Քանի որ Զատիկ է, մտածեցի մի քիչ զատիկային զվարճալիքներ գրել: Իրենք հենց հատուկ զարգացմանն ուղղված չեն, բայց դե ահագին ուրախացնում են պստոներին:
Էլի փորձածներից կգրեմ:
Դրանք 1 տարեկաններին դեռ էդքան էլ հարմար չեն, իսկ այ 2-3 տարեկաններն ու ավելի մեծերը արդեն կարող են ահագին զվարճանալ:
Քանի որ Զատիկի կենտրոնում ձու ներկելու արարողությունն է, ապա բալիկներին էլ հենց դրանով կարելի է ուրախացնել:
Բայց պստոների համար ձու ներկելու ավելի մանկական տարբերակներ կարելի է ընտրել:
Ամենահեշտը եփած ձվի վրա ներկերի մեջ թաթախված մատներով կամ վրձինով նկարելն է:
Սակայն բացի դրանից, ուրիշ ավելի հետաքրքիր միջոցներ էլ կան:
Վերցնում եք կոշիկի տուփ, մեջը սպիտակ թուղթ փռում (կպցնում), ու փոքրիկի հետ ներկերի միջից երկու-երեք գույն ընտրում (ոչ ավել, քան երեք): Ներկերը պիտի լինեն թանձր, գուաշային, չգիտեմ՝ Հայաստանում կան հատուկ բալիկների համար նախատեսված էդպիսի ներկեր, կարծում եմ նման որևէ բան կլինի:
Ընտրած ներկերը փոքր գնդերով մի քանի տեղ լցնում եք տուփի մեջ: Դրանից հետո մեջը դնում եք խաշած ձու ու տուփը տալիս բալիկին՝ բացատրելով, որ շարժի այն: Ձուն գլորվում է անկյունից անկյուն ու երփներանգ դառնում: Կարելի է տուփը շարժելու փոխարեն միջի ձուն պտտեցնել փայտիկով: Ուզածի չափ գունավորելուց հետո հանում եք ձուն ու դնում մի տեղ, որ չորանա:
Կարելի է նաև եփած ձվի վրա նախապես (առանց երեխայի մասնակցության) հալած մոմ կաթեցնել մի քանի տարբեր տեղերից: Հետո տուփի մեջ այն ներկելուց ու չորացնելուց հետո, ձուն տալիս եք բալիկին, որ վրայի մոմերը մատիկով քերի, հանի: Համ պրոցեսը իրեն շատ դուր կգա, համ էլ պոկված մոմի տեղում մնացած սպիտակ հետքերի ու ներկերի զուգադրումը շատ սիրուն նախշեր կառաջացնեն:
Նույն տարբերակով տուփի մեջ ներկերի փոխարեն կարելի է մանր-մունր կտրտած գունավոր թղթեր կամ կոնֆեթիներ լցնել: Եփած ձվի վրա վրձնով սոսինձ քսել ու այն նախորդի նման պտտեցնել տուփի մեջ: Հանել, թողնել, որ չորանա:
Եթե այնուամենայնիվ որոշեք ձվի ավանդական ներկելուն երեխային մասնակից դարձնել, ապա կարելի է արհեստական գույների փոխարեն լրիվ «բնական» գույներ վերցնել, ինչը նրա համար ավելի հետաքրքիր ու ուսուցողական կլինի:
Կարմիր ստանալու համար ձուն կարելի է խաշել բազուկի հետ կամ եփած բազուկից մնացած ջրում:
Կանաչի համար՝ եփած սպանախի ջրում կամ կանաչ թեյի մեջ:
Դեղնանարնջագույնի համար գազարի հետ եփելը կօգնի:
Շագանակագույն կարելի է ստանալ սուրճի կամ սոխի կեղևի մեջ եփելիս:
Կապտամանուշակագույն ստացվում է սև հաղարջից:
Բալիկին կարելի է տալ միանգամյա օգտագործման, պլաստմասե բաժակ, մեջը լցնել գույներից որևէ մեկը, հետը՝ մի քիչ քացախ: Մի խաշած ձու տալ, որ ինքը իր բաժակի մեջ ներկի: Այսինքն՝ տեղավորի գունավոր ջրի մեջ ու մի քանի րոպե պտտեցնի մեջը՝ մինչև ձուն ստանա երանգը: Ճիշտ է, էդպես ձվի գույնը էնքան ուժեղ չի լինի, ինչքան եռացող կաթսայի մեջ, բայց միևնույն է երեխային ուրախություն կպատճառի, որ իր ներկած ձուն է:
Ի դեպ, այս կամ այն միջոցով գունավորած ձվերը կարելի է տեղավորել նախապես ներկերով կամ այլ կերպ գունազարդված ձվի տուփերի մեջ: Տուփի մեջ կարելի է փետուրներ ամրացնել, իսկ ձուն դնելու փոսիկների մեջ՝ գունավոր բամբակ դնել՝ մինչև ձուն տեղավորելը: Բամբակ ներկելու իմ սիրած ձևը գունովոր մատիտներ սրելուց առաջացած փոշու մեջ այն թաթախելն է: Ավելի ճիշտ՝ մատիտի փոշին լցնում եք թղթի վրա, երեխային մի պստիկ բամբակ տալիս, որ պտտեցնի դրա մեջ. շատ սիրուն երանգով բամբակներ են ստացվում:
Եթե տուփը վերևից փակովի է, ապա վերևի մասը պետք է հանել, թողնել միայն զարդարված տակի մասը ու երեխայի պատրաստած ձվերը շարել մեջը: Ինքը դեռ դրանցով ահագին ժամանակ կուրախանա:
Ձվերը կարող են նաև մեծ չափսերի լինել ու կախովի:
Դրա համար պետք են փչած փուչիկներ: Փուչիկի վրա երեխայի հետ սոսինձ եք քսում ու վրան տարբեր գունավոր թղթեր կպցնում: Թղթերը պիտի բարալիկ լինեն, որ հարթ կպնեն: Մի քանի շերտ տարբեր գույների թղթեր սոսնձելուց հետո հսկա գունավոր «ձու» դարձած փուչիկը կախում եք բալիկի ընտրած տեղում:
Բայց դա դեռ վերջը չի: Երբ հաջորդ օրը թղթերով պատված փուչիկի սոսինձն արդեն չորացած լինի, կարելի է միջի փուչիկը քորոցով պայթեցնել ու պոչի մասից դուրս հանել գունավոր թղթերի արդեն ամրացած կարկասից: Ձվի տեսքը կպահպանվի, իսկ էդ դեպքում արդեն կարելի է վերևից կամ կողքից մի կլոր մաս կտրել հանել, ու «ձվի» մեջ լցնել ասենք գունավոր կոնֆետներ կամ իսկական ներկած ձվեր: Սիրուն դեկորացիա է Զատիկի համար՝ երեխայի օգնությամբ պատրաստած:
Փուչիկը բացի գունավոր թղթերով սոսնձելուց, այն կարելի է ուղղակի փաթաթել ֆոլգայով, վրայից էլ ամբողջ մակերեսով մեկ լայն, թափանցիկ սկոտչ փաթաթել: Սա արդեն լրիվ «այլմոլորակային» ձու կդառնա:
Բացի սովորական ձու խփոցի խաղերից, կարելի է նաև ուրիշ խաղեր կազմակերպել երեխաների հետ:
Երկու բալիկ վերցնում են ճաշի մեկական գդալ, մեջը Զատիկի (կամ էլ պլաստամսե) ձու դնում ու վազում որոշակի տարածք, ով շուտ հասնի տեղ՝ առանց ձուն քցելու, նա հաղթել է: Չնայած մտածում եմ, եթե երկու տարեկանին մենակ էլ վազեցնես, դրանից հրճվանքը պակաս չի լինի, հաղթողն էլ մենակ ինքը կլինի:
Կարելի է գունավոր ձվերը պահել տան տարբեր անկյուններում, պստլիկ զամբյուղներ կամ տուփեր տալ բալիկներին, որ ձվերը փնտրեն, գտնեն ու հավաքեն իրենց զամբյուղների մեջ: Տեսնենք՝ ով ավելի շատ ձու կգտնի: Իհարկե մի բալիկի հետ էլ է հնարավոր նույնը խաղալ:
Էդպիսի բաներ:
Հա, քիչ էր մնում մոռանայի: Գունավոր ձվի կեղևները դեն նետելու փոխարեն՝ դրանք կարելի է հավաքել ու Զատիկից հետո թղթի, ստվարաթղթի կամ կտորի վրա երեխաների հետ միասին երփներանգ ապլիկացիաներ անել սոսնձի օգնությամբ: Ինչու իզուր տեղը գունավոր բարիքը կորչի:
Էջանիշներ