Բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է, թե ուրիշ երկրներում մարդիկ ոնց են դաստիարակում իրենց բալիկներին:
Առաջինը, ինչ անում են գերմանացիները, փոքրիկի համար ստեղծում են օրենքներ, կանոններ: Ինձ սկզբում դա թյուրիմացություն էր թվում, բայց հիմա տեսնում եմ, թե դա ինչքան կարևոր է: Ոչ թե ամեն անգամ նոր կարելի է-չի կարելի մոգոնել, այլ սկզբից ևեթ ունենալ հստակ օրենքներ, որոնք երեխան աչքը բացելուն պես սովորում է, ինչպես աշխարհի մի մասնիկ:
Օրենքներն ամենուր են: Սեղանի շուրջ, խաղալիս, դուրս գնալիս: Երեք տարեկանի հետ, որը արդեն իր իսկ ինչո՞ւ-ի շրջանում է, կարելի է խոսել դրանց մասին ու բացատրել, թե ինչու ասենք ուտելուց հետո ինքը պիտի հավաքի իր ամանները, կամ ինչու պիտի ամեն անգամ գնա ատամներն ու դեմքը լվալու:
Ի դեպ էս ատամներ լվանալն ինձ սկզբում շատ էր զարմացրել, քանի որ լվանում են բոլորը` անգամ նրանք, ովքեր դեռ ատամ համարյա չունեն, քայլել են չգիտեն:
Դրա իմաստը կարգը պահպանելն է, հասկանալը, որ կան օրենքներ, և բոլորը դրանց առջև հավասար են: Ու էս ռիտուլի մեջ էրեխեքը սովորում են նաև հերթ կանգնել, համբերատար լինել, քանի որ լվացարանի մոտ միանգամից շատերն են հայտնվում, բայց միաժամանակ մտնել կարող են միայն երկուսը: Ու մնացածը նստում են երկարիկ նստարանի վրա և սպասում:
Ընդհանրապես տարբեր իրավիճակներում հաճախ ենք ասում երեխաներին.
- Ուրիշի հերթն է, սպասիր, շուտով քո հերթը կլինի:
Ասենք` երբ ուզում են հենց էն խաղալիքը, որով մյուսն է զբաղված, կամ սեղանի շուրջ ճաշի ամանը, որիից էդ պահին մյուսն է իր ճաշիկը լցնում (ի դեպ, իրենք են իրենց ճաշը լցնում` մեկ ու կես տարեկանից սկսած):
Հեշտ չի սկզբում, ըմբոստանում են, ուզում իրենք լինեն առաջինը, բայց հետո սովորում են:
Երևանում երբ նայում եմ էն մարդկանց, ովքեր հերթ պահել չգիտեն և թքած ունեն մյուսների վրա, մտածում եմ` ինչ կլիներ նրանց հետ, եթե մի տարեկանից սովորեցնեին հարգել մյուսի հերթը և լինել համբերատար:
Մի խոսքով, գերմանացին երեխային սովորեցնում է պահպանել կարգը և ամեն ինչ անել ինքնուրույն: Լինել հարգալից դիմացինի հանդեպ և ամեն պահ զգալ, որ ինքն էլ հարգված է, թեև ընդամենը մի մատ ճստո է:
Նաև սովորեցնում են սիրալիր և քաղաքավարի լինել: Խնդրեմ, խնդրում եմ, շնորհակալություն, ներողություն. էս բառերի վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում: Անգամ իրենց մի բաժակ ջուրը չեն ստանա` մինչև քաղաքավարի չուզեն: Երբ մանկապարտեզի երեխան մտնում է մսուրի ճաշասենյակ, մինչև ասելը, թե ինչ է ուզում, էսպես է սկսում.
- Ներողություն, որ խանգարում եմ ճաշի ժամանակ...
Ու սա ոչ թե անգիր արած, անիմաստ տեսքստ է, այլ իրենց մոտ արդեն ինքնաբուխ առաջացող խոսք, որն իր հետ բերում է նաև համապատասխան հարգալից վերաբերմունք:
Հետո էստեղ փոքրուց սովորեցնում են ունենալ կոնկրետ զբաղմունք, գործ, ոչ թե անիմաստ-աննպատակ մի խաղալիքից մյուսը վազել: Երկու տարեկանն էլ պիտի սովորի ընտրել իր զբաղմունքը, նստել սեղանի շուրջ կամ գորգին և գոնե քսան րոպե մնալ նույն գործի վրա կենտրոնացած: Դու իհարկե կողքին ես, օգնում ես, երբ պետք է: Նրա մեջ կուտակված լիքը էներգիան արդյունավետ ուղի է վերցնում, ներառվում գործունեության մեջ: Ու վերջում էլ պիտի ինքը հավաքի իր թափածը:
Շատ կարևոր են համարում երեխային ամեն օր դուրս տանելը` ծնված օրվանից: Էն քառասուն օր տանը պահել, բան, տենց բաներ չկան էստեղ: Կանայք ծննդաբերությունից մի օր հետո իրենց բալիկների հետ դուրս են գալիս զբոսանքի:
Դրսում լինելը շատ կարևոր է: Դրա համար էլ գերմանացիները էդքան սպրոտային են ու կոփված:
Մենք ամեն օր էրեխեքին հանում ենք դուրս` ինչ եղանակ էլ լինի: Իսկ չորեքշաբթի օրը ամբողջությամբ դրսում են: Տեղեր ենք տանում, մանկական խաղահրապարակներ, այգիներ: Անձրևի դեմ կան հատուկ ռեզինի հագուստներ և կոշիկներ, որոնք ջուր չեն քաշում: Դրանք հագցնում ենք ու հանում դուրս: Ու հլը մի անգամ բաց թողնենք, միանգամից բացասական արձագանք ենք ստանում ծնողների կողմից: Բուք լինի, թե բորան, երեխան պիտի դրսում լինի:
Սենյակը երբեք չի կարող տալ էներգիայի էն սպառումը, որոնք տալիս են դրսային խաղերը:
Հինգշաբթի օրերը տանում ենք մարզասրահ` սպորտի:Մի տարեկանից սրանք սպորտի են գնում, այ էսպիսի ազգ:
Օրվա ռեժիմը երեխայի համար հստակ է: Ինքն ամեն օր ուտում է նույն ժամին, քնում նույն ժամին (ախ էդ քնելը): Ի դեպ, էստեղ երեխաները քնում են երեկոյան յոթին-ութին, ինչը ինձ շատ զարմացրել էր: Ու արթնանում են առավոտյան վեցին-վեց անց կես: Ծնողների մեծ մասը հենց էդ գրաֆիկն է ուզում իր երեխայի համար` շուտ քնել, շուտ արթնանալ:
Երեխան երկուս ու կես տարեկանից սկսած` ինքնություն է հագնվում: Դե իհարկե չի ուզում սկզբում, ըմբոստանում է:
Ես հիշում եմ, թե մամաս ինձ ոնց էր դպրոց գնալիս հագցնում, ինչ երկուս ու կես տարեկանում մենակ հագնվել... Իսկ էստեղ սովորեցնում են: Կարող ես լացել, ոտքերդ գետնին տալ, մնալ շորերիդ մոտ մի ժամ, բայց պիտի ինքնուրույն հագնվես: Դու հա կողքին ես, պետք եկած ժամանակ օգնում ես, բայց ինքը սովորում է, որ դա իր պարտականությունն է և ինքնություն պիտի անի:
Երեխաները էստեղ մամայի փեշից շուտ են կտրվում: Ամենաուշը մի տարեկանից հայտնվում են մսուրում: Հիմնական իմաստը նրա մեջ խմբին պատկանելու զգացողությունն առաջացնելն է: Երեխան դառնում է ինքնուրույն, փոքրուց ունենում է իր օրվա հիմնական գործը. ինչպես մաման ու պապան են առավոտյան վեր կենում, գնում աշխատանքի, էնպես էլ դու գնում ես մսուր, հետո էլ մանկապարտեզ ես գնալու, իսկ հետո դպրոց, այնուհետև համալսարան, վերջում էլ` աշխատանքի, դու միշտ ունենալու ես քո գործունեությունը: Սա է իմաստը, մարդուն դարձնել պատասխանատու հասարակական էակ, որը հեռու է ծուլությունից:
Ու էստեղի մսուր-մանկապարտեզում էնքան են սիրում ու հարգում երեխային, լիքը հավես բաներ անում հետները, որ ինքը օրվա վերջում չի էլ ուզում տուն գնալ: Սիրում են իրենց մսուր-մանկապարտեզը ու մեջը ապրող մարդկանց:
Իրենք երջանիկ են մեծանում:
Էջանիշներ