Հասարակություններում տեխնոլոգիաները, ծնելիության նվազումը և անցյալի նախապաշարմունքները սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ են դառնում
Չինացի գրող Հինրան Հյուն նկարագրում է իր այցելությունը Յիմենգ շրջանի Շանդոնգ գավառի մի գյուղական ընտանիք: «Կինը ծննդաբերում էր: Մենք մի կերպ նստած էինք խոհանոցում,- գրում է նա,- երբ լսեցինք կողքի սենյակից եկող ողբագին ճչացող կնոջ ձայնը. նրա լացուկոծն ավելի ու ավելի բարձր էր դառնում, և հանկարծ դադարեց: Հետո լացը վերածվեց հեկեկանքի , ապա տղամարդու կոպիտ ձայնը մեղադրական տոնով ասաց` անպետք բան է»:
«Հանկարծ կարծես թխկոց լսեցի հետևում դրված կեղտաջրով լի դույլի մեջ»- հիշում է Հինրան,- շուռ եկա և սարսափեցի` տեսնելով դույլի պռունկից կախված փոքրիկ երեխայի ոտքը: Կարծեցի, թե քույրը կենդանի-կենդանի այդ երեխային գցել է մեջը: Ինքնամոռաց ինձ գցեցի դույլի վրա, բայց ոստիկանները, որոնք ուղեկցում էին ինձ, ամուր բռնելով արմունկներիցս, կանխեցին իմ այդ պոռթկումը ասելով. «Մի շարժվեք, արդեն շատ ուշ է , փրկել չեք կարղ»: « Բայց սա սպանություն է, և դուք ոստիկաններ եք»: Փոքրիկ ոտքը դույլի մեջ անշարժացավ: «Աղջիկ երեխա ունենալը մեծ բան չէ այս կողմերում»,-մխիթարական տոնով ասաց տարեց մի կին: «Բայց չէ՞ որ դա կենդանի երեխա է»- դողացող ձայնով ասացի` նայելով դույլին: «Դա երեխա չէ,- ուղղեց ինձ կինը, – դա աղջիկ երեխա է, և մենք չենք կարող նրան պահել: Այս կողմերում չես կարող յոլա գնալ առանց որդու: Աղջիկ երեխաները հաշիվ չեն»:
2010 թ. հունվար ամսին Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիան (ՉՍԳԱ) ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել երկրին, երբ աղջիկ երեխաները «հաշիվ չեն»: Ըստ ակադեմիայի տվյալների` 10 տարվա ընթացքում 5 երիտասարդ տղաներից 1-ի համար անհնար կդառնա կին ճարելը, ինչը աննախադեպ երևույթ է խաղաղ պայմաններում գտնվող երկրի համար:
Սեռասպանություն (genderside) եզրույթը, որ առաջին անգամ օգտագործվել է 1985 թ. Մարի Աննա Ուարենի հեղինակած գրքում, Չինաստանի «մեկ երեխա» քաղաքականության հետևանք է, որ առաջադրվել է 1979 թ.: Եվ ինչպես պարզվում է, աղջիկ երեխաների դեմ պատերազմը չի սահմանափակվում միայն Չինաստանով:
Հնդկաստանի որոշ շրջաններում սեռային հարաբերակցությունը շատ չի տարբերվում հարևան Չինաստանից: Մյուս արևելյան ասիական երկրները` Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը նույնպես տղա երեխաների ծնելիության բավական մեծ ցուցանիշ ունեն: Այս նույն երևույթը նկատվում է նաև Կովկասում և Բալկանների արևմտյան երկրներում, նույնիսկ Միացյալ Նահանգների բնակչության որոշ խմբերում:
Իրական պատճառը, ըստ ամերիկացի ժողովրդագետ Նիկ Էբերստադի, ոչ թե պետք է փնտրել որևէ երկրի հատուկ քաղաքականության, այլ տղա երեխա ունենալու համատարած նախապատվության, արագորեն տարածվող տեխնոլոգիաների (նախապես սեռը պարզող) և ծնելիությունը նվազեցնող միջոցների մեջ:
Տղա երեխաների վաղ հասակում մահացության ցուցանիշը մի քիչ ավելի բարձր է, քան աղջիկ երեխաներինը: Որպես փոխհատուցում` ավելի շատ տղա երեխաներ են ծնվում քան աղջիկ երեխաներ, որպեսզի սեռական հասունության շրջանում հավասար քանակով կանայք և տղամարդիկ լինեն: Այն հասարակություններում, որտեղ ծնունդները գրանցվում են, յուրաքանչյուր 100 ծնված աղջկա դիմաց մոտ 103-106 տղա է ծնվում:
Այդ օրնաչապությունը, սակայն, վերջին 25 տարիների ընթացքում հիմնովին փոխվեց: Չինաստանում սեռային հարաբերակցությունը 1985-1989 թթ. սերնդի համար 108 էր, 2000-2004 թթ. սերնդի համար` 124 տղա 100 աղջկա դիմաց: Ըստ ՉՍԳԱ- ի, այսօր այդ թիվը 123/100 է: Եվ այս տարբերությունը տարեցտարի աճում է: Նման հարաբերակցությունը, առանց մարդու միջամտության, կենսաբանորեն անհնարին է:
Այլ երկրներում նույնպես սեռային հարաբերակցությունը շեղվել է: Թայվանում այդ հարաբերակցությունը հասել է 110-ի, Հարավային Կորեայում սեռային հարաբերակցությունը` հօգուտ արական սեռի, 1990 թ. հասավ 117-ի, ապա դարձավ աշխարհում ամենաբարձրը և ի վերջո իջավ համեմատաբար ավելի նորմալ մակարդակի:
Չամուսնացած տղամարդկանց մեծ թիվն այս հարուստ երկրում հանգեցնում է նրան, որ տղամարդիկ սկում են հարս բերել այլ երկրներից: 2008-ին ամւսնությունների 11%-ը խառնամուսնություններ էին, մեծ մասամբ կորեացի տղամարդկանց և օտարազգի կանանց միջև: Սա լարման պատճառ է դառնում մինչ այդ համասեռ եղած հասարակության մեջ, ինչը հաճախ դաժանաբար է անդրադառնում այդ ընտանիքներում ծնված երեխաների վրա, որոնց արդեն «Kisian» կամ կորեա-ասիականներ են անվանում:
1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո սեռային մեծ անհավասարակշռություն սկսվեց Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Սեռային հարաբերակցությունը` հօգուտ տղա երեխաների, 1991-2000 թթ. այս պետություններում նորմալից աճեց մինչև 115-120: Այս նույն աճը Հարավսլավիայի քանդվելուց հետո ի հայտ եկավ նաև Բալկանյան որոշ պետություններում: Սերբիայում և Մակեդոնիայում այս հարաբերակցությունը հասավ 108-ի: Սեռային անհավասարության նշաններ են նկատվում են նաև Ամերիկյան տարբեր ասիա-ամերիկյան խմբերում: 1975-ին, ըստ պրն Էբերստադի հաշվարկների, սեռային անհավասարակշռությունը չինա-, Ճապոնա-, Ֆիլիպինյան ամերիկացիների շրջանում 100-106 էր, իսկ 2002-ին 107-109:
Բայց ամենաուշագրավ ռեկորդը սահմանում է մեկ այլ գերհսկա երկիր` Հնդկաստանը:
2001-ին 6 տարեկանից բարձր երեխաների մեջ հարաբերակցությունը կենսաբանորեն անառարկելի 104-ից աճել է կենսաբանորեն անհնարին 108-ի: Իսկ մի շրջանում 1991-ին սեռային անհավասարակշռությունը 125-ից բարձր էր:
Նման անհավասարության պարագայում տրամաբնությունը թելադրում է, որ սա ավանդապահ երկրներին հատուկ հետամնացության կամ (Չիանաստանի պարագայում)_ մեկ երեխա ունենալու քաղաքականության հետևանք է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ քաղաքականության բարեփոխումները կամ հասարակության արդիականացումը (ասենք` կանանց դիրքի բարձրացումը) կարող են սեռային հարաբերակցությունը բերել հավասարակշռության: Բայց դա միշտ չէ, որ հաջողվում է. սեռային նորմալ հարաբերակցության հասնելու ճանապարհը դեռևս ոլորապտույտ ու խորդուբորդ է:
Այն հասարակություններում, որտեղ ընտանեկան գիծն անցնում է որդու միջոցով, և տղայի պարականությունն է հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս մեծանան, տղան ավելի մեծ արժեք ունի, քան աղջիկը: Այս հասարակություններում աղջիկն այլ ընտրություն չունի, քան ամուսնանալուց հետո միանալ իր ամուսնու ընտանիքին: Եվ համարվում է, որ նա կորած է իր ծնողների համար: Ինչպես հնդկական ասացվածքն է ասում. «Աղջիկ մեծացնելը նույնն է, ինչ ջրել հարևանի բոստանը»:
Տղային նախապատվություն տալը երևում է նաև հարցումների ժամանակ: 1990-ին Հնդկաստանի կառավարությունը հարցում էր անում կանանց շրջանում, թե ինչ սեռի երեխա կուզենան: Դեռևս երեխա չունեցող կանանց 1/3-ը նախընտրում էր տղա, 2/3-ը որևէ նախընտրություն չուներ և միայն հատուկենտ կանայք էին աղջիկ երեխա ունենալու ցանկություն հայտնել: Պակիստանում և Եմենում անցկացված հարցումները նույնն են ցույց տալիս: Որոշ զարգացող երկրներում 10 կանանցից 1-ն է միայն ցանկություն հայտնում աղջիկ երեխա ունենալ:
Մինչև 1980- ականներն աղքատ երկրների բնակիչները շատ քիչ բան կարող էին անել սեռային ընտրութան հարցում: Մինչ երեխայի ծնունդը բնությունն իր գործն անում էր: Սակայն 1980 ականներին ուլտրաձայնային ստուգումը (scanning) և սեռը որոշող այլ մեթոդների ի հայտ գալը շատ բան փոխեցին: Հնդկաստանի բժիշկները սկսեցին ուլտրաձայնային ստուգումը գովազդել հետևալ կարգախոսով «Վճարիր այսօր 5000 հնդկական ռուպի (110$) և խնայիր 50000 ռուպի վաղվա համար» (խնայողությունը աղջկա ապագա օժիտի հաշվին է): Այսպիսով, այն միլիոնավոր ծնողները, ովքեր որդի էին ցանկանում ունենալ, բայց դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:
Հնդկաստանում 1994-ին և Չինաստանում 1995-ին սեռային ընտրությամբ պայմանավորված արհեստական վիժեցումն արգելվեց: Այս երևույթն անօրինական է գրեթե բոլոր երկրներում (սակայն Շվեդիան 2009-ին օրինականացրել է դա): Քանի որ գրեթե անհնարին է ապացուցել արհեստական վիժեցման պայմանավորվածությունը երեխայի սեռով, այս գործելակերպը դույզն-ինչ չի նվազում: Ուլտրաձայնային չափորոշումն արժե 12 դոլար, ինչը թե՛ չինական, թե՛ հնդկական ընտանիքների մեծ մասի համար մեծ գումար չէ:
Սեռը կանխորոշող տեխնոլոգիաները ոչ միայն նպաստեցին սեռային անհավասարության աճին, այլև մեկ այլ մինչ այդ առեղծվածային երևույթի բացատրությունը տվեցին: Սեռային անհավասարակշռությունը միտված է աճելու եկամուտների և կրթության աճին զուգընթաց: Փաստորեն սնանկ է այն ենթադրությունը, թե սեռային անհավասարակշռությունը լոկ հետամնացության հետևանք է: Հնդկաստանում ամենաբարեկեցիկ նահանգներից մի քանիսը, օրինակ` Մահարաշտրան, Փենջաբը, Գուջարան, աչքի են ընկնում սեռային խիստ անհավասարակշռությամբ: Չինաստանում որքան բարձր է շրջանի կրթվածության մակարդակը, այնքան ավելի անհավասարակշռված է սեռային կազմը:
Այսպիսով, արդիականացումը` իր աճող եկամուտներով, ավելի հեշտ և ցանկալի է դարձնում երեխայի սեռն ընտրելը: Ավելին, համեմատաբար փոքր ընտանիքներն ավելի մեծ եռանդ են ներդնում տղա երեխա ունենալու համար: Երբ ընտանիքը մեծ է. մի տղան էլ բավական է, որ շարունակի ընտանիքի գիծը: Բայց եթե ընտանիքում միայն մեկ կամ երկու երեխա պիտի ծնվի, ապա դրանց սեռի հարցը դժվար է թողնել բախտի քմահաճույքին:
Մարդկության ամբողջ պատմության ընթացքում հանցագործությունների ու բռնությունների մեծ մասի հեղինակը երիտասարդ տղամարդիկ են եղել, հատկապես ամուրի տղամարդիկ: Մանավանդ այն երկրներում , որտեղ մարդու հասարակական դիրքը և հեղինակությունը մեծապես կախված են ամուսնացած լինելուց և երեխաներ ունենալուց, ինչպես, օրինակ` Չինաստանում և Հնդկաստանում, ֆրուստրացիա ապրող ամուրի տղամարդկանց թվի այսպիսի աճը հղի է մեծ վտանգներով: Չինաստանում անցած 20 տարիների ընթացքում հանցագործություններն աճել են գրեթե երկու անգամ` ներառելով հատկապես այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են աղջիկ առևանգելը, կանանց թրաֆիքինգը, բռնաբարությունները և մարմնավաճառությունը:
Բռնությունն ու հանցագործությունները, սակայն, միակ հետևանքը չեն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO)` Չինաստանում կանանց ինքնասպանության թիվն աշխարհում ամենաբարձրերից է: Լրագրող Հուան Հյուն կարծում է, որ ինքնասպան կանայք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ արհեստականորեն վիժել կամ սպանել են իրենց դուստրերին:
Մոտ ապագայում սեռային ընտրողականության հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն: Սոցիալական հետևանքներն ավելի ակնառու կդառնան, այսուհանդերձ իրավիճակն անհուսալի չէ, քանի որ և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանն ու Հարավային Կորեան սկսել են լրջորեն գիտակցել վտանգը և քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
4 մարտ, 2010 թ.
«Էկոնոմիստ» ամսագիր
Այս հոդվածը կարդալու ժամանկ հիշեցի դեռ մանկությունից իմ վրա ահավոր ծանր տպավորություն թողած մի դեմք: Գյուղ էինք գնացել ու մի ծանոթի տանը հյուր էինք: Նկատեցի, որ տան տղամարդը ինչ որ կարևոր գործով էր զբաղված, իսկ տան երեխանները նրան օգնում, աղմուկով իրար էին անցել: Այդ պահին լսեցի շան ձագերի ծմրտոց ու փորձում էի հասկանալ թե ինչ է կատարվում: Քանի որ անծանոթ տեղ էր, չէի համարձակվում տնից դուրս գալ, բայց հետաքրքրությունս հաղթեց, մոտեցա տնից քիչ հեռու հավաքված երեխաների ու տեսա , թե ոնց են նայում իրենց ոտքերի մոտ շարժվող հողի կողքը վեր ու վար անող ու անսովոր ձայնով ողնացող շանը: Այդ պահին ես չհասկացա, թե ինչ էր կատարվում, և երբ հարցրեցի, երեխաներից մեկը շատ անտարբերութամբ պատասխանեց, հեչ, շան ձագերին ենք թաղել, ու իմ շուրթերին քարացավ < ո?ղջ –ողջ> բառը:Մինչև հիմա էլ այս պատմությունը հիշելիս մարմնովս սարևսուռ է անցնում, իսկ այս դեպքը…….
Էջանիշներ