ՀՀ մի շարք տարածքային զինկոմիսարիատներում սկսվել է ՀՀ քաղաքացիների հաշվառման գործընթաց: Հաշվառումից հետո նաեւ քաղաքացիրներին տանում են զորավարժությունների:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հաշվառման գործընթաց մեր երկրում կատարվել է մշտապես:
«Դա ոչ նորություն է, ոչ էլ միայն հիմա է կատարվում: Գործընթացը եղել է մշտապես: Հաշվառում ենք մինչեւ 50 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիներին: Դա ավելի շուտ կցագրում է, հստակեցում, որ տվյալ մարդը ռեալ կա: Եթե նրանք չեն ներկայանում, ապա ստիպված կլինենք ենթարկել պատասխանատվության ՀՀ զինապարտության մասին օրենքի շրջանակում»,-«Ա1+»-ին ասաց նա:
Այն, որ հաշվառումից հետո ՀՀ քաղաքացիներին առավելագույնս մեկ շաբաթով նաեւ տանում են զորավարժությունների` Սեյրան Շահսուվարյանը նորմալ համարեց. «Տանում են իրենց նշանակման տեղը ցույց տալու: Եթե, ասենք, վաղը պատերազմ լինի, նրանք արդեն հստակ կիմանան` ուր եւ ինչի համար են գնում, կիմանան իրենք տեղը թե տվյալ զորամասում, թե շարքում»:
Զորավարժությունների ժամկետները, ըստ նրա, կախված են զորամասից, որին կցագրվում է ՀՀ քաղաքացին:
«Երկու-երեք օր, թե մի շաբաթ` դա պայմանավորված է պահանջարկով եւ ըստ հաշվառվող անձի զինվորական մասնագիտության»,-ասաց նա եւ հավելեց, որ զորավարժությունների ընթացքում քաղաքացուն ՊՆ-ի կողմից տրամադրվում է սնունդ եւ գումար: «Շարքային կազմին օրական տրամադրվում է 3 հազար, սպայական կազմին` 5հազար դրամ»,-ասաց նա: Իսկ այն քաղաքացիներին, ովքեր ստիպված են լինելու բացակայել իրենց աշխատավայրից, տրվելու է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա քաղաքացին բացակայության ընթացքում աշխատավայրում շարունակելու է վարձատրվել:
Էջանիշներ