Իմ աստղազարդ թախիծը
Հաճախ է, որ կյանքը այն չէ ինչ մենք ենք ուզում տեսնել...
Հաճախ է, որ հայացք գցելով դեպի ետ, դժկամորեն խոստովանում ենք ինքներս մեզ, որ մեր կյանքը չի դասավորվել կամ չի ընթացել այնպես, ինչպես մենք ենք ուզել:
Հաճախ է նաև, երբ մենք մեզ բռնեցնում ենք ինքներս մեզ խաբելու երևույթի մեջ:
Հաճախ է, որ…
Վատ ու անցանկալի երևույթները խիստ հաճախ են մեր կյանքում: Եվ դրանից է, որ մարդը հաճախ (կախված մեր ունեցած ապրելակերպից), ,,վերադառնում” է դեպի ետ, դեպի պարզ և ուրախ մանկություն, դեպի այն տարիները, երբ մենք ստիպված չենք եղել այսպես հաճախակի կեղծել ու ստել, այսպես հաճախակի անել բաներ, նախորոք իմանալով դրանց բացսական հետևանքների մասին: Եվ ահա փնտրելով փոքրիկ մի ժամանակահատված, որտեղ մե’նք, մենք ենք եղել, բոլորս էլ միանշանակ ճանապարհվում ենք դեպի մեր ունեցած, մեր ապրած մանկություն: Որովհետև այնտեղ տաք է ու փափուկ: Իսկ ինչո?ւ…
Որովհետև այնտեղ կա իսկական սեր ու անմնացորդ նվիրում, կա իսկական ընկերություն ու անշահախնդիր նվիրվածություն, կա հավատարմություն ու անձնազոհություն, կա անկեղծության մի այնպիսի հրաշք տուրևառություն, հոգիների փոխհարաբերությունների այնպիսի գեղեցիկ հրավառություն, որ հետո, մեր ամբողջ կյանքում`, ինչպիսին էլ այն լինի, ինչպես էլ այն դասավորվի, միևնույնն է, նմանը չկա, չենք գտնում, չենք հանդիպում…
Եվ իհարկե, սա է պատճառը, որ այդ տարիները միշտ կանչում են մեզ, կամ ավելի ճիշտ, մենք ենք փնտրում նրանց, փորձելով գոնե մի կարճ ժամանակահատված մեզ Մարդ տեսնել, Մարդ հիշել, Մարդավարի տալ ու առնել…
Ախար (մեզանից հեռու) մարդ ենք չէ, կարոտում ենք մարդ լինելուն, մարդավարի ապրելուն, մարդավարի սիրելուն...
Դպրոցում երկուս ստանալու վախը մեզ երբեք չէր ստիպում մատնել ընկերոջը (այդպիսիները շատ քիչ էին): Ծնող կանչելն ու դպրոցից վռնդելը երբեք չէր ստիպում մեզ անել մի բան, որին սկզբունքորեն դեմ էինք( հակառակը անողները նորից շատ քիչ էին): Եվ որ կարևորն
է, այդ տարիքում ունեինք սկզբունքներ, բա ու՞ր կորան... Էս մենք չե՞նք, ինչո՞ւ շատացան նրանք, ովքեր չկային: Ովքեր քիչ էին: Այդ քչով հաղթեցի՞ն մեզ: Հաղթելը դեռ ,,ջհանդամը", բա քանա՞կը, քանակը ինչպե՞ս շատացավ: Թե էն տարիներին շատերը կեղծում էին...
Դժվար թե... Ախար էն տարիներին էնքան մաքուր ու լավն էինք, ինչպե՞ս կարող էինք այդպես վարպետորեն կեղծել:
Չէ, ուղղակի ,,կյանքը" հաղթեց մեզ, Չարը հաղթեց մեզ... Որքան էլ դժվար է խոստովանելը, միևնույնն է, փաստը մնում է փաստ...
Շատ դժվար է քայլել այս ,,մազե կամրջի" վրայով ու չկորցնել հավասարակշռությունը: Առավել ևս, երբ դրան նպաստող շատ քամիներ ու փոթորիկներ կան:
Շատ եմ մտածել ու շատ եմ տխրել...Ինչպե՞ս կռվել, ինչպե՞ս հաղթել... Ախար այդ Չարը առանձին հանդես չի գալիս: Այն միշտ մեր ընկերների, մեր հարազատների ու մեր ազգակիցների մեջ է, մեր քույրերի ու եղբայրների մեջ է: Դե արի ու կռվի նրանց դեմ, արի ու սպանիր նրանց: Այստեղ է նրա ուժը, այստեղ է նրա անպարտելիությունը, նրա զինվորական տաղանդը, նրա փայլուն ստրատեգիան:
Եվ սա է պատճառը, որ նա կարողանում է միշտ հաղթած զինվորի պես հարբել ու լկտիորեն ծիծաղել մեզ վրա: Այսօր հեռուստատեսությամբ աչքիս Կարեն Ջանիբեկյանի նկարը ընկավ, բերանը փակ, ( ինչ որ մեկի ֆոտո նկարների ցուցահանդեսն էր), թղթակիցների այն հարցին թե ինչու՞ է բերանը սոսնձվող ժապավենով փակած, դերասանը պատասխանեց.
__Ինքներդ գլխի ընկեք:
Գլխի եմ ընկնում... Իմ կարծիքով հենց վերը նշված Չարն է պատճառը, մեր հարազատների ներսում բուն դրած Չարը, որի հետ կռվելու, որին մեր մեջից արմատախիլ անելու ճարը դեռ չունենք: Ի՞նչ անենք... լռենք...
Էջանիշներ