Թեման մայրությանը չի վերաբերվում, այլ բալիկներին, բայց երևի ամենահարմարն էս բաժնում բացելն է:
Որոշեցի մի երկու բլոգային գրառում բերել էստեղ, քանի որ մտածեցի` Ակումբում փոքր բալիկներով մամաներ կան, գուցե ինֆորմացիան օգտակար լինի նրանց համար:
Նախ ասեմ, որ թեման գրքային չի, այլ իմ աշխատանքային փորձի վրա հիմնված, բայց չգիտեմ` ինչքանով պետքական կլինի ուրիշներին...
Հունցել-մունցել, ցեխոտվել-ներկոտվել
Կամ այն մասին, թե ինչ կրեատիվ բաներ կարելի է անել մեկից երեք տարեկան բալիկների հետ` նրանց զարգացմանը նպաստող:
Էս թեման շատ-շատ մեծ է, դրա համար էս անգամ մենակ մի կողմը կներառեմ:
Նախ ասեմ, որ էս մի գրառումս չի ներառելու ոչ մի սիրուն-միրուն բաների պատրաստում, այլ երեխայի զարգացմանը նպաստող կրեատիվ խաղեր, զվարճալիքներ:
Փոքր բալիկների համար կարևոր է բոլոր զգայարանների զարգացումը ու դրանց նպաստող ակտիվությունները:
Ինչի մասին որ ուզում եմ գրել հիմա, շոշափելիքի զգայությունն է, որով երեխան լիքը բան է սովորում, ճանաչում է աշխարհը: Ու շոշափել ասելով` միայն ձեռքի զգայությունը նկատի չունեմ, այլ ամբողջ մարմնի մաշկով զգալը:
Մեկ-երկու տարեկան երեխաների հետ լիքը բաներ կարելի է անել, որոնց ժամանակ ինքը կարող է ամբողջ մարմնի զգայությունը զարգացնել:
Ինչու է կարևոր ամբողջ մաշկի հետ աշխատելը, սա մի առանձին թեմա է, որին չեմ անդրադառնա: Միայն ասեմ, որ տակտիլ զգայությունների զարգացումը երեխայի զգացմունքների, մարդկանց ու աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքի ձևավորման, ինչպես նաև ինքնաճանաչողության գործում շատ կարևոր դեր ունի: Հենց դրա համար է, որ փոքրիկները անընդհատ ձեռք են տալիս ինչին պատահի. դա ճանաչողության կարևոր մասն է:
Մի քանի հեշտ զվարճալիքներ, որոնք կարելի է անել ամենափոքրիկների հետ` մաշկային զգացողությունը զարգացնելու համար:
Նախ և առաջ, ջրով: Կարելի է փոքրիկ տաշտակի կամ տափակոտ խաղային արկղի մեջ մի քիչ գոլ ջուր լցնել, մեջն էլ մի քիչ ավազ, ու երեխային մոտ թողնել` մենակ իր պամպերսիկով: Ավազի փոխարեն կարելի է մանկական օճառ տալ, ջուրը քչացնել, ու սովորեցնել օճառը գրսել տաշտակի հատակին, հետն էլ սպունգ ավելացնել գործին, որով երեխան ահագին փրփուր կսարքի: Եթե երկու տարեկան է ու կարող է փչել, կարելի է սովորեցնել օճառոտ ձեռքի բութ մատն ու ցուցամատը միացնել իրար և փչել արանքը` միջից օճառի մեծ պղպջակ դուրս փչելով:
Բացի ջրից, տաշտակի կարելի է ուրիշ բաներով լցնել: Ասենք` էփած ու հովացրած մակարոն:Թողնել, որ բալիկը լողա մեջ, փաթաթի իրեն դրանով, անի ինչ ուզում է: Եթե երեխան մի քիչ մեծ է, կարելի է տաշտակը լցնել հում լոբու հատիկներով. մի տարեկանները անպայման կփորձեն բերանը տանել հատիկները, էնպես որ իրենց լոբի պետք չի:
Բայց երկու տարեկանների համար լոբու մեջ լողալը երանություն է:
Կարելի է հատակին կլյոնկա փռել ու լիքը մանկական կրեմ լցնել վրան, որոնք վտանգավոր չեն անգամ համտեսելու դեպքում: Ու ճստոյին առանց հագուստի նստեցնել էնտեղ, եթե փոքրիկները մի քանիիսն են` ավելի լավ: Իրենք իրենց և կողքիններին մի լավ կկրեմոտեն` երջանկության գագաթնակետին հասնելով:
Երկու տարեկանից սկսած` կրեմի փոխարեն կարելի է օգտագործել սափրվելու փրփուր` զգայուն մաշկի համար (հակաալերգիկ): Ամբողջ փրփուրը դատարկել, ու թողնել, որ երեխաները խաղան դրանով` օգտագործելով իրենց ողջ մարմինը: Եթե ուզում եք իմանալ` ինչ հավես բան է, անպայման ինքներդ փորձեք: Սափրվելու փրփուրով կարելի է ձնագնդի սարքել, ձնեմարդ, կարելի է դեմքին մորուք սարքել: Ցանկության դեպքում մեջը ավելացնել գույներ. կան հատուկ ներկեր, որոնք երեխաների համար են և թունավոր չեն (եթե էդպիսիներ չեն ճարվում, պարզապես խմորեղենի ներկեր օգտագործել, բայց դրանց գույնը ուշ է անցնում մաշկից):
Շատ հավես բան է ամբողջ մարմնով ներկելը: Հատակին` սպիտակ կլյոնկայի վրա, լցնել տարբեր գույնի պաստայատիպ ներկեր` նախատեսված երեխաների համար, ու թողնել, որ ներկեն իրենց իսկ ձեռքերով` առանց վրձինների: Սկզբից մատով կփորձեն, հետո ամբողջ ձեռքով, հետո ոտքերով ու մարմնով: Միայն պիտի կողքներին լինել, որ չպլստան, ընկնեն:Եթե էդքան էքստրիմ չեք ուզում, կարելի է նույնը սեղանի վրա անել` թղթով ու ձեռքերով:
Հիմա մի քիչ կոնկրետ ձեռքերի շոշափելիքի ու մատների մկանների զարգացմանն ուղղված խաղերի մասին:
Պլաստլինը շատ կարևոր է մանկական տարիքում: Արժի ինչքան հնարավոր է շատ պլաստիլինի խաղեր առաջարկել բալիկներին. իրենց հետ հունցել ու բաներ պատրաստել:
Բացի պլաստիլինից, շատ հավես կարելի է խաղալ կավի, գիբսի ու վաքսի հետ, եթե երեխաները մի քիչ ավելի մեծ են` 2+: Վաքսի դեպքում պիտի շատ զգույշ լինել, որովհետև այն կարելի է հունցել միայն հալացնելու դեպքում, իսկ շատ տաք վիճակում ինքը վտանգավոր է:
Դատարկ կաթի տուփի ներքևի մասը խորանարդի չափով կտրել, մեջը լսնել սառույց ու ավելացնել գիբս (կամ կավ, կամ էլ վաքս): Սպասել մինչև քարանա: Հանել տուփի միջից: Սառույցները միջից հալվելով դուրս կհոսեն` դարձնելով գիբսը կրծոտած պանրիկ, մկնիկի տուն կամ ինչ մտքովդ անցնի` տարբեր անցքերով: Լիքը կրեատիվ մտքերի առարկա:Մատները մեջը մտցնել, ծակերը մեծացնել, քանդել, տեսնել` խորքից ինչու է դեռ ջուր հոսում, վրան ներկել, մեջը շարիկ քցել և այլն և այլն...
Գիբսը կարելի է ամուր տոպրակի մեջ էլ պնդացնել` ջրի հետ խառնելով ու տոպրակի բերանը փակելով: Գիբսը դանդաղ է քարանում ու էդ ամբողջ ընթացքում երեխաները սովորաբար ձեռքերով հունցում են իրենց տոպրակի զանգվածը` մինչև այն ի վերջո քարանում է: Դրանից հետո հանում եք տոպրակից ստացված արձանիկը ու վրան նկարազարդում: Կարելի է տոպրակի քարանալու ընթացքում իրեն ձեռքերով որոշակի տեսք տալ` գնդակ, սրտիկ, տուն և այլն: Գիբսը նրանով է նաև հավես, որ քարանալու ընթացքում կարգին տաքանում է, ու սառը զանգվածը երեխայի ձեռքի մեջ քիչ-քիչ դառնում է ահագին տաք` հետաքրքիր զգացողություններ առաջացնելով:
Բացի դրանից կարելի է պարզապես հունցել գիբսը սեղանի վրա` տարբեր բաներ պատրաստելով:
Բացի սրանից, երեխաների հետ կարելի է պատրաստել խմորներ` միայն հունցելու և ոչ ուտելու համար նախատեսված: Ամենահեշտ խմորներից է` ալյուր, աղ, ջուր կամ նաև ձեթ: Հնարավոր է նաև ավազ ավելացնել` շոշափելիքի զգայությունն ուժեղացնելու համար: Էդպիսի խմորներից կարելի է ինչ ասես պատրաստել, ներկել դրանք, չորացնել (ձեթով խմորը չի չորանում, բայց շատ հավես է հունցվում): Դրանց հավեսն էն է, որ երեխայի հետ ես պատրաստում իր խմոր-պլաստինինը, ոչ թե պատրաստի գնում:
Իսկ իմ ամենասիրած հրաշք-խմորը օսլայով խմորն է, որը շատ մի զարմանալի բան է: Մի մեծ թասի մեջ լցնում եք մի տուփ օսլա, խմորեղենի ներկ` ցանկացած գույնի, ու ջուր: Եվ սկսում խառնել, պիտի ահագին ջրիկ լինի: Ամբողջ զանգվածը լցնում եք սեղանին, ինքը շատ նման է հեղուկի, անմիջապես տարածվում է սեղանով մեկ, բայց երբ ձեռք ես տալիս, տեսնում ես, որ լրիվ հունցելի, ռետինատիպ խմոր է, որը արագ հավաքում է իրար վրա, ու հենց թողնես, նորից տարածվում է սեղանով մեկ: Երեխաների ամենասիրած հունցելիքներից է, և կարող են ժամերով մնալ մոտը: Վրան կարելի է անընդհատ ջուր ավելացնել, որ չչորանա ու մնա ռետինատիպ:
Երևի շոշափելիքով խաղերի մասին էսքանը հերիք էր, եթե ինչ-որ մեկը հաջողացրեց մինչև վերջ կարդալ ու ինչ-որ հարցեր ունի, հաճույքով կպատասխանեմ:![]()
Էջանիշներ