Շերլոկ Հոլմս
ԱՄՆ, 2009
Ռեժիսյոր` Գայ Ռիչի
Դերասաններ` Ռոբերտ Դաունի կրտսեր, Ջուդ Լոու, Ռեյչըլ ՄակԱդամս, Մարկ Սթրոնգ և ուրիշներ
IMDB-ի գնահատականը` 7.6/10 (66 043 ձայն)
Ժանրը` դետեկտիվ, էքշն, թրիլլեր, դրամա, արկածային
Պաշտոնական սայթը` http://sherlock-holmes-movie.warnerbros.com/
Շատերն են այս ֆիլմը համեմատում սովետական դասական «Հոլմսի» հետ, շատերն են վրդովված վեր ցատկում. «ինչպե՜ս կարելի է»: Եվ սակայն՝ Գայ Ռիչիի «Հոլմսը» նախ և առաջ պարզապես հրաշալի ֆիլմ է (առանց որևէ համեմատությունների), և երկրորդ՝ այն լրիվ ուրիշ հարթության վրա է, քան սովետական սերիալը:
Գայ Ռիչին, անշուշտ, Գայ Ռիչի չէր լինի, եթե «հավատարիմ» էկրանավորում նկարեր՝ կուրորեն հետևելով գրական բնօրինակին: Բայց մյուս կողմից՝ նրա ստեղծած ֆիլմը ծաղրանմանակում էլ չի, ինչպես շատերն էին ենթադրում պրեմիերայից առաջ: Ռիչիի «Հոլմսը» գրքային դասական կերպարների վերաիմաստավորումն է՝ ըստ պոստմոդեռնիստական հոսանքի սկզբունքների և հենց իր՝ Գայի անկրկնելի անհատական ոճի: Բայց զգացվում է, որ նույնիսկ այս յուրօրինակ մեկնաբանությունը հագեցած է բնօրինակի նկատմամբ հարգանքով և մեծ համակրանքով է լցված Հոլմսի ու Վաթսոնի կերպարների հանդեպ (չնայած Կոնան Դոյլի ստեղծագործություններից ֆիլմում կերպարներից բացի ուրիշ ոչ մի բան չի էլ մնացել. ֆիլմի սյուժեն զրոյից է հորինված):
Էքստրավագանտ դետեկտիվի դերը Ռիչին վստահել է Ռոբերտ Դաունի-կրտսերին, իսկ նրա լավագույն ընկերոջ ու օգնականի կերպարը մարմնավորել է Ջուդ Լոուն: Եվ չնայած՝ հանդիսատեսների մեծ մասը ի սկզբանե կասկածանքով է վերաբերվում նրանց (մի՞թե սրանք են Հոլմսն ու Վաթսոնը), չնայած Լիվանով-Սոլոմին զույգի հետ անխուսափելի համեմատություններին՝ չի կարելի չընդունել, որ ֆիլմի ամենագլխավոր արժանիքներից մեկը հենց այս դուետն է: Ընդ որում՝ Լոուն իր բեղիկներով ու կլոր գլխարկով այնքա՜ն արժանահավատ տեսք ունի, որ նրա Վաթսոնին վարժվում ես ֆիլմի առաջին իսկ կադրերից: Դաունի-կրտսերի Հոլմսին վարժվելը մի քիչ ավելի դժվար է, սակայն դրա փոխարեն՝ այն ավելի հետաքրքիր ու անսպասելի պերսոնաժ է:
Սառնարյուն, արիստոկրատիզմով լեցուն, ինքնավստահ հետախույզի փոխարեն մեզ հրամցնում են նևրաստենիկ, կիսախենթ-կիսամոլագար մի կերպարի, ծայրահեղ աստիճանի հակահասարակական մի մարդու, ով անընդհատ ձգտում է կտրվել իրականությունից՝ փակվելով իր սենյակում (ու թաղվելով ամենաբազմապիսի հնոտիների լեռների տակ) ու իրեն նվիրելով, օրինակ, խենթ գիտափորձերին: Նա մերթ ուսումնասիրում է ջութակի ձայնի ազդեցությունը ապակյա տարայում փակված ճանճերի վրա, մերթ հետաքրքրության համար կախում է ինքն իրեն առաստաղից, մերթ էլ Վաթսոնի շնիկի վրա զանազան դեղեր ու անէսթետիկներ է փորձարկում: Անհանգիստ աչքերը, թափթփված արտաքինն ու գզգզված մազերը ամբողջացնում են Հոլմսի այս նոր կերպարը:
Ի դեպ՝ ֆիլմում անչափ հետաքրքիր կերպով է ներկայացված Հոլմսի սերը ջութակի հանդեպ: Ռիչիի Շերլոկ Հոլմսը պարզապես մատներով ծնգծնգացնում է ջութակի լարերը՝ քաոսային հնչյուններ քամելով գործիքից. հին ու բարի Անգլիան հիշեցնող ոչ մի նոստալգիկ մեղեդի այս ֆիլմում չկա: Դե, մեր մեջ ասած, այստեղ «հին ու բարի Անգլիա» էլ չկա. Գայ Ռիչին Լոնդոնը ցույց է տվել որպես տարբեր թափթփուկների, գողերի, ավազակների ու մարդասպանների հավաքատեղի, ինչպես նաև՝ սև մոգության հետ խաղացող քաղաքական ավանտյուրիստների թատերաբեմ:
Բնականաբար՝ այս ամենը չէր կարող ազդեցություն չունենալ ֆիլմի ժանրի վրա: Դասական անգլիական դետեկտիվի տարրեր այստեղ գրեթե չկան (դանդաղ, ոչ մի լուրջ բան չխոստացող սկիզբ, ինտրիգի անշտապ զարգացում, լավ քողարկված չարագործներ, որոնք սկզբում անմեղ ու բարի մարդիկ են թվում…): Փոխարենը շատ են կռիվներն ու կրակոցները, հոլիվուդյան բլոկբաստերների ոգով էքշն-տեսարանները, զուտ գայռիչիական յուրահատուկ հումորը (հնարավորության դեպքում անպայման նայեք անգլերեն լեզվով) և խճճված լավ-սթորին (ասենք՝ այստեղ նույնպես Ռիչին, քմծիծաղը դեմքին, «խաբում» է հանդիսատեսին ու չի արդարացնում նրանց ակնկալիքները՝ ձախողելով երկար սպասված համբույրը լոնդոնյան գեղեցիկ պանորամայի ֆոնի վրայի):
Այսպիսով՝ նոր «Շերլոկը» վառ ու օրիգինալ ֆիլմ է, բայց, անշուշտ, ճաշակին ընկեր չկա. hնարավոր է, որ այն ձեզ դուր չգա: Ինչ ինչ, բայց Գայ Ռիչիի ֆիլմերը երբեք էլ լայն մասսաների համար նախատեսված չեն եղել: Ավելին՝ այս կինոնկարը կարող է հիասթափեցնել Ռիչիի ստեղծագործության անգամ ամենամոլի երկրպագուներին, ովքեր պաշտում են «Մեծ խաղադրույքը» և «Խաղաթղթեր, փողեր և երկու հրացանափողը»: «Շերլոկ Հոլմսում» ռեժիսյորը հրաժարվել է ֆիլմի սյուժեն գույնզգույն խճանկարի նման կտոր-կտոր հավաքելու իր յուրահատուկ ոճից: Այստեղ բացակայում է այն կիսաաբսուրդ-կիսագլխապատառ մթնոլորտը, որը հիացնում է վերոհիշյալ երկու կինոնկարներում, ինչպես նաև «Ռոքնռոլլերում»: Ճիշտն ասած՝ «Շերլոկ Հոլմսը» շատ ավելի հոլիվուդային է ստացվել, քան Գայ Ռիչիի մյուս բոլոր ֆիլմերը (չնայած ֆիլմի գործողության վայրին ու էքսցենտրիկությանը): Եվ այնուամենայնիվ՝ վստահաբար կարելի է ասել, որ «Շերլոկ Հոլմսը» Գայ Ռիչիի երկրորդ լուրջ հաջողությունն է Մադոննայից բաժանվելուց հետո:









Մեջբերել

De gustibus et coloribus non est disputandum.
:

))

Էջանիշներ