User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անունները (միկրոտոպոնիմները)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անունները (միկրոտոպոնիմները)

    ԱՐԱԲԿԻՐ

    Այս անունն է կրում Երևանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկը։ Երևանի և Քանաքեռի միջև 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։

    Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արևմտյան Եփրատի, կամ Կարասուի վրա, Խարբերդի և Ակնի միջև։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հագար հայ։

    Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարրեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ: Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։

    Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

    ՄԱԼԱԹԻԱ

    Մալաթիա կոչվում է Երևանի արվարձաններից մեկը։

    Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։

    Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա։

    1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։

    ՍԵԲԱՍՏԻԱ

    Երևանից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Այս կապը ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա։

    Սեբաստիա ավանը գտնվում է Շահումյանի շրջանում, բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղ է գտնվում բուն Սեբաստիան, որտեղից է տեղափոխվել այս անունը և ինչ է մեզ պատմում։

    Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։

    Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։

    Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։

    Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։

    Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։

    ՄԱՐԱՇ

    Երևանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանը իր անունը ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։

    Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։

    Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։

    Ավելացվել է 3 րոպե անց
    Դե Կիլիկիայի մասին կարծում եմ բոլորս էլ գիտենք…

    ԶԵՅԹՈՒՆ

    Այս անունը կրում է Երևանի հյուսիսային մասում գտնվող նորաստեղծ թաղերից մեկը։ Նա իր անունը ստացևլ է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։

    Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։

    Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։

    Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։

    Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

    Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։

    Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։

    Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։

    Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 25.01.2007, 05:32: Պատճառ: Գրառման ավելացում։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  2. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  3. Հայաստանի աշխարհագրական տեղանունները
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.04.2011, 23:28
  4. Աշխարհագրական անունները հայերեն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •