Ու՞ր ես Երևան...
Ի՛մ, երբեմնի երազների ու երազանքների քաղաք...
Որոնումների, փնտրտումների, սիրելու ու սիրվելու, ինքնամոռացության աստիճան սիրահարվելու քաղաք...
Ու՞ր ես... Որտե՞ղ ես... Ու՞ր է այն հավատը, որը երբեք մենակ չէր թողնում քո քաղաքացիներին: Ու՞ր է այն սերը...
Մարդը մահանում է, շնչահեղձ է լինում, ջղաձգման նոպայի մեջ գալարվում ու թավալ է տալիս, ափ շպրտված ձկնիկի նման անօգնական բերանը բաց ու խուփ է անում... հայացքով հայցում է շրջապատի օգնությունը, աչքերով աղերսում է անց ու դարձ անող մարդկանց, որ օգնեն, բայց...
Որովհետև մի ոչ սովորական օր, մի ոչ սովորական ժամի, քո լքված ու խուլ արվարձաններից մեկում ծնվեց Անտերությունը:
Չգիտեմ որտեղից սնվեց, չգիտեմ ինչպես զորացավ, բայց ծնունդից ոչ շատ անց նա սողեսող հասավ ,,քռչի շուկա՛՛ու դարձավ վաճառվող ապրանք: Եվ վճառվեց...
Բոլորը գնեցին: Գնեցին որովհետև շատ էժան էր, որվհետև ուրիշ բան գնելու համար չկար բավարար քանակի գումար, որովհետև մի բան պե՞տք է գնեյին, թե՞ ոչ, որովհետև շատերը ,,մոդայի զոհերն՛՛ էին, իսկ Անտերությունը դարձավ այդ ,,մոդան՛՛... Որովհետև Անտերությունը նաև վարագ էր...
Հիմա Անտերությունն է վխտում քո ճոխ փողոցներով, այգիներով, տերով ու անտեր հրապարակներով... հիվանդանոցներում, դատարաններում, թատրոններում... ամենուր, ամենուր, ամենուր: Առանց բացառության...
Իսկ մարդը մեռավ գոհության ու թեթևության ժպիտը դեմքին քարացած, որը ծնվեց վերջին ակնթարթին, վերջին պահին, երբ եկավ այս Անտերությունը ընդմիշտ լքելու գիտակցումը, երբ հասկացավ, որ այլևս պետք չէ հայցել այդքան պետք օգնությունը...
Ու՞ր ես Երևան և ո՞վ է քո տերը...
Էջանիշներ