Մա՞յր , թե՞ հայր
Մոր դերի մասին կյանքում շատ է խոսվել ու խոսվում, մայրը սրբացվում է , բոլորս հիանում ենք երեխային ուղղված մոր հայացքով, այն շարունակ պատկերում ենք կտավների վրա, նույնացնելով Աստվածածնի հետ, ավելին, մի սրբազան երկյուղածությամբ դարձնում ենք բացարձակ սիրո մարմնավորում:
Լիակատար մայրությունը հաջողությամբ մեջտեղից վերացնում է հորը, ասես երեխային լույս աշխարհ բերելը մի վերջնական նպատակ ունի, որն ավելի շատ նպատակ է քան սկիզբ:
Իսկ հա՞յրը: Նրան միշտ թերագնահատում են, որովհետև նրա դերը թվում է ավելի հեշտ, որովհետև ծննդաբերության ցավեր չի կրել, որովհետև այդ ծնունդը նրա համար միայն մի փոքրիկ հաճույք է եղել, իսկ մայրությունը կնոջ համար մի ծանր պարտականություն կատարել է:
Մայրը նա է, ով "ունենում է", հայրը նա է, ով "շինում է", որպեսզի մայրը ունենա:
Ըստ իս այդ "շինելու", ստեղծելու մեջ ավելի շատ երջանկություն կա, քան ունենալու:
"Մարմինն է իմ մարմնից",- ասում է մայրը: "Իմ արյունն է",- ասում է հայրը: Ուշադիր եղեք այդ պահին, ու կտեսնեք թե ինչքան երկյուղախառը ցանկություն կա այդ խոսքերում ու բորբոքուն կրակ` աչքերի մեջ:
Մոր հայացքը հիանում է իր ունեցածով: Հավանաբար սրանում է Մոր սիրո ցայտուն լինելու գաղտնիքը, իսկ հայրը երեխա չունի, նա երեխայի պահեր ունի: Հայրը երեխայի հետ երեխա է դառնում, իսկ երեխայի զգացմունքները դժվար է հասկանալ, նա միայն արտասվել ու ծիծաղել գիտի դեռ ու այն էլ շատ հախուռն: Նույն կերպ և հայրը: Հոր հայացքը բաղկացած է խաղից, և ամբողջովին փոխակերպումների մեջ է, այդ հայացքի մեջ կարող է լինել նաև խանդ, այն երեխայի նկատմամբ, որին գնել է գնացք, որ ինքը երբեք չի ունեցել: Հայրը մեծ երեխա է:
Ինչևէ, մայրն անվիճելիորեն մայր է, իսկ հայրը ծագման ակունքն է` պոտենցիալ լինելիություն.....
Էջանիշներ