Օրորներ
Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է: Հայտնի է նաև
նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր (հայ րուր՝ այ օրոր) և այլ անուններով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը.
Նանա, նանա, նանա օրսանգյուլ,
Պախրեն կուգա ծիծ կուտա,
Օրոր - օրոր, ա՜յ էրա,
Ջիգյար չունի, քիչ կուտա,
Ա՜յ էրա, ա՜յ էրա,
Մանտրատերև քեզ փաթթոց,
Լենատերև քեզ ծածկոց,
Ծառներ քեզի օրորոց:
-----------------------------------------
Երբ կը թըմմի քառսուն օրըդ,
Որ ճանաչես հորդ ու մորդ,
Ցորնով լցվի հորդ ու ձորըդ,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:
Թե երեսդ բանամ, աշես,
Դու դեռ քյոռփա և մատղաշ ես,
Կուլաս, իմ սիրտը կըմաշես,
Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
Նանիկ, նանիկ, նանիկ:
Սիրող մայրը օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում՝ ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր՝ գառնուկ, փիսիկ, ծաղիկ, «ծառի թփերը ծածկոց» և այլն, որոնք նպաստում են օրորների պատկերավորությանը.
Նանիկ, գառնուկ ջան, նանիկ,
Գոգնոց թոկերս օրորոց,
Ծառի թփերը ծածկոց,
Մանդր թփերը փաթթոց:
Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
Լուսնակ քե խաղցնի,
Արևը քե տաքցնի,
Վերինը գա քե ծիծ տա:
Ծառի տակը քուն դնեմ,
Ծառը վրեդ հով էնէ,
Ծառի ճղքեն կապ դնեմ,
Նանիկ, գառնուկ ջան, նանիկ:
Համեմատությունները, նաև զանազան հիշատակություններն ընդհանրապես, հարստացնում են օրորների բովանդակությունը: Համեմատություններում հիշատակվում են ոչ միայն ծաղիկների ու կենդանիների անուններ, այլ նաև քաղաքների ու գյուղերի, օգտագործվում են առածների (աղջիկը՝ դրսի պատն է, տղան՝ ներսի), ասույթներ (օջախի ծուխը վառ պահողը տղան է), արվում են անեծքներ ու օրհնանքներ, մաղթանքներ ու գովքեր՝ կապված նամկիկի ապագա կյանքի հետ.
Ծալիք ղումաշ իմ բալա,
Տռնի կյումաշ իմ բալա:
Օրինակում աղջիկը մոր համար տան մեջ թանկարժեք և անգնահատելի մետաքս է, իսկ տղան՝ դռանը կանգնած լուծ քաշող գոմեշ, այսինքն՝ աշխատասեր և ուժեղ:
Ստորև բերված քառյակն իր մեջ պարունակում է հավատալիքի տարրեր, չարքերի գոյությունը հավատացող մայրը պատրաստ է դրանց «դեմն առնել»՝ ապավինելով Աստվածամոր օգնությանը.
Օրոր, օրոր օրերուդ,
Թևս դեմ բերեմ չարերուդ,
Չարխափան չարերդ խափանի,
Աստվածամարն արևդ պահի:
Համեմատություններ անելիս, բնականաբար, իր զավակին անհունորեն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.
Ոչ մարն է բերեր նման,
Ոչ արևն ու ոչ լուսընկան,
Քեզ եղնիկ սարին բերեր,
Ու շահան բալան սնուցեր:
Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր, որոնց բովանդակությունը անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է.
Նանա, բալիկս, նանա,
Չուր չքնես, չեմ խանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Փախեր եկեր ենք Վանա,
Տաճկու ձեռքեն դիվանա,
Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Բալաս, լուրիկ, լուրիկ, լուրիկ:
Թուրք թորգեց մեզ յան բուրիկ,
Կտրեց հայուն բյուր-բյուրիկ,
Թոփ տարավ քո քաջ խերիկ,
Հեսիր գնաց քո քուրիկ:
Ա՜խ, լուսավոր Եվրոպա,
Քյո խոսք ուր մնաց ապա,
Մեր շեն երկիր Արմենիա,
Հորի թորգիր խարաբա:
Շարունակելի...
Էջանիշներ