Ուսումը Ճապոնիայում /շարունակություն/
Խմբակները
Միջնակարգ դպրոցում ուսման կարեւոր մաս են կազմում տարբեր խմբակները /կայ/: Սովորաբար այդ խմբակները կապված են կամ սպորտի կամ էլ արվեստի հետ եւ անց են կացվում դասերի ավարտից հետո: Ուսումնական տարվա սկզբում խմբակների ղեկավարները փակցնում են իրենց խմբերի «գովազդները» 7-րդ դասարան ընդունվածների համար: Պրակտիկորեն, յուրաքանչյուր 7-րդ դասարանցի գրանցվում է մեկ կամ մի քանի խմբակում եւ մնում է այնտեղ ողջ միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում: Բացի խմբակներից, շատ աշակերտներ հաճախում են նաեւ վճարովի կուրսեր, որտեղ նրանց օգնում են ավելի լավ պատրաստվել դպրոցական քննություններին: Այս կուրսերի դասերը հիմնականում անց են կացվում երեկոյան՝ շաբաթական 2-3 անգամ:
Քննությունները
Ճապոնական դպրոցների հիմնական պրոբլեմը քննություններն են, որոնցից յուրաքանչյուրը տեւում է մի քանի ժամ, էլ չհաշված դրանց նախապատրաստվելուն ուղղված ժամանակը: Ժամանակ առ ժամանակ քննությունները դառնում են աշակերտների ինքնասպանության պատճառ: Միջնակարգ եւ ավագ դպրոցի աշակերտները քննություն են հանձնում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո /բոլոր առարկաներից/, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ եռամսյակների մեջտեղում/ճապոներեն, մաթեմատիկա, անգլերեն, բնագիտական առարկաներ, պատմություն/: Սկզբնական դպրոցում քննություններ չկան:
Քննություններից 1 շաբաթ առաջ խմբակների հավաքները դադարեցվում են, որպեսզի աշակերտները կարողանան պարապել: Քննությունները հիմնականում անց են կացվում գրավոր՝ 100 բալանի գնահատման համակարգով:
Միջնակարգ դպրոցից հետո
Նախ եւ առաջ աշակերտը, ելնելով իր գնահատակններց, ստանում է այն ավագ դպրոցների ցուցակները, որտեղ ընդունվելու հնարավորություն ունի: Այնուհետեւ նա հանձնում է անցողիկ քննություն, որի /ինչպես նաեւ նախկին իր առաջադիմության/ հիման վրա էլ որոշվում է, թե որ ավագ դպրոցն է ընդունվելու: Լավ աշակերտներն ընդունվում են հեղինակավոր ավագ դպրոցներ, իսկ վատերը՝ դպրոցներ այն մարդկանց համար, ովքեր մտադրություն չունեն հետագայում բարձրագույն կրթություն ստանալ: Այդպիսի դպրոցները հիմնականում գյուղատնտեսական, արհեստի կամ այլ ուղղվածությամբ են լինում, իսկ դրանց շրջանավարտները կարիերա կազմելու հեռանկարներ չեն ունենում: Այն աշակերտները, ովքեր ավագ դպրոց չեն ցանկանում դիմել, կարող են ընդունվել 5ամյա տեխնիկական քոլեջներ: Բայց այստեղ ընդունվելն էլ այդքան հեշտ բան չէ. լավագույն քոլեջներում շատ մեծ մրցակցություն է, քանի որ որակյալ աշխատողները Ճապոնիայում շատ բարձր են գնահատվում: Որոշ տեխնիկական քոլեջներ պատկանում են խոշոր ֆիրմաներին, եւ այն ավարտողները միանգամից ընդունվում են աշխատանքի:
Ակադեմիաները
Բացի սովորական պետական դպրոցներից, Ճապոնիայում շատ են նաեւ մասնավոր վճարովի դպրոց-ակադեմիաները, ինչպես նաեւ «ազգային» համապետական նշանակության դպրոցները: Այսպիսի դպրոց ընդունվելու համար պետք է հանձնել հատուկ քննություններ շատ մեծ մրցակցության պայմաններում: Մյուս կողմից, այստեղ կրթական ծրագրերը շատ ավելի լավն են, իսկ որոշները հնարավորություն են տալիս առանց մրցույթի ընդունվել ավագ դպրոց կամ էլ համալսարան: Սովորաբար դպրոց-ակադեմիաներում սովորում են ճապոնական էլիտայի /քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հայտնի համալսարանների դասախոսներ եւ այլն/ երեխաները: Այն երեխաները, ովքեր կրթաթոշակ են կարողանում ստանալ նմանատիպ ակադեմիաներում սովորելու համար, հաճախ դառնում են «սպիտակ ագռավներ», իսկ երբեմն էլ համադասարանցիների ծաղրի /եւ ոչ միայն/ առարկան: Որոշ ակադեմիաներում դպրոցական համազգեստը պարտադիր չէ:
Համալսարանները եւ քոլեջները
Համալասարան ընտրելու գլխավոր չափանիշը նրա հեղինակությունն է: Նրանց, ովքեր ավարտում են այդպիսի համալսարան, պրակտիկորեն ընդունում են ցանկացած տեղ: Համարվում է, որ ընդունակ եւ ջանասեր երիտասարդը կարող է գլուխ հանել ցանկացած իրեն հանձնարարված գործից:
Համալսարանի փոխարեն կարելի է ընդունվել 2ամյա քոլեջ, որը տալիս է մասնագիտական կրթություն: Այսպիսի քոլեջներ են ընդունվում ճապոնուհիների մոտ 90%-ը եւ ստանում են այնտեղ «ցածրակարգ» կանացի մասնագիտություններ՝ բուժքույր, մանկապարտեզի դաստիարակչուհի, սկզբնական դպրոցի ուսուցչուհի, որակավորված տնային տնտեսուհի, սեյու-դերասանուհի /անիմե հերոսների ձայնային կրկնօրինակող/:
Համալսարան ընդունվելը բաղկացած է 2 մասից. սկզբում ավագ դպրոցների սաները հանձնում են համընդհանուր քննություն, որի արդյունքներից ելնելով՝ դիմում են իրենց ընտրած համալսարանը: Համալսարանում արդեն որոշվում է նրանց՝ արդեն ընդունելության քննություններին թույլատվություն տալու հարցը, որն էլ հետո հանձնում են:
Հեղինակավորների շարքին են դասվում Տոկիոյի, Կյոտոյի, Օսակայի, Սապպոռոյի, Նագոյի, Ֆուկուոկու, Սենդայի պետական համալսարանները, ինչպես նաեւ մասնավոր համալսարաններ Վասեդան, Կեյոն, Մեյջին /Տոկիո/, Կանսայական համալսարանը /Օսակա/ եւ Ռիցումեյը /Լյոտո/: Ամենահեղինակավորը համարվում է Տոկիոյի համալսարանը /Տոդայ/, որը հիմնադրվել է 1877թ եւ զբաղեցնում է 30Հա տարածք Տոկիոյի հենց կենտրոնում: Նրա պատերի ներքո միաժամանակ սովորում է մոտ 10հզ մարդ, որոնցից 2000-ը արտասահմանցիներ են: Տոկիոյի համալսարանի շրջանավարտների 90% զբաղեցնում են իրենց տեղերը Ճապոնիայի էլիտայում, 2 շրջանավարտներ դարձել են Նոբելյան մրցանակակիրներ:
Նրանք, ովքեր չեն ընդունվում իրենց նախընտրած համալսարանը, կարող են փորձել հաջորդ տարի: Այդ ընթացքում դիմորդները կամ սովորում են հատուկ կուրսերում կամ աշխատում են կամ էլ համատեղում 2-ն իրար հետ:
Ի տարբերություն դպրոցի, համալսարանում սովորելը համեմատաբար հանգիստ է: Ուսանողն ինքն է ընտրում, թե ինչ առարկաներ անցնի /իհարկե որոշակի սահմանվածներից/: Մեծ կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ սովորաբար չեն լինում. պետք է լինում հիմնականում մի քանի էջանի զեկույցներ գրել: Այդ պատճառով էլ ուսանողները պրակտիկորեն չեն ներգրավվում լուրջ գիտական աշխատանքների մեջ: Իսկ եթե անգամ ներգրավվում են, ապա որպես օգնականներ, բայց ոչ որպես ինքնուրույն հետազոտողներ: Շատ ուսանողներ իրենց ժամանակը նվիրում են աշխատանք փնտրելուն եւ ապրում են տարբեր «կողքից» գործեր անելով:
Համալսարանն ավարտելուց հետո կարելի է ընդունվել 2-3 տարով ասպիրանտուրա եւ ավարտից հետո ստանալ գիտական աստիճան:
Էջանիշներ