շարունակություն
………. ……. մնացին երկուսը,
Աղոտ է արդեն, չի վառվում լույսը,
Էլ չի բոցկլտում երբեմնի հույսը…
Իսկ ճամփեն արդեն ճամփի նման չէ,
Ուղի է տանջված, ուղի դառնահեծ,
Արյուն արցունք են մաշված կետերը,
Հառաչ բառաչ են անջինջ խազերը:
Չէ, ճամփեն իրոք ճամփի նման չէ,
Պատիժ է արդեն, նզովք ու անեծք,
Դատապարտվածի նման են քայլում
Ու ամեն քայլի ,,ներման'' սպասում:
Իսկ մեկը կարծես շատ է սրտնեղվում…
Ա՜խ, մենակ մնալ սաստիկ չի ուզում.
Ո՞ւր է, թե լիներ ինքը հաջորդը
Ու հերն անիծած`, թե որն է ,,վերջը'':
Եվ խոսում է նա կարկամ, վախեցած.
,,Լսի'ր հարազատ, լսիր ի'մ ընկեր,
Չհամարձակվես ինձ մենակ թողնել,
Թե ոչ`, նախորդի նման ինքս էլ,
Էլ չեմ դիմանա… Կթքեմ ես էլ…'':
,,Հանգիստ հարազատ, ես քեզ չեմ լքի,
Քանի դեռ դու կաս, կլինեմ կողքիդ…
Էս ամեն ինչից բան չեմ հասկացել,
Բայց ձեզ համար եմ անվերջ փութացել:
Քո մեջ տեսնում եմ և այն երկուսին,
Ձեր մեջ է իմ ողջ անցկացրած ուղին,
Բան չեմ հասկացել կետ ու խազերից,
Բայց եղել եմ ձեզ ազնիվ ուղեկից:
Դուք եք եղել իմ ,,փառքի գագաթը'',
Ձեզ հետ եմ ապրել իմ լավ ու վատը,
Ուր էլ գնայիք, ինչ էլ պատահեր,
Պիտի գայի ձեզ հետ, մնայի` ընկեր'':
***********************
*****************
Ու չեն անցել դեռ կես ճանապարհը,
Սակայն տեսել են դառն ու դժվարը,
Տարել են կյանքում այն անհնարը,
Որով`, ամուր է մարդը, քան` քարը:
Հարազատի մահ, սրբության մերժում,
Ընկերոջ կորուստ, երդումի դրժում,
Դավաճանություն, անմեղ մեղավոր,
Եվ կողքիդ նախանձ սուտ ու կեղծավոր:
Չկա էլ ,,մուրազ'', չկա նպատակ,
Սուտ են ,,խազերը'', սա գիտեն հստակ,
Ճամփեքին չարն է միշտ տնօրինում…
Սրտները ոչինչ չի ուրախացնում:
Այսպես անուրախ, սառը ու անէ
Շարունակում են էլի միասին,
Հիշում են անցած օրերը ուրախ
Ու մխիթարում մեկը մյուսին…
*************
Գիշերն ծալում է իր մութ փեշերը,
Կծկում` անթափանց, խավար թելերը,
Ու մի հնազանդ ծառայի նման
Քաշվում է ձորի խուլ խոռոչները:
Քշում է քամին սև գորշ ամպերը,
Հալածում դրանց մուգ ծվենները,
Ձայնից վախեցած թռչունի նման
Լքում են սրանք լայն սահմանները:
Կապույտն է լողում ողջ հորիզոնով,
Կանչում հավերժի հոգեթով ձայնով,
Բարուրը գրկող ծննդկանի պես
Կուրծքն է մերկացնում լի գորովանքով…
Արևն է հենվել ,,փառքի գագաթին''
Քնքուշ շողերը շաղ տալով չորս դին,
Շողերով հյուսված փոքրիկ մի շավիղ
Հյուրընկալ շողում է ,,մազե կամրջին'':
Կաթհոտ երեխու ծիծաղի նման
Մի ձայն է լսվում քա~ղցր, աննման.
,, Ոտքդ դիր վրան, դու մի վախեցիր,
Սպասողներ կան քեզ փառքի գագաթին…'':
…Ու… Այո, գնաց նրանցից մեկը,
Մենք չենք որոշում մեր մուտքն ու ելքը,
Դաժան է կյանքի անգիր օրենքը,
Չգիտենք. ,,Ո՞վ է արդյոք հաջորդը'':
Նա արժանացավ ,,բարի ավարտին'',
Նա` ով չհավատաց ,,փառքի գագաթին'',
Ով ծնկի եկավ ,,խաչելությանը''
Չհավատալով այդ զորությանը…
Ում միևնույնն էր հեշտ ու դժվարը,
Ում միայն թանկ էր ընկերն ու կյանքը,
Ով մտածում էր. ,,Թող ամեն բան վատ,
Բայց չկորցնենք ոչ սեր ոչ հավատ…'':
*******************
***************************
Անտանելի է, դժվար է մենակ,
Դժվար է լինել, քայլել անհենակ…
Միայն հուշերով ապրել չի լինում,
Անցյալով ապրողն առաջ չի գնում:
Էլ կամուրջ չկա, ճոպանն է միայն,
Ու այդ ճոպանով պետք է վեր սողալ,
Պետք չէ հանձնվել, պետք չէ նաև լալ,
Պետք է մաքառել ու պետք է տոկալ:
Բայց էլ ուժ չկա թույլ բազուկներում
Ու չկա հավատ համոզմունքներում,
Հին ,,խաղ ու երգից'' բան չի մնացել,
,,Խաչն'' է միայն վզին ծանրացել:
Ներս-դուրսը վաղուց դատարկ է արդեն,
Փուչ, անիմաստ է նաև էն ճամփեն,
Սին և ունայն է թվում ապրածը,
Առավել ունայն` վաղվա եկածը:
Մոխիր է ներսը հանգած կրակի,
Բաց վերքի վրա մոխիրն ի՞նչ կանի,
Մրմուռ է, դաղ է, դաժան մի այրոց,
Վիշտ ու ցավերի թրծման մի հնոց…
Ու հիմա կախ է ընկել ,,ճոպանից'',
Ոնց փչացած միրգ իր ծառի ճյուղից,
Պետք չէ ոչ մեկին, որ ծառից պոկեն,
Փչացած միրգը ո՞նց պիտի ուտեն:
Ոչ կյանքին է պետք ու ոչ էլ մահին,
Տխուր սպասում է անհայտ վախճանին,
Նախանձում նրանց ովքեր էլ չկան,
Ու մտածում է. ,,նրանք լավ պրծան…'':
*******************
******************
Ադամամութն է առջևում մեխվել
Մի ալեկործան պատնեշի նման,
Ու մի քամի է գլխիկոր շրջում
Տիրոջը կորցրած շնիկի նման:
Հեռվում զանգերի ձայնն է խլանում
Ժխորում հնչած մայոցի նման,
Ու թպրտում է շողն ոսկեփորիկ
Վիրավոր, խոցված լորիկի նման…
************
*******************
Վերջ առաջին մասի
Էջանիշներ