Խոսքս բնավ սիրային հարաբերությունների մասին չէ: Ուզում եմ խոսենք ընդհանրապես ցանկացած հարաբերություններում տարիքային տարբերությունների մասին: Խնդրում եմ սիրայինի վրա չսևեռվել, որովհետև դրա մասին առանձին թեմա կա:
Բացատրեմ, թե ինչու եմ բացել այս թեման: 13-14 տարեկանից սկսել եմ շփվել ինձնից մեծերի հետ: Պատճառները տարբեր էին: Հիմնականում միջավայրի փոփոխությունն էր. ես հայտնվել էի մի միջավայրում, որտեղ բոլորն ինձնից մեծ էին: Լավագույն դեպքում մեր տարբերությունն ընդամենը մեկ տարի էր, բայց կային մարդիկ, որոնք ինձնից մեծ էին 7-8, իսկ ոմանք նույնիսկ 13-15 տարով: Նրանցից ոմանց հետ շփումը շատ հեշտ էր ստացվում, մինչև հիմա էլ մտերիմ ենք, իսկ ոմանց հետ շատ բարդ էր, որովհետև ամեն երկրորդ նախադասությունը հետևյալն էր. «Դու փոքր ես, չես հասկանա»: Զարմանալին այն էր, որ այդ պես ասում էին հիմնականում ինձնից 3-4-5 տարով մեծերը, իսկ, ասենք, 13 տարով մեծերը երբեք դրա մասին չէին էլ հիշում, իսկ եթե հիշում էին, միայն այսպես. «Ի՜նչ հետաքրքիր է, մեր միջև հսկայական տարիքային տարբերություն կա, բայց մենք մտերիմ ընկերուհիներ ենք»:
Այս ամենը ես կմոռանայի, եթե Ակումբում էլ նույն խնդրի առաջ չկանգնեի: Դրա համար էլ դիմում եմ ձեզ (կցանկանայի, որ հոգեբանները պատասխանեն):
1. ինչու՞ են մարդիկ հաճախ հիշում տարիքային տարբերության մասին
2. մի՞թե հնարավոր չէ, որ մեծը փոքրից սովորի, ինչքան էլ առաջինը հասուն լինի
3. ինչպե՞ս կարող է մարդու հոգեկանի վրա ազդել անընդհատ մեծահասակների հետ շփվելը
Էջանիշներ