Երեւանի կենտրոնը հնարավոր է` փլուզվի: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Պատճառը, ըստ գիտնականի, քաղաքի տակով հոսող ջրերն են: «Վայրկյանում 1200 լիտր ջուրը իր հետ մոտ 500-600 կիլո հող` գրունտ է տանում: Ամբողջը դատարկություն է քաղաքի տակ»,- ասաց Յադոյանը:
Նրա խոսքերով Երիտասարդականից սկսած մինչեւ Հրապարակ մետրոյի թունելները կտրեցին Երեւանի ստորգետնյա ջրերի երեք հորիզոնները:
«Ջրհան պոմպերով մետրոյի համար վայրկյանում 1000-1200 լիտր ջուր են հանում: Առաջ Կայարանը, Զորավար Անդրանիկը բոլորը ջուր էր: Դրանից հետո Կաշվի գործարանի մոտից թունել բերեցին Զորավար Անդրանիկի տակ: Հիմա ջրերը հանում, լցնում են այդ թունելը, որը գնում թափվում է Հրազդան,- ասաց Ռուբեն Յադոյանը,- Կինո Մոսկվայի մոտից սկսած, Ղուկասյան փողոցի, Երեւանի քաղաքապետարանի, Սպարտակ ստադիոնի, Զորավար Անդրանիկի տակ դատարկություններ կան: Աբովյան, Թումանյան, Հանրապետական, Պուշկին փողոցների, Հյուսիսային պողոտայի, Մաշտոցի պողոտայի շենքերի պատերը ճաքում են, շենքերը նստում են: Անմիջապես Ռոսիայի կողքին, որ ճանապարհ էին սարքում, հողը նստեց: Եվրոպայում, Ամերիկայում աղմուկ բարձրացավ, բայց այստեղ ծածկեցին: Գիշերը եկան, լցրեցին, փակեցին, ոչ մեկին չասեցին, բայց դա ես գիտեմ»: Ռուբեն Յադոյանը նշեց, որ այդ իրավիճակի մասին ինքը զգուշացրել է իշխանություններին, գրավոր տեղեկացրել է եւ քաղաքապետարանին, եւ կառավարությանը, խոսել ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ եւ առաջարկել է տարբերակ, որով կարելի է կանխել հնարավոր աղետը:
Ռ.Յադոյանի համոզմամբ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել դատարկությունների հստակ տեղը որոշելու համար, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի վտանգի աստիճանը փոքրացվի կամ լրիվ կանխվի:
Էջանիշներ