7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած
Խաղա՛ և դարձի՛ր կատարելության մարմնացում
Գիտությունը վաղուց արդեն ապացուցել է. չկա ավելի հաճելի զգացում, քան լևել-ափն է: Սկսած այն նոր էբոնիտե զրահից, որ արդեն կարող ես հագնել, և վերջացրած էկրանի անկյունում փայլող նվիրական +1-ով՝ամեն ինչ ծառայում է միակ ազնվագույն նպատակին՝ ապացուցելուն, որ քո տքնաջան աշխատանքն ու խեղճ մկնիկի չարչարանքն իզուր չեն անցել, ու դու հենց նոր դարձար մի քիչ ավելի մահաբեր, մի քիչ ավելի թունավոր ու մի քիչ ավելի կախարդական, քան առաջ էիր:
Իսկ այն, ինչը ճշմարիտ է խաղային աշխարհի համար, ճշմարիտ է նաև իրականում (գիտության ապացուցած փաստ համար երկու): Եվ ուրեմն՝ խաղերը ոչ միայն քո խաղային ավատարին են պարգևում այդ լևել-ափն ու փորձի միավորները, այլև հենց քե՛զ (այո, քե՛զ) են բարձրացնում մի նոր որակական մակարդակի վրա՝ ի վերջո սովորական մարդուց վերածելով սուպեր-արարածի: Այս գերգաղտնի ցուցակը կազմելու համար մենք ստիպված ենք եղել կոտրել ԿՀՎ-ի արխիվները, վառել հինգ համակարգիչ և նույնիսկ հերձել մեկ կորեացի գեյմերի դիակ: Կարդա՛ ու զարգացի՛ր:
7. Խաղերը պարգևում են քեզ գերագույն կենտրոնացման վեհ ունակությունը
…Եվ ահա՝ խաղն ավարտվում է, դու վայելում ես վերջին վիդեոն, սցենարի վերջին տողերը, վերջին սպանվածի ալ-կարմիր արյունն ու բավարարված փռվում ես քո բազկաթոռի մեջ՝ ժպտալով ու հիշելով, որ դեռ մի չանցած բլոկբաստեր էլ ունես քո հոգեպահուստներում: Դու պոկում ես քո դողդողացող ափը մկնիկից, հայացքդ կտրում ես էկրանից ու նկատում, որ դիմացդ՝ սեղանի վրա, չորս բաժակ սառած թեյ է դրված, որ քո ընթրիքը մենակ ու տխուր հանգչում է աղբամանի մեջ, որ հեռախոսդ պայթում է անպատասխանատու զանգերից, կարդում ես կասկածելի բովանդակությամբ դեղին քառակուսի թուղթը, որ երեք օրինակով կպցրած է քո ճակատին («Ես քեզ էլ չեմ սիրում, աննասու՜ն, ափսոս էն մի ամիսը, որ քեզ հետ ապրեցի, զզվանք, ատում եմ քեզ, լքում եմ քեզ»)… Գրողը տանի, ե՞րբ է այս ամենը եղել: Ե՞րբ, ո՞նց, ո՞վ… Հպա՛րտ զգա քեզ, բարեկա՛մ, հպարտ ու երջանիկ, քանզի դու եղել ես «Զոնայում»:
Զոնան, որ հասու է միայն հզորագույն գիտակցություններին, նման է նիրվանայի ու ձեն-բուդդիստական մեդիտացիայի ջերմամիջուկային խառնուրդին: Դա մի վիճակ է, որը թույլ է տալիս լիովին մեկուսացնել ինքդ քեզ արտաքին աշխարհից, խզել բոլոր կապերդ օբյեկտիվ իրականության հետ, կատարելապես նվիրել քեզ քո առաքելությանն ու գերագույն նպատակին և ամբողջովին կենտրոնանալ քո աշխատանքի վրա:
Այս գագաթնակետին հասնելու համար տարիներ տևող մարզումներ են հարկավոր, այս արվեստին տիրապետելու համար՝ անթիվ-անհամար անքուն գիշերներ ու մինուս վեց տեսողություն: Սա քեզ թույլ կտա հաղթահարել այն արգելքները, որոնք հասարակ մահկանացուների համար անանցանելի են, և հասնել կենտրոնացման գերագույն աստիճանին: Խաղերի օգնությամբ դու կսովորես գիտակցաբար մտնել այս վիճակի մեջ՝ ամեն օր, ռեժիմով, մի քանի հաջորդական ժամ, երբեմն նույնիսկ տոն օրերին:
6. Խաղերը քեզ դարձնում են ավելի խելացի ու բանիմաց
Եթե գորշ նյութի պակասի պատճառով քո առօրյան անհետաքրքիր է, քո աշխատանքը՝ դժվար, իսկ քո կյանքը՝ անդուր, ապա մի՛ վախեցիր. խաղա՛, և քո ուղեղի հզորությանը շուտով կնախանձի անգամ Էյնշտեյնը: Լինի դա հատուկ գերինտելեկտուալ խաղ, կամ թեկուզ տակտիկական, տնտեսագիտական ու կառավարական տարրեր պարունակող զոմբի-շութեր՝ խաղալը մարդուն դարձնում է ավելի խելոք, փա՛ստ է:
Գեյմերը հարյուրավոր ու հազարավոր ժամեր է տրամադրում իր սիրելի զբաղմունքին՝ շարունակելով բարձր պահել իր բազմաչարչար ուղեղի ակտիվությունը նույնիսկ աշխատանքային կամ ուսումնական օրվա ավարտից հետո: Հավերժ ու հաճելիագույն օվերթայմ, ամե՛ն: Իսկ սովորական, միջին վիճակագրական մարդիկ աշխատանքից վերադառնում են տուն, սնվում են ու պառկում են քնելու… կամ էլ անջատված նայում են ինչ-որ բանի: Քնելն ու անջատված ինչ-որ բանի նայելը երբեք-ու-ոչ-մի-դեպքում քեզ խելացի չի դարձնի, ո՜վ խաղատյաց. քո դեմքի կնճիռները կավելանան, իսկ ուղեղիդ կնճիռները՝ ո՛չ, և դու այդպես էլ չես իմանա, թե հաշաշիներն ովքեր էին, ու թե ինչ է անիզոտրոպիկ ֆիլտրացիան: Այդ նույն ժամանակը հարկավոր է օգտագործել՝ զանազան խաղերով սեփական էրուդիցիան մարզելու համար: Միտքը նման է մկանի. Ինչքան շատ ես այն աշխատացնում, այնքան հզոր է դառնում: Իսկ ինչքան ավելի հզոր է քո միտքը, այնքան ավելի ինտելեկտուալ ես դու: Սա պարզ թվաբանություն է: Կիմանա՞ր արդյոք շարքային Սաքոն դաշնակիցների զորքերի՝ Նորմանդիա իջեցրած դեսանտի և երկրորդ ռազմաճակատը բացելու մասին, եթե չլիներ Medal of Honor-ը: Իհա՛րկե ոչ:
5. Խաղերը զարգացնում են ձեռք-աչք կոորդինացիան
Բոլորն էլ աչքեր ունեն (ներողութուն ենք խնդրում այն մարդկանցից, ովքեր չունեն, չնայած՝ միևնույնն է՝ դուք այս տեքստը երբեք չեք կարդա), բոլորն էլ ձեռքեր ունեն (եթե ինչ-որ մեկը չունի, ապա հաջողություն ենք մաղթում նրան՝ այս տեքստը մինչև վերջ կարդալու բարդ գործում), բայց ոչ բոլորն են կարողանում կոորդինացնել այդ երկուսի աշխատանքը: Էլ չենք խոսում վայրկյանի մեկ հազարերորդ մասի ընթացքում թիրախը ֆիքսելու ու տասնութ կոճակների խճճված կոմբինացիայով այն հողին հավասարեցնելու մասին: Իսկ քո՝ գեյմերի մատների ճարպկությանն ու աչքի սրությանը սև նախանձով նախանձում է ցանկացած վիրաբույժ. N6 դրույթին համաձայն զարգացած ուղեղը հրաշալիորեն համատեղում է տեսողական ապարատի և վերին վերջույթների գործունեությունը: Խաղերի օգնությամբ մարզելով քո մարմինը՝ դու կկարողանաս պատվով կատարել անգամ ամենաճշգրիտ ու բարդ առաջադրանքները:
Երբ քո աչքերը սևեռված են էկրանին, իսկ ձեռքերդ՝ սոսնձված ստեղնաշարին ու մկնիկին, դու, քո աչքերը, քո ձեռքերը և քո խաղային մեքենան դառնում եք մեկ ամբողջություն, մարդու ու տեխնիկայի մի գերհզոր սիմբիոզ, կիբերնետիկական օրգանիզմ: Այդ պահին քո աչքերն ու ձեռքերն ասես կախարդական լարերով միացված են իրար, և լույսից էլ արագ ազդանշանները երթևեկում են այդ երկուսի միջև՝ կոորդինացնելով, ուղղորդելով ու կառավարելով քո գործողությունները հանուն միակ արդար նպատակի՝ հաղթանակի (երբեմն՝ նաև հանուն +5 poison damage կացնի): Այս ունակությունը բնածին չի՛ լինում. խաղե՛րն են քեզ դա սովորեցրել:
4. Խաղերը մեծացնում են… դիմացկունությունը
Կինոների միջին տևողությունը – մոտ երկու ժամ: Գիրք կարդալիս կես ժամից ավելի արթուն մնալու միջին հավանականությունը – 0.0000007%: Ձեր սիրելի RPG-ի դիմաց արմատակալած մնալու միջին ժամանակը – օրեր ու շաբաթներ:
Ուրիշ ո՞ր բանական էակը կկարողանար օրերով նստած մնալ նույն դիրքով, պարբերաբար սնվել զանազան խոլեստերինոտ ուտելիքներով, բացարձակապես չքնել ու ակնապիշ նայել, թե ինչպես են կանաչ սուպեր-մուտանտները զվռնում Վաշինգտոնի փլատակներում: Ճիշտ է՝ բացի գեյմերից ուրիշ ոչ ոք ունակ չէ նման սխրանքի: Խաղերը բարձրացնում են մարդու դիմացկունությունը՝ բազմիցս գերազանցելով ցանկացած չխաղացող արարածի բնական տվյալները: Խաղերն ասես վերստեղծում են քեզ, ատոմ առ ատոմ, մոլեկուլ առ մոլեկուլ կրկին հավաքում, կոփում ու թրծում են իսկական գեյմերի մարմինը՝ այն վերածելով Գործին նվիրված սրբազան տաճարի: Որևէ օֆիսային աշխատող ութ ժամ անընդհատ նույն մոնիտորին նայելուց ու նույն կոճակները սեղմելուց հետո անխուսափելիորեն կլինիկական մահ է ապրում, իսկ զտարյուն գեյմերը կարող է մի քանի օր շարունակ սեղմել W, A, S, D կոճակները՝ տասը րոպեն մեկ դրանց միացնելով F5-ը, և բնավ չհոգնել: Ավելին՝ այդ սիզիփոսյան աշխատանքը նա ընդունում է իսկական սպարտացու տոկունությամբ և քաջաբար ամեն օր վերադառնում է մարտադաշտ՝ իր նպատակին հասնելու և խաղի վերջին դրվագները տեսնելու համար:
Խաղերը սովորեցնում են քեզ անտեսել հոգնածությունը, արհամարել քնի պակասը, դիմանալ սովին ու ծարավին և արյուն լցված աչքերով ու այտուցված մատներով շարժվել առաջ, միայն ու միայն առաջ անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ ստիպում է քեզ կանգ առնել: Հանուն քուիկ սեյվի և քուիկ լոդի, հավիտյանս հավիտենից ամեն:
Էջանիշներ