Արդեն մի քանի շաբաթ է՝ հայ հասարակությունն աննախադեպ «ինտենսիվությամբ» քննարկում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցել-չկառուցելու հարցը: Իսկապես բուռն քննարկումներ են ընթանում: Կողմ արտահայտվողներն իրենց «աստվածահաճ» փաստարկներն են բերում, դեմ արտահայտվողները ճիշտ նույնպիսի փաստարկներ են բերում ու բողոքի ակցիաներ կազմակերպում եւ այլն: Բայց պատկերացրեք՝ որեւէ մեկը չի ցանկանում այս հարցի վերաբերյալ ասել ողջ ճշմարտությունը: Ավելի ճիշտ՝ որեւէ մեկը չի ցանկանում բացահայտել այս իսկապես համընդհանուր ընդվզման պատճառները:
Իսկ ո՞րն է ճշմարտությունը: Դա հասկանալու համար նախ արձանագրենք մի քանի փաստեր, որոնց դեմ, կարծում ենք, որեւէ ողջամիտ մարդ չի առարկի:
1. Առնվազն տարօրինակ է, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը կարող է ստորագրահավաք սկսել՝ իր մայրաքաղաքի կենտրոնում եկեղեցի կառուցելու դեմ: Ավելին. նույնիսկ նման քննարկում ծավալելն է տարօրինակ, որովհետեւ, թվում է, ի՞նչ կա քննարկելու, եթե խոսքը եկեղեցի կառուցելու մասին է:
2. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, չնայած բազմաթիվ պնդումներին, «բարձրարժեք ճարտարապետական համալիր» չէ (ի տարբերություն կինոթատրոնի բուն շենքի): Եկեք ճիշտը խոսենք. դա ընդամենը երկաթբետոնե կոնստրուկցիաներով կառուցված «տիպային» դահլիճ է, որի նման շինություններ Ռուսաստանի խոշոր քաղաքներում տասնյակներով կան:
3. Որեւէ քննադատության չի դիմանում այն փաստարկը, որ Երեւանի կենտրոնում առանց այն էլ եկեղեցիների պակաս չկա, որովհետեւ, եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, պիտի բողոքենք նաեւ իրար կողք բացվող սրճարանների դեմ (մինչդեռ, որքան հիշում ենք, որեւէ սրճարանի կառուցման դեմ այսպիսի բուռն ստորագրահավաք չի եղել):
Այս ամենը կարծես թե հասկանալի է: Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Հայ Առաքելական Եկեղեցու այս նախաձեռնությունը միանգամից համաժողովրդական դիմադրության արժանացավ: Հենց սա է այն հարցը, որից խուսափում են բոլորը՝ անկախ տվյալ խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումից: Չգիտես ինչու, ոչ մեկը չի ցանկանում անդրադառնալ այս հարցին: Մինչդեռ պատճառները. կարծում ենք, ակնհայտ են: Բանն այն է, որ Հայաստանի ժողովուրդն այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ընկալում է ոչ թե որպես հոգեւոր կառույց, այլ որպես «բիզնես-ստրուկտուրա», որն ընդամենը փող է «շինում»՝ շահագործելով մարդկանց կրոնական զգացմունքները:
Հասկանալի է, չէ՞, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ արտահայտված եւ իրենց ստորագրությունը տված քաղաքացիների զգալի մասը այդ ամառային դահլիճի տեղն է՛լ չգիտի: Բայց այդ մարդիկ գիտեն, որ Եկեղեցին այսօր լավ էլ հաջողակ բիզնեսով է զբաղվում, օլիգարխիկ-կլանային համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է, հետեւաբար՝ այդ կառույցից որեւէ լավ բան սպասել չարժե: Հասարակությունը գիտի եւ տեսնում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին կտրուկ աշխուժանում է բոլոր այն դեպքերում, երբ իր ազդեցության ոլորտները (այսինքն՝ «նաղդ փող աշխատելու» հնարավորությունները) մեծանում են, բայց երբ խոսքը վերաբերում է այդ նույն «հոգեւոր հոտի» իրավունքները պաշտպանելուն (ասենք՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ), նույն այդ Եկեղեցին ծպտուն չի հանում: Վերջին հաշվով, երեւանցիները լուսնից չեն իջել եւ գիտեն, որ քաղաքի կենտրոնի եկեղեցիներում «թռփոշ» հարսանիքներն արժեն առնվազն հազար դոլար, հետեւաբար՝ նոր եկեղեցի կառուցելը նախ եւ առաջ «բիզնես-ծրագիր» է: Բայց այս հարցերի մասին, չգիտես ինչու, խոսելն ընդունված չէ: Փոխարենը՝ նոր եկեղեցի կառուցելու կողմնակիցները ձեւացնում են, թե առաջնորդվում են բացառապես «հոգեւոր մղումներով», դեմ արտահայտվողներն էլ ձեւացնում են, թե դեմ են, որովհետեւ ամառային դահլիճը համարում են «ճարտարապետական բացառիկ գլուխգործոց», առանց որի իրենց ապրելն անիմաստ կլիներ:
Մինչդեռ իրականությունն այն է, որ բարձրացած այս աղմուկի միակ պատճառը Հայ Առաքելական Եկեղեցին իր ներսում պիտի փնտրի: Նրանք պիտի առնվազն իրենք իրենց հարց տան՝ «այս ինչքա՞ն է նվաստացել մեր դերը, որ ուզում ենք եկեղեցի կառուցել, ու ժողովուրդը դեմ է արտահայտվում»: Եթե իրենք իրենց նման հարց տալու համարձակություն ունենան, հաջորդ քայլով պիտի հարցնեն՝ «տեսնես ո՞վ է մեղավոր»: Ու թող այդ ժամանակ հասկանան, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել առանցքային բիզնեսներում «10 տոկոսով փայ մտնելու» քաղաքականությունը: Ու թող նաեւ իմանան, որ այսպես շարունակելու դեպքում եթե անգամ վաղը որոշեն որեւէ «բարդակնոցի» տեղում մատուռ կառուցել, դարձյալ ժողովուրդը դեմ է լինելու: Որովհետեւ ցանկացած մարդ մատուռը նախ իր ներսում պիտի կառուցի, եւ «բարդակնոցն» էլ նախ իր ներսում պիտի վերացնի:
Էջանիշներ