Ով գոնե մեկ անգամ լինի Ստեփանավանի «Սոճուտ» բուսաբանական անտառ-արգելանոցում կամ Դենդրո պարկում, հաստատ դեռ երկար կհիշի ու կպատմի այդ մասին: Բնության այս գողտրիկ անկյունը հիմնադրվել է 1933 թ. լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից, ում աճյունը այժմ հանգչում է հենց այդտեղ:
Շուրջ 35 հա տարածք ընդգրկող այս անտառում աշխարհի տարբեր բուսականության գոտիներում աճած շուրջ 500 տեսակի ծառատեսակներ ու թփուտներ կան: Անդրկովկասի ենթալպյան գոտում այս այգին առաջինն է, որտեղ բնական անտառը վերաձեւավորվել է անտառային այգու, եւ ուր հայտնվող ցանկացած մարդ իրեն զգում է դրախտում:
Զբոսաշրջության զարգացման համար սա անգնահատելի հարստություն է: Մուտքն անվճար է, խորհուրդ է տրվում այցելել մայիս ամսին, երբ սոճիները սկսում են «ծաղկել»: Դրանց անուշաբույր հոտը շնչելը ոչ միայն հաճելի է, այլև շատ օգտակար: Ամռանը այգու տարբեր անկյուններում հանդիպում ենք մի շարք գեղեցիկ ծաղիկների:
Էջանիշներ