվեն Քինգի «Սրտերն Ատլանտիդայում» գիրքը նոր տեքստի ու հեղինակի՝ քոլեջի տարիներին գրված հին նովելի համադրությունն է։ Նմանատիպ դեպքեր քիչ չեն եղել նաև այլ հեղինակների հետ, որոնք պահպանել են իրենց հին ձեռագրերը՝ հետագայում հաջողությամբ օգտագործելով իրենց տարբեր գրքերում։

    Հետևիր սրտիդ պահանջներին։ Հեմինգուեյի «Գրիր այն, ինչ գիտես» լոզունգը քեզ զերծ կպահի միայն արտաքին խթանների վրա հույս դնելուց։

    Դու կարող ես այն բացառիկ գրողներից լինել, որոնք ցուցումների կարիք բոլորովին չունեն։ Բայց պատրաստ եղիր այն առաջին երկու հարցին, որոնք քեզ կտա պրոֆեսիոնալ խմբագիրը, երբ ձեռագիրդ ձեռքիդ մոտենաս նրան. «Ի՞նչ է Ձեր գրքի վերնագիրը» (պատասխանը ցույց կտա ոճիդ յուրօրինակությունը), և. «Դուք որևէ պաշտոնական ուսուցում ստացե՞լ եք»։

    Նույնիսկ միամիտ վերաբերմունքը կարող է օգնել։ Բազմաթիվ մարդիկ հրաշալի գործեր են գրել զուտ այն պատճառով, որ չեն իմացել, որ չեն կարող։

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.08.2010), aragats (13.02.2011), CactuSoul (15.09.2010), impression (11.05.2010), Ingrid (02.02.2013), Jarre (16.05.2010), Lion (11.05.2010), Yellow Raven (11.05.2010), Արևածագ (07.05.2010), Դեկադա (07.05.2010), Եկվոր (22.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (09.05.2010), Շինարար (07.05.2010), Վոլտերա (04.10.2013)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11–րդ կանոն. աշխատիր ոգեշնչող միջավայրում։
    Շրջապատիր քեզ այն ամենով, ինչի կարիքն ունես լուրջ ստեղծագործական տրամադրության համար։ Մի՛ զրկիր քեզ դրանից։

    Դասական երաժշտություն լսիր, կարդա քո սիրած գրականությունը։ Որոշ գրողներ նախընտրում են ուշ գիշերվա կամ վաղ առավոտվա լռությունը, երբ բոլորը քնած են։ Մյուսների պայծառացումը գալիս է արևածագին։ Սթիվեն Քինգը պնդում է, որ ինքը գրում է առավոտյան՝ հարդ ռոք լսելով, և ասում է, որ գրելը տելեպատիա է, այսինքն՝ այն ինչ–որ աննյութեղեն ուղեղից ճառագվում է դեպի իր ուղեղը (թե ինչպես է դա տեղի ունենում Guns and Roses–ի միջոցով՝ միայն Քինգն ինքը գիտե)։ Շատ նկարիչներ այս տելեպատիկ երևույթն անվանում են երևակայություն, և այն ինքն իրենով բավական լավ է գործում, եթե արտաքին շեղումները շատ չեն։


    13–րդ կանոն. էլեկտրոնային ձայներն ավերում են երևակայությունը։
    Հեռուստացույցն ամենակուլ ու ամենասպառիչ արկղ է։ Բավական է միացնել այն, ու կանջատվի ստեղծագործականությունը։ Իհարկե, կարող են լինել և այնպիսի հաղորդումներ, ֆիլմեր, որոնք կոգեշնչեն քեզ։ Ժամանակ գտիր դրանք նայելու համար։ Հետո անջատիր ամեն ինչ ու լծվիր գրելու գործընթացին։ Նույնը վերաբերում է ռադիոյին։ Գրելիս ռադիո մի լսիր, հատկապես «խոսող» ռադիո։ Ինչպե՞ս կարող ես լսել մուսայիդ ձայնը, երբ այդ բոլոր օտար ձայները լցնում են օդը։

    Աուդիո գրքեր լսիր, երբ մեքենա ես վարում կամ երբ լռվում–մնում ես գրելու ընթացքում։ Թող այդ բառերը ոգեշնչեն քեզ սեփական նպատակներիդ հասնելու համար։

    Ոգեշնչումը ալիքներով է շարժվում, ինչպես ռադիոյի ազդանշանը, բայց այնպիսի բարձր հաճախականությամբ, որ դու կարող ես բռնել այն միայն այն դեպքում, երբ ժապավենը մաքուր է դրսի աղմուկից։

    Այստեղ տեղին է հիշել Գրաուչո Մարքսի խոսքերը. «Ըստ իս, հեռուստատեսությունն ուսուցողական դեր ունի. ամեն անգամ, երբ որևէ մեկը միացնում է հեռուստացույցը, ես գնում եմ ուրիշ սենյակ՝ գիրք կարդալու»։

    Դու էլ գնա գիրք գրելու։


    14–րդ կանոն. տեքստ երկնիր։
    Ազատ գրելու՝ տվյալ ժամանակահատվածում մտքիդ եկածը գրի առնելու համար ոչինչ պետք չէ, բացի թանաքից ու ժամանակից։ Դրա համար ոչ պատրաստություն է պետք, ոչ պլանավորում։ Ու ոչ էլ ոգեշնչում։

    Նպատակն ինչ–որ բան գրի առնելն է։ Թղթի վրա։ Աղբն, իհարկե, շատ կլինի, բայց դա նշանակություն չունի։ Մեկ է, բացի քեզնից, ոչ ոք չի տեսնելու։

    Անկախ նրանից՝ սկսնակ ես, թե արհեստավարժ, գործընթացը նույնն է։ Սկսիր մի բառից ու քիչ–քիչ ավելացրու մնացածը։ Տեղիցդ վեր մի կաց, մինչև որ ավարտես սևագիրդ։ Ավստրալիացի վիպասան Բրայս Քորտնին ասում է, որ հաջողության գաղտնիքը «սոսնձված հետույքն» է։ Ուրեմն «սոսնձվիր» աթոռին ու ստեղծագործիր։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.05.2010, 06:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.08.2010), aragats (13.02.2011), CactuSoul (15.09.2010), impression (11.05.2010), Jarre (16.05.2010), Yellow Raven (11.05.2010), Արևածագ (10.05.2010), Եկվոր (22.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (09.05.2010), Շինարար (31.05.2010), Վոլտերա (04.10.2013)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17–րդ կանոն. հերիք է այս գիրքը կարդաս։
    Գրի՛ր։


    18–րդ կանոն. դիմադրիր շեղումներին։
    Երբեմն թվում է՝ տիեզերքը դավեր է նյութում քո դեմ՝ քեզ սրբազան կոչումիցդ շեղելու, հեռացնելու համար։ Դժվարությունը կարող է վանել, բայց թույլ մի՛ տուր։ Միայն այն, որ անելիքդ բարդ է, քեզնից մեծ էներգիա, կամք ու երևակայություն է պահանջում, դեռևս պատճառ չէ դադարելու համար։ Առավել հեշտ ու հաճելի բաները կգրավեն ուշադրությունդ, կգայթակղեն։ Ցանկացած այլ բան, որը թեկուզ մի փոքր հաճելի է, կարող է շեղել։ Նրանք, ովքեր գրող չեն, այնքան անհոգ են երևում։ Փորձիր նրանց նայել որպես ապուշների, գուցե դա օգնի։

    Ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդիկ հաճախ են հավաքվում, գործից խոսում։ Գրողներն առանձնապես եռանդուն են իրենց նման ստեղծագործողների հետ խմբով հավաքվելու, սեմինարների, կոնֆերանսների հաճախելու հարցերում։ Այս ամենն, իհարկե, լավ է, բայց, ինչպես Սթիվեն Քինգն է ասում, «այն ժամերը, որոնք մենք ծախսում ենք գրելու մասին խոսելու վրա, իրականում խլում ենք գրելու ժամանակից»։

    Այս գիրքը նրա համար է, որ ոգեշնչի քեզ գրելու, ոչ թե հետ պահի գրելուց։ Մի քանի րոպե կարդալուց հետո վերադարձիր ստեղնաշարիդ կամ թուղթ ու գրչիդ։

    Մեր շուրջը լիքն են հիանալի գրողները, բայց նրանց ու տպագրված հեղինակների միջև տարբերությունը սովորաբար այն է, որ վերջիններս ավարտին են հասցնում սկսած գործը։


    19–րդ կանոն. բազմաթիվ սևագրեր արա։
    Սթիվեն Քինգն առաջին սևագիրն անվանում է «փակ դռնով» սևագիր, երկրորդը՝ «բաց դռնով», քանի որ առաջինը միայն քեզ համար է, իսկ երկրորդը՝ ուրիշներին ցույց տալու։

    Այնուամենայնիվ, ցանկալի է առնվազն երեք սևագիր անել։ Գրող Ռոբերտ Սթոունն այս թիվը բացատրում է հետևյալ կերպ. առաջին փուլը գրում ես շատ արագ՝ առանց երկար–բարակ մտածելու գրի առնելով մտքիդ եկածը, երկրորդին ավելի լուրջ ես մոտենում՝ ճշգրտելով գրելաոճդ ու շարահյուսությունը՝ գրվածքին հնարավորինս մեծ գեղարվեստական ուժ հաղորդելու համար։ Իսկ երրորդ սևագիրն օգտագործում ես գրվածքիդ այնպիսի տեսք տալու համար, որ կարդալիս թվա, թե գրել ես միանգամից մտքիդ եկածը։

    Սկսնակ գրողները կարիք կունենան երեքից ավել սևագրեր անելու։ Խորհուրդ է տրվում տասը։ Որքան երկար գրես, այնքան շուտ կստեղծես այնպիսի գրվածք, որն ինչ–որ մեկը կցանկանա կարդալ։

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.08.2010), aragats (13.02.2011), CactuSoul (15.09.2010), impression (11.05.2010), Ingrid (02.02.2013), Jarre (16.05.2010), Արևածագ (11.05.2010), Եկվոր (22.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Շինարար (31.05.2010), Վոլտերա (04.10.2013)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20–րդ կանոն. առաջին սևագիրդ դիտարկիր որպես շարադրության քննություն։
    Առաջին սևագիրդ անելիս պատկերացրու, որ շարադրության քննություն ես հանձնում։ Շարադրությունդ ավարտելու համար ընդամենը մեկ ժամ ունես։ Գնահատականդ էլ կախված է դրանից։ Բայց, ի տարբերություն դպրոցի, տվյալ դեպքում ավարտելուց հետո գրածդ հղկելու առավելությունն ունես։ Բայց, մեկ է, պիտի ավարտես այն, հիմա՛. զանգը շուտով կհնչի։


    21–րդ կանոն. անտեսիր առաջին սևագրիդ երկարությունը։
    Գրվածքը կենդանի օրգանիզմ է։ Այն աճում է մինչև հասունություն և կանգ առնում ինքնիրեն։ Այնպես որ առաջին սևագիրդ անելիս ըմբոշխնիր դրա հրապուրիչ նրբերանգները, ազատությունն ու անսահման հնարավորությունը։ Ազատություն տուր քեզ. գրիր այնքան, որքան ուզում ես։ Բայցևայնպես, հետագա «խուզումն» անհրաժեշտություն է։ Ծառերն ավելի շատ բերք են տալիս, երբ դրանց չորացած ճյուղերը կտրատում են։ Ալեքսանդր Պոպն իր «Էսսե քննադատության մասին» պոեմում մոտավորապես նույն դիտարկումն է արել. «Բառերը նման են տերևների. այնտեղ, որտեղ դրանք առատ են, մեծ իմաստային պտուղ հազվադեպ կգտնես»։

    Իհարկե, կտրել–թափել ստեղծածդ, որը սերմից աճեցրել, սնուցել ես, այսպես ասած, դաժան բան է։ Բնական է, որ կդողաս ամեն մի կտորի վրա, քանի որ ամեն կտորն էլ քեզ համար իր արժեքն ունի։ Բայց պետք է սովորես խիստ լինել ինքդ քո նկատմամբ։ Ընթերցողները հիմնականում ակնկալում են, որ գրողը չափավոր, խնայող ու ուղիղ լինի։

    Խմբագիրներն էլ են ընթերցողներ, պրոֆեսիոնալ ընթերցողներ են և ընթերցող հասարակության պաշտպանները։ Նախապես հաշվի առ նրանց նկատառումները ստեղծագործության ծավալի ու տպագրության գների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, որքան կարճ լինի ձեռագիրը, այնքան մեծ է դրա տպագրման հավանականությունը։


    22–րդ կանոն. մեխանիկորեն գրելն օգտագործիր որպես ուսուցման մաս։
    Կարող է տարօրինակ հնչել, բայց սա հոյակապ դաս է։ Արտագրիր քո սիրած գրքի առաջին հազար բառերը՝ բառ առ բառ։ Գրիր ամբողջությամբ՝ առանց կրճատումների։ Այնուհետև մեքենագրիր այն։ Արտագրելիս մի շտապիր։ Աշխատիր պահպանել բնագրի կետադրությունը։

    Այս վարժության նպատակը հեղինակի հետ նույն ոգեղեն հոսքի մեջ մտնելն է՝ կրկնելով այն ֆիզիկական շարժումները, որոնք նա օգտագործել է իր գլուխգործոցը ստեղծելիս։

    Սա այնքան տարօրինակ զբաղմունք չի թվա, եթե գրելու մասին մտածես որպես երաժշտության։ Պարզապես ոչ թե սեփական սիմֆոնիան ես ստեղծում, այլ նվագում ես վարպետինը՝ յուրաքանչյուր նոտան նվագելով այնպես, ինչպես նա գրել է։

    Գիտակցաբար դու չես հասկանա դրա իմաստը. այն կարող է ժամանակի անիմաստ կորուստ թվալ։ Բայց անելուց հետո բնազդաբար կզգաս դրա արժեքը։

    Մեկ անգամ արտագրելը բավական է, եթե, իհարկե, չես ուզում շարունակել՝ գործընթացի ներդաշնակ հմայքով տարվելու պատճառով։ Փորձիր սա երբ որ ցանկություն ունենաս՝ օգտվելով տարբեր հեղինակներից ու ժանրերից։

    Շատերն են ասում. «Ուզում եմ Ջոան Ռոուլինգի պես գրել»։ Նախ նրան գրիր՝ փոխանակ նրա նման գրելու։ Եվ կտեսնես, թե ինչ դռներ են բացվում այդ մոգական բանալիով։

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.08.2010), aragats (13.02.2011), CactuSoul (15.09.2010), Jarre (16.05.2010), Արևածագ (16.05.2010), Եկվոր (22.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (23.05.2010), Շինարար (31.05.2010), Վոլտերա (04.10.2013)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23–րդ կանոն. փնտրիր ուրիշների իմաստնությունը։
    Հաճախ մասնակցիր գրական քննարկումների, հատկապես տաղանդավոր գրողների գործերի շուրջ։ Ստեղծագործություններդ ցույց տուր ուրիշներին, ինքդ էլ կարդա այլ ստեղծագործողների գործերը։ Ի տարբերություն ընկերների ու հարազատների, քեզ նման ստեղծագործողներից ավելի անկողմնակալ արձագանքներ կստանաս։ Սովորիր նրանց դիտողություններից ու նրանց սխալներից։

    Առաջարկված ուղղումներից հետևիր միայն նրանց, որոնք քեզ դուր են գալիս, մնացածն անտեսիր։ Բայց երբեք մի հակաճառիր ու մի պաշտպանիր քո ստեղծագործությունը։ Պարզապես լսիր։ Այսպես թե այնպես քննադատությունը հետևելու է քեզ, ուր էլ որ գնաս, այնպես որ ընտելացիր դրան ու սովորիր դրանից։ Դա է պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհը։

    24–րդ կանոն. օգտվիր երջանիկ պատահականություններից
    Շատ հայտնագործություններ են արվել զուտ երջանիկ պատահականությունների շնորհիվ։ Դա կարող է տեղի ունենալ նաև ստեղծագործելիս։ Ասենք, ինչ–որ բառ գրելիս վրիպակ ես թույլ տալիս՝ տառերից մեկի փոխարեն ուրիշ տառ գրելով։ Արդյունքում կարող է ստացվել նոր բառ, հետաքրքիր զվարճալի բառախաղ, որի հիման վրա կարող ես բավական հետաքրքրաշարժ սյուժե կառուցել՝ ինքդ էլ զարմանալով նման անակնկալ ընթացքի վրա։ Ընդամենը պետք է հետևես երևակայությանդ։

    Նմանատիպ պատահականությունները կարող են հանգեցնել իսկապես հրաշալի մտահղացումների։ Դրանք ընդունիր որպես մուսայիդ կողմից շնորհված պարգևներ։

    25–րդ կանոն. գողացիր քո սիրած գրողներից։
    Ստեղծագործականության գաղտնիքը աղբյուրդ թաքցնել կարողանալու մեջ է։
    Ալբերտ Այնշտայն

    Եթե ինչ–որ գիրք բավական երկար ժամանակ ես կարդում, դրա լեզվի երաժշտությունը կարծես մտնում է գլուխդ այնպես, որ երբ սկսում ես աշխատել քո սեփական ստեղծագործության վրա, զգում ես, որ գլխումդ մեկ ուրիշի մեղեդին է հնչում։ Բազմաթիվ գրողների գործերում կարելի է այլ գրողների տեսնել։ Հարյուրավոր գրողներ նմանակել են Հեմինգուեյի ոճը։ Տասնիններորդ դարի վերջի յուրաքանչյուր ֆրանսիացի բանաստեղծ փորձել է երգել, ինչպես Ուիթմենը։

    Եվ դա նորմալ է։ Այլ գրողները՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի, քո մոդելներն են ու քո մրցակցությունը։ Դու պետք է կարդաս նրանց՝ գերազանցելու համար՝ նրանց «գլուխներն» օգտագործելով որպես անցաքար։

    Գոյություն ունի գրագողություն և ստեղծագործական գրագողություն։ Վերջինիս օգնությամբ, եթե հմուտ ես դրանում, չես բռնվի։ Շեքսպիրն իր բոլոր սյուժեները թռցրել է՝ համարձակորեն վերապատմելով մինչ այդ ինչ–որ մեկի գրած պատմությունները։ Տեղ–տեղ նույնիսկ կոնկրետ արտահայտություններ է թռցրել։ Եթե ինչ–որ մեկը նկատած էլ լիներ, դա նրան դժվար թե հուզեր։ Շեքսպիրի արտակարգ հնարամտությունն այնպես էր կուրացրել մարդկանց հնի նկատմամբ, որ նրանք միանգամայն նոր տպավորություն էին ստանում նրա գործերից։

    Արվեստը միշտ հաջող իրականացված հնի հիման վրա է վերաստեղծվում ու զարգացվում։ Աթլետներն ու երաժիշտները մշտապես այդպես են անում. վերցնում են վարպետ կատարողների՝ իրենց դուր եկած շարժումներն ու հնարքները և բազմիցս կրկնելով՝ զարգացնում ու վերաձևում դրանք՝ ըստ իրենց ճաշակի։

    Այնպես որ, սիրածդ գրողի գիրքը բաց վիճակում թող միշտ կողքիդ լինի ստեղծագործելիս՝ ոգեշնչման ու նմանակման նպատակով։ Մի վախեցիր այս գործում ինքդ քեզ կորցնելուց։ Անկախ նրանից, թե մեկ ուրիշի արվեստը որքանով ազդեցիկ կլինի, քո անհատականությունը չի տուժի։ Քո ձայնը կխառնվի այլոց ձայնին ու հետագայում ավելի հստակ կդառնա նրանց միջոցով։ Բայց դու միշտ էլ կմնաս դու։

    Նմանակումը ոչ թե պարզապես շողոքորթելու, այլ սովորելու ամենաանկեղծ ձևն է։
    Ջորջ Բեռնարդ Շոու

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.08.2010), aragats (13.02.2011), CactuSoul (15.09.2010), Jarre (08.01.2012), Արևածագ (25.05.2010), Եկվոր (23.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (23.05.2010), Շինարար (23.05.2010), Վոլտերա (04.10.2013), Ֆոտոն (23.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետում գրելու էթիկա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 14.06.2020, 12:40
  2. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 22.05.2008, 19:59
  4. Սկրիպտների և սկրիպտ գրելու մասին
    Հեղինակ՝ Maska, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 28
    Վերջինը: 02.03.2007, 16:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •