Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնան, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհոլը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
- Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...
Էջանիշներ