Ուշադրություն:
Ստորև ներկայացնում եմ ընդհանուր պատմվածքի առաջին մասը, որը սիրով մեզ տրամադրել է Հեղինակը: Շարունակությունները կարող եք ուղարկել մեկ շաբաթվա ընթացքում: Վերևի գրառման մեջ ծանոթացեք նախագծի բոլոր պայմաններին: Ձեր ուղարկած շարունակության մեջ պարտադիր նշեք ամբողջական պատմվածքի վերնագիրը:
................................................................................................
Ճռռ: Դուռը բացվեց:
Նայեց: Հայացքը դռնից կամաց ներս մտավ: Բում: Կապտուկ՝ մթության ուժեղ հարվածից: Ոտքերը մնացին տեղում: Առջևում բաց դուռն էր:
«Դուռը լավ է»,- մտածեց արագ:
Շնչառությունը լարվեց:
«Բացն էլ է լավ»: Հը՞ն: Զառանցանք:
- Դուռը լավ է, բացը լավ է,- ասաց բարձր, որ ոտքերը լսեն:
Բայց նրանք տարված էին հայացքի կապտուկով:
Հետևից չհրեցին: Չկար ոչ ոք:
- Դուռռռը...
Ձայնն իրենն էր:
Իսկ եթե հե՞տ: Ուր: Հետ: Որտեղից որ եկավ: Հենց այնտեղ: Լուսավոր, կանաչ... չէ, ամեն գույնի: Կանաչ էլ: Այնտեղ, ուր ձայներ են, ձեռքեր: Ուրիշների:
Բայց առաջ գնաց: Մտավ դռնից ներս:
Դխկ: Դուռը փակվեց:
«Այդպես էլ պիտի լիներ»,- հաստատեց մտքով:
Ֆիլմերից ծանոթ սցենար: Հիմա կամ սարսափ, կամ միստիկա, կամ էլ ոչինչ: Չէ, վերջինին համաձայն չէր: Ոչինչը հետևում էլ կար՝ գունավոր, ձայնաշատ...
Սկսեց ձեռքերով փնտրել պատը: Շրխկ: Լույսը վառվեց:
Սովորական սենյակ:
«Պատմություն սարքեցիք... Սարսա՜փ, միստի՜կա»: