Ընդամենը մի քանի հատված եմ այստեղ դնում, մնացածը կարող եք տակի հղումով կայքում գտնել:![]()
Աղբյուր՝ Կամսար Ավետիսյան «Հայրենագիտական Էտյուդներ», Երևան,1979:
http://www.armenianhouse.org/avetisyan/armenology.html
ԿՈՆԴ
Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը նրան տրվել է բարձր դիրքի պատճառով։ Չէ՞ որ կոնդ բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։
Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։
Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը
փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։
Դալման հռչակված էր իր ընտիր խաղողով, որի այգիները փռված էին Հրազդանի աջափնյա բարձունքներում։
Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է։
Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մահմեդականները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։
Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, նրա հետ նաև Կոնդը, որը տարածվեց ցածրադիր մասերում։
Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։
Երևանի բերդը տեսել ու նկարագրել են շատ ճանապարհորդներ, բայց ոչ մեկը այնպես պատկերավոր չի նկարագրել, ինչպես Խ. Աբովյանը իր «Վերք Հայաստանի»–ում:
Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
ՇԻԼԱՉԻ
Երևանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաև նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երևանը։
Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան և գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ, կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ և այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գորւծարար մասում։
Առանձին է եղել նաև շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» և «շիլաչի»։
Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։
Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, բնականաբար «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան, սերունդներին թողնելով, իբրև հիշատակ, ներկա Շիլաչի անունը։
Էջանիշներ