Թուրք երիտասարդները դուրս են եկել Էրդողանի դեմ հայերի համար
18:33 / 18.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած հայտարարության արձագանքները Թուրքիայում շարունակում են աճել: Այս անգամ էլ թուրք երիտասարդները հավաքվել են Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում եւ խիստ քննադատության են ենթարկել Էրդողանին եւ հակահայ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորներին, մասնավորապես՝ սկանդալային, երդվյալ հակահայ Ջանան Արըթմանին:
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` երիտասարդների մոտ եղել է 1900 թվականների մի լուսանկար, որտեղ Թալեաթ փաշայի գլխի փոխարեն տեղադրված է Էրդողանի գլուխը, իսկ կողքին Ջանան Արըթմանը: Նկարի մեջ Էրդողանը ասում է «Հայերին Էրզրում-Կարսով ուղարկենք», իսկ Արըթմանը` «տկլոր եւ ոտքով»:
Երիտասարդները պահել են նաեւ պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Էրդողանը Քասըմփաշայում ծնվեց եւ իթթիհադական (Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքերի կուսակցության անդամ) դարձավ», «Երիտասարդ քաղաքացիականները անհանգստացած են»:
Երիտասարդների անունից հայտարարությամբ հանդես եկած Ջերեն Քենարը հեգնել է Էրդողանին` ասելով. «Այն ժամանակներում չեն հարցրել, թե 2010-ին մի հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը նման կերպով արձագանքած պետությունը 1915-ին ի՞նչ կաներ: 95 տարի նույն պետական ռեֆլեքսն է: Թալեաթ փաշայից մինչեւ Էրդողան փաշան քանի՞ վեզիր (վարչապետ) է անցել:
Վարչապետի հայտարարությունները միջազգային իրավունքին եւ խղճին հակասում են: Թալեաթ ու Էնվեր փաշաների դատապաշտպաննե՞րն ենք դարձել: Մենք չենք ուզում լինել Թալեաթի, Էնվերի եւ մյուսների կողմից արեւելյան նահանգներում հայերին կոտորողների թոռները, այլ ուզում ենք լինել այն մարդկանց թոռները, ովքեր հայերին թաքցրել են իրենց տներում եւ պաշտպանել կոտորածից»,- նշել է Ջերեն Քենարը:
http://news.am/am/news/16988.html
Էջանիշներ