Շինարար (01.07.2010)
Անցնում էի...
Անցնում էի… Պատահական…
Չէ, չմնամ,
Հիմա գնամ հետո կգամ:
Ես պատրաստ չեմ
Ու չգիտեմ թե ի՞նչ ասեմ,
Հետդ ախար ինչի՞ց խոսեմ…
Անցնում էի այնպես, հանկարծ…
Չմտածված… Անպետք դիպված…
Բայց սիգարետ գուցե ծխեմ
Պատուհանիդ տակին կանգնած…
Հուսով եմ ինձ մարդավարի
Կհասկանաս դու անկասկած:
Եվ հուսով եմ,
Որ մինչ վաղը արևածագ
Ծանոթ ոչ մեկ ինձ չի տեսնի,
Ու ես ստիպված չեմ պաշտպանվի,
Ասելով թե. ,, Անցնում էի…”:
Եվ հուսով եմ, որ մի աստղ,
Մինչև վաղը ներքև կնկնի
Ու լուսավոր իր անկումով
Ինձ հույս կտա`
Թե, մտքինս կկատարվի…
Ու վաղն նորից դիպվածը ինձ`,
Չմտածված, պատահական,
Լուսամուտիդ մոտ կբերի…
17.04.10
***** ****** *****
Եթե հոգումդ հանգի մեղեդին
Ու վերջալույսի շողերը հալվեն,
Եթե սրտումդ լռեն վերքերը
Ու սպիները էլ չարյունոտվեն…
Այդժամ գիտեցիր բարեկամ հաստատ,
Որ սառը ձյունն է գլուխդ ծածկել…
27.04.09
Այս թեմայում դրված գործերն են ինձ դուր գալիս: Հատկապես այս մեկը, որտեղ իմ մասին հիշատակություն կա.Եվ հուսով եմ,
Որ մինչ վաղը արևածագ
Ծանոթ ոչ մեկ ինձ չի տեսնի,
Եթե լուրջ՝ միշտ ուշադրություն եմ դարձնում ստեղծագործությունների ամսաթվերին: Բանաստեղծություններն ինձ այսբերգ են թվում: Այդ հսկայական սառցակտորների միայն մեկ տասներորդն է երևում, իսկ մնացածն անտեսանելի է, ջրի տակ: Հենց «ջրի տակի» անտեսանելի, բայց ենթադրվող մասով էլ այս գործերն ինձ հոգեհարազատ են:
KiLa (29.06.2010)
My World My Space (05.05.2010), Արևածագ (04.05.2010)
Արձակ բանաստեղծություններ
Երկու օրվա ,,սերը"
Ո՞վ կմտածեր, որ երկու օրվա սերը կարող էր ապրել երկու տասնամյակ...
Մենք դեռ շա՜տ երիտասարդ էինք...
Մեր ներսում ամեն ինչ եռում էր, եռացող հեղուկի նման.
Արյունը, սիրտը, ուղեղը և նույնիսկ հոգին...
Չէ, դու՛ չտրվեցիր ինձ, մե՛նք տրվեցինք իրար:
Տրվեցինք՝, չմտածելով գալիք տասնամյակների մասին...
Իսկ երբ հանդիպեցինք իրար երկու տասնամյակ հետո...
Առաջինը աչքերիդ մեջ երևաց այդ երկու օրվա սերը:
Այն բոցկլտաց վրեժի ցասումով, վիրավորվածի պես ետ քաշվեց,
Տխրեց հիվանդի նման ու կուչ եկավ փոքրիկ գազանիկի պես...
06.11.08
Հանդիպեցինք...
Պատահական հանդիպեցինք այնտեղ, այն ծառի տակ,
այն այգում, որտեղ սովորաբար ժամադրվում էինք: վերջին ժամադրությունից
անցել էր գրեթե տասնհինգ տարի: Անակնկալից բարևեցի ու ժամադրությունից
ուշացած տղայի նման շփոթված կանգնեցի առաջդ: Դու լուռ էիր...
Նայեցի աչքերիդ, երբեմնի գեղեցիկ, խոշոռ, ուրախ ու վառվռուն...
Նրանք չափից էլ ավել հոգնած թվացին ինձ... և... վիրավոր...
__ Ինչու՞ չեկար,_ հարցրիր համարյա շշուկով:
Ես, իսկ... Խոստացել էի...,__ մի կերպ շփոթված դուրս տվի ես:
Դու շրջվեցիր ու ոչինչ չասելով հեռացար
Գնացիր... երևի էլի մի 15 տարով...
Ի՞նչ իմանաս...
06.11.08
Երկու վրձնի հարված
Ինձ համար հորինելը հեշտ էր...
Երկու ,,վրձնի հարված" ու իմ դիմաց կատարվում էր հրաշքը:
Հայտնվում էր քո նուրբ ուրվագիծը...
Ես քեզ հորինում էի՝, ստեղծում, հղկում, շունչ ու հոգի տալիս...
Իսկ հետո ուրախանում, զվարճանում էի քեզանով, ինչպես երեխան՝
Իր նոր խաղալիքով: Բայց երեխայի նման էլ՝, նորից ,,ջնջում էի վրձնի
երկու հարվածով", երբ հոգնում էի: Քե՛զ, որ արդեն շունչ ու հոգի էիր...
Ու մի օր էլ հրաշքը տեղի չունեցավ: Սա զարմացրեց ինձ:
Փորձեցի երկրորդ անգամ, փոխեցի վրձինը... Իզուր...
Չէ, բանը վրձինում չէր, ուղղակի դու հոգնել էիր ինձանից:
Երևի մտածել էիր, որ շունչ ու հոգի տալը լավ է, բայց դրանցից զրկելը՝
երբեք...
07.11.08
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Վայ Քիսո Քիսո...
Ա՜խ, այս պչրուհին տխուր էր այսօր,
Աչքերը նորից ներկել էր բոսոր,
Սրտին թուր զարկես արյուն չես հանի
Հոգին էր թաթախ ցավի մեջ գլոր:
Լույսերը հանգած հույսերը տկլոր,
Գլուխը խռիվ մտքերը ցնոր,
Մեխվել էր արբշիռ գինետան առջև
Ինչպես զարկված եղնիկ մի մոլոր...
__ Ասա՛ ինձ ընկեր, ասա՛ սիրելիս,
Ինչու՞ է կյանքը մեզ ,,քացի տալիս",
Չէ՞ որ նրան մենք ավել ենք սիրում,
Եվ նա էլ մեզ է անարգել տիրում:
__ ,,Անբեջար" միրգը էժան է լինում,
Անքրտինք հացը ,,թաշտով" է դրվում.
Դրանից է, որ այնքան չեն ուտում,
Որքան թափում են, որքան տրորում:
__ Չէ, բան չհասկացա թե ինչ ես ասում,
Բայց դու էլ ինձ պես տխուր ես խոսում,
Քո սիրտ՛ն էլ է ինչ որ ցավ մաշում,
Ձայնդ կերկեր է հոգիդ դեղնաշուն:
Գնանք, այս գիշեր միասին լինենք,
Մեր կյանքի տխուր հեքիաթը պատմենք...
Գոնե մեկ անգամ սրտիս չխաբեմ,
Գոնե մեկ գիշեր ես ինձ մարդ տեսնեմ:
Փոքրիկ սենյակում արցունքն էր շողում,
Գիշերը տխու՜ր հեքիաթ էր լսում...
Ու սեռը չկար, սեռը չէր խոսում,
Գիշերը Մարդու մասին էր լսում:
Վայ Քիսո Քիսո... դու դժբախտ Քիսո...
Գիշերից էլ մու՜թ ու թաքուն Քիսո...
06.03.09
Մառան
,,Ախ Մառա աղջիկ, Ի՞նչ գտա քո մեջ,
Սրտիս կրակը վառեցիր անշեջ,
Որքան փորձեցի քեզնից հեռանամ
Չմարեց կրակն այդ, որ քեզ մոռանամ:
Իսկ հիմա այստեղ սիրտս ճղատում,
Փողոցիւ վրա ,,սեր" ես վաճառում...
Կրակ սրտումս ճարճատ ու ճիչ է,
Սպանելն անգամ քեզ հիմա քիչ է...":
,,Լսի՛ր, մեռածին էլ չեն սպանում,
Ինձ սպանել են արդեն անցյալում,
Հիմա խոսում ես ուրիշ մեկի հետ,
Քո ուզած Մառան կորել է անհետ...":
,,Իսկ թե վճարեմ ու քեզ շա՜տ խնդրեմ,
Որ նախկին Մառա իմ կողքին տեսնեմ,
Կարող ես նրան մի փոքր հիշել,
Նրա՛ հմայքով իմ սիրտը մաշել...":
,,Նախկինից ախար դու ի՞նչ ես ուզում,
Ինքդ մոլորվել կորած ես փնտրում...
Ի՞նչ կարող է տալ քեզ նախկին Մառան,
Նա քեզ չէր սիրում... Սիրում էր նրան...":
21.03.09
Meme (28.06.2010)
Ծառը իմ ու քո...
Հիշու՞մ ես ծառը ժամադրության...
Քանի դեռ նա կար, ապրում էր հույսը,
Որ մի օր հաստատ մենք կհանդիպենք,
Ու մեր ծառի տակ կողք-կողքի նստած
Իրար ափսոսանք, թախիծ կպատմենք:
Նրա ստվերում ես քեզ հետ էի,
Զգում էի նույնիսկ քո անուշ հոտը,
Եվ հաճախ սիրո հուշերով տարված
Դիմավորում էի ես առավոտը...
Իսկ հավաքարար Վարթուշ տատիկը
Առավոտը վաղ, իր գործը արած,
Փեշն օրորելով անցնում էր կողքիցս
Ու իր քթի տակ փնթփնթում կամաց:
Քանի դեռ նա կար գարունը էլի
Ծլարձակում էր սիրո հեքիաթը,
Ու նրա ճերմակ ծաղիկների հետ
Բուրում էր նաև իմ անսեր կյանքը...
Հիշու՞մ ես ծառը ժամադրության...
Չկա....
Կտրեցին հանուն... մարդասիրության...
02.06.10
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
KiLa (07.07.2010)
Ես անչափ ուրախ եմ, որ նրանք ձեզ դուր եկան... և շատ-շատ ուրախ եմ, որ կարդում եք հարգելի Մեմե:
Meme (29.06.2010)
Աչքերս
Արդեն առավոտ է, բացվել են աչքերս,
Ու կրկին վախեցած աշխարհին են նայում,
Հրաշք է լույսը, հրաշք՝ արշալույսը,
Բայց աչքս նրանցով էլ չի հմայվում...
Դատարկ է հյուսիսը, դատարկ է հարավը
Չկա փնտրածը՝ իզուր են վառվում,
Դատարկ է արևը, դատարկ է լուսինը
Եվ զուր են աչքերս մոմի պես հալվում:
Ինձ համար չի շողում քո պայծառ ժպիտը
Հրաշքի մեջ հրաշքը հանգել է անլույս,
Արդեն առավոտ է, բացվել են աչքերս
Ու շուրջն են նայում հոգնած ու անհույս...
01.07.2010
KiLa (01.07.2010)
KiLa (01.07.2010)
Թաքունս...
Թաքուն ես, ջանս, թաքուն,
Դրանից է հոգիս պայթում...
Քո մասին չեմ կարող խոսել,
Չեմ կարող դեպի քեզ հոսել:
Թաքուն ես ջանս, թաքուն,
Դրանից է գիշերս անքուն,
Երազում ենք սիրում իրար,
Կթվամ բոլորին հիմար:
Թաքուն ես, ջանս, թաքուն,
Ախ քոնն եմ քնած թե արթուն,
Շատերը եկան, գնացին,
Սակայն դու միշտ ես կանգուն:
Չունենք մենք երևի ներում.
Քամին է քեզ միշտ բերում,
Ծաղկի հետ ես միայն բուրում,
Թաքուն եմ ես քեզ սիրում:
Կգա գիշերը անքուն,
Կբերի երազը արթուն,
Էլի ծպտված, մեղավոր
Կհալվենք իրար գրկում...
Թաքուն ես, ջանս, թաքուն,
Դրանից է սիրտս պայթում...
05.07.2010
Meme (09.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ