Այժմ ներկայացնում եմ, թե թարգմանության տարբերակներից յուրաքանչյուրի հեղինակն ով է: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար:
Հեղինակ 1- Ariadna
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը
Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը,
Ուր մանկան պես խայտում է գետակը զուլալ,
Ուր թավ մացառով ձագերին առած՝
Մայր լորը կեր է հայթայթում նրանց։
Իմ սրտին մոտ են այս լեռն ու լանջերը,
Առավել քան ծովն ու կանաչ դաշտերը,
Ինձ մոտ են քանզի հենց լեռան լանջին,
Իմ սերն է ապրում՝ երազն ու հոգին։
Սիրում եմ ես ջինջ ու վարար առուն,
Որ խաղով իջնում է կանաչ իր ճամփով,
Առվի կարկաչը ու սերս կողքիս՝
Այսպես կարող եմ զբոսնել ժամերով։
Հուրի փերի չէ նա, բայց շատ էլ լավն է,
Օժիտն էլ, ասում են, աղքատ ու վատն է,
սիրեցի սակայն առաջին պահից,
պատճառը մեկն է՝ հենց նա սիրեց ինձ։
Ով կդիմանա հուրի փերիին,
Փայլուն աչքերին ու վառ այտերին,
Ու թե այդ փերին խելքով է նաև,
Ճեղքում է սրտեր, կուրացնում աչքեր։
Սակայն ինձ համար ալմաստից թանկ են,
Քնքուշ, հոգատար աչքերը նրա,
Գրկում եմ նրան ու սեղմում կրծքիս,
Ու սերն է նրա շլացնում հոգիս։
Հեղինակ 2- Sophi
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Վայրի մշուշոտ լեռներում...
Այնտեղ լեռներում, մշուշուտ ու վայրի
Ծնվում է Քլայդ գետը՝ խնամվում ու սնվում:
Այնտեղ է սոխակը կերակրում ձագերին,
Հովիվը սրնգի երգով իր հոտը հսկում:
Հարազատ են խոռոչներն ու ճեղքերն ինձ լեռների
Ավելի քան ծովի ափը և կանաչը դաշտերի:
Հարազատ են, քանի որ լեռներում՝ մոտ աղբյուրին
Ապրում է ուրախությունն իմ՝ իմ հոգսն ու իմ հոգին:
Սիրում եմ գետակները թափանցիկ ու զառիվար,
Որ վազում են արահետներով կանաչի,
Ուր ջրի շշունջների ներքո ժամեր մոռացած՝
Թափառում եմ ընկերուհուս հետ սիրելի:
Գեղեցկագույնը չէ նա՝, բայց և նազելի
Սերում է տոհմից նա թեև շատ համեստ
Լավ ուսումից էլ փոքր է նրա բաժինը
Բայց սիրեցի նրան, որովհետև նա ինձ սիրեց:
Ո՞վ կկարողանա կանգնել գեղեցկուհու առաջ,
Ո՞վ կդիմանա նրա հայացքի փայլքին,
Եթե մի քիչ խելոքություն էլ ունենա այնժամ՝
Նա կուրացնելով մեր կուրծքը կխոցի:
Սակայն բարությունը, քաղցր բարությունը քնքուշ աչքերի
Ունի փայլ շլացնող ինձ համար ադամանդից ավելի:
Եվ սրտի սիրո բախոցը , երբ ես հպվում եմ կրծքին՝
Օ՜հ սրանք են ինձ հմայում, նվաճում ամբողջովին:
Հեղինակ 3- Ուլուանա
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Այնտեղ են մամռոտ, սեգ լեռները վայրի
Այնտեղ են մամռոտ սեգ լեռները վայրի,
Որ հսկում են խաղաղ մանկությունը Քլայդի,
Ուր կաքավը յուր կերն է փնտրում ցախու մեջ,
Եվ հնչում է հովվի մեղմ սրինգը անվերջ։
Թե՛ դաշտերը անծիր, թե՛ ափերն արևոտ
Ոչինչ են այն մամռապատ ցախուտների մոտ,
Քանզի այնտեղ՝ մենավոր առվակի ափին,
Մի աղջիկ է բնակվում՝ իմ սիրտն ու հոգին։
Այդ վայրի լեռներո՛վ կձգվի իմ ուղին,
Ուր առվակը կարկաչուն զարկվում է քարին,
Ու այնտեղ նրա հետ կշրջեմ անընդհատ,
Մինչ ժամերը սիրո կանցնեն աննկատ։
Չքնաղ չես ասի նրան, միայն գեղանի,
Ոչ էլ նույնիսկ մի կարգին կրթություն ունի,
Ու ծագումն էլ նրա հասարակ է այնքան,
Բայց նա շատ է սիրում ինձ, ու ես էլ՝ նրան։
Գեղեցկուհու հմայքին ո՞վ կդիմանար,
Նրա շիկնած այտերին, հայացքին անմար։
Դրան էլ որ գումարես սուր միտք, նրբություն,
Մարդ շլանում է արդեն. չկա փրկություն։
Սակայն բարությունն աչքերի սիրավառ
Ցանկացած ալմաստից թանկ է ինձ համար,
Նրա՝ սիրուց բաբախող սրտիկն իմ գրկում,
Օ՜, ամենից զորավոր հմայքն է կյանքում։
Հեղինակ 4- Ariadna
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը...
Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը,
Ուր մանկան խաղով հոսում է առուն,
Ուր թփերի մեջ, ձագերն հետևից,
Լորիկը ահա սնունդ է փնտրում։
Իմ աչքին հաճո են լեռներն ու լանջերը,
Ծովից ու կանաչ հովտից ավելի,
Պատճառը մեկն է. հենց այս առվի մոտ,
Լեռան ստորոտին իմ սերը կապրի։
Սիրում եմ զուլալ, խոխոջուն առուն
Որ կանաչ ճամփով վազում է հեռուն,
Առվակի խշշոց ու սերս գրկիս՝
Այսպես պատրաստ եմ քայլել անդադրում։
Գեղեցկուհի չէ նա, բայց շատերից լավն է,
Գիտեմ, օժիտն էլ բավական վատն է,
Բայց և սիրեցի առաջին օրից,
Որովհետև նա սիրահարվեց ինձ։
Չի դիմանա ոչ մի տղամարդ
Գեղեցիկ կնոջ փայլին, հմայքին,
Ու թե խելքով էլ կինն աչքի ընկավ,
Սիրտդ ու հոգիդ իրենով կանի։
Բայց բարի հմայքը նրա աչքերի,
Թանկ է ինձ համար ոսկուց ավելի,
Եվ նրա գրկում արյունս է եռում,
Ու սիրտս սիրուց ուժգին բաբախում։
Հեղինակ 5- Ուլուանա
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում...
Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում,
Ուր գետակը մատղաշ խոխոջում է, խայտում,
Ուր ցախիները հաղթահարելով՝
Կաքավը կեր է փնտրում երամով։
Ինձ համար վիհերն ու լանջերը լեռան
Ավելի թանկ են, քան դաշտերը լայն,
Թանկ են, քանի որ սարում՝ առվի մոտ,
Իմ սերն է ապրում, ես նրան եմ կարոտ։
Ես սիրում եմ զուլալ, խոխոջուն առվակին,
Որ հոսում է կանաչ կածանով ցնծագին,
Այդ հնչյունների տակ ժամեր շարունակ
Ես ու սիրելիս զբոսնելու ենք մենակ։
Նա գեղուհի չէ, բայց լավիկն է շատ,
Գիտեմ, որ օժիտ էլ չունի դեռ պատրաստ,
Բայց ես սիրել եմ նրան հենց սկզբից,
Քանզի նա էլ է սիրահարվել ինձ։
Գեղուհու հանդիպելիս ո՞վ չի գրավվի
Վարդագունած այտերով, փայլով աչքերի,
Իսկ որ դրա հետ մեկտեղ խելք էլ ունենա,
Հմայքից արդեն մարդու սիրտ կթուլանա։
Բայց հոգատար աչքերի հմայքը բարի
Ինձ համար ալմաստից էլ թանկ է ավելի։
Վկա են նրա սրտի զարկերը,
Հենց սա է, որ կա, իսկական սերը:
Հ. Գ. Արտամրցութային թարգմանությունը՝ Հայկօյի:
Էջանիշներ