Դե իրականում ցանկացած բան կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ՝ սկսած երկրորդ դասարանցի Սոնչիկի ծուռտիկ-մուռտիկ շարադրությունից, վերջացրած Աստվածաշնչով: Իրականում դա կարևոր չէ. սևով սպիտակի վրա գծված սիմվոլները էական չեն: Էականը այն է, ինչ ներսում է: Նկատի ունեմ՝ զույգ երկիամներից, պոետի սրտից և գաղտնի ձևավորվող չարորակ ուռուցքից բացի: Ըստ դրա՝ կարելի է ուշադրություն դարձնել, ասենք, այն հատվածներին, որտեղ Աստված Հոբի հավատը փորձելու համար կոտորում է նրա ողջ ընտանիքը, Աբրահամից պահանջում է դանակահարել իր մինուճար որդուն, կամ մահվան է մատնում Եգիպտոսի բոլոր առաջնեկ երեխաներին: Կամ կարելի է ուղղակի հասկանալ, որ այդ ողջ խճճված «Աբրահամ-Իսահակ-Հակոբ» պորգրեսիաների, Քանանու երկրների, երկու հացերի ու երեք ձկների մեջ կարևոր են ընդամենը հետևյալ երկու մտքերը. «Սիրի՛ր մարդկանց» և «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին»: Մնացածը հին կաղապար է՝ հին՝ մի քանի հազար տարիների ընթացքում ապրած ու մեռած մարդկանց համար: Ամեն դեպքում, ինչքան էլ որ այն հին լինի, մարդիկ ու մարդկանց ներսի զույգ երկիամները, պոետի սիրտն ու գաղտնի ձևավորվող չարորակ ուռուցքը միշտ նույնն են, հետևաբար՝ «Սիրեցեք զմիմիյանս»-ն էլ է միշտ ակտուալ: Բնականաբար՝ այս մտքերն էլ կարելի է մեկնաբանել կամայական ձևերով. ինչ-որ մեկի համար «Սիրեցեք իրարը» կարող է նշանակել «Անալ սեքսով զբաղվեք իրար հետ». մեկ ուրիշը, ի պատասխան «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» մտքին, կարող է ասել, որ ինքը մանկուց երազում է ուրագով կտոր-կտոր անել իր բոլոր դիմացիններին, որպեսզի երկար ու ցուրտ ձմեռներին սոված չմնա, սակայն ինքն անձամբ դեմ է ձմեռվա պաշար դառնալու հեռանկարին, և այլն: Վերաբերմունքի հարց է: Քեզ համար սատանիզմը մի ուղի է, որը տանում է դեպի գիտելիքը, դեպի ազատը, համարձակը, ստեղծագործը, անհատականը, ուժը և ըմբոստությունը. մեկ ուրիշի կարծիքով՝ բոլոր սատանիստները ամիսը մեկ՝ լիալուսնի ժամանակ, հավաքվում են գերեզմանոցներում, պենտագրամ են նկարում ու խմում են նորածին երեխաների արյունը, և նրանց բոլորին հարկավոր է ցցի հանել:
Մի խոսքով, ասածս ինչ էր. միշտ էլ կարելի է ասել, որ Աստվածաշունչը Աստծու խոսքն ա: Միշտ էլ կարելի է վիճարկել այս պնդումը: Բայց իրականում դա թե՛ ոչ մի բան չի փոխի, և թե՛ բնավ կարևոր չէ. այն, ինչն իսկապես կարևոր է, թղթի վրա տպված բառերի հետ կապ չունի:
Էջանիշներ