Բրազիլի հայտնագործումը
Գաղութային Բրազիլի պատմությունը, Բրազիլի հայտնագործման պատմությունը, հնդկացիների և պորտուգալացիների առաջին շփումները, պաու-բրազիլի ծառատեսակի շահագործումը
1500 թ. ապրիլի 22-ին Բրազիլի ափերին մոտեցան պորտուգալական 13 նավեր` կարավելաներ, ծովագնաց Պեդրո Ալվարես Կաբրալի գլխավորությամբ: Առաջին հայացքից, նրանք կարծեցին, որ հանդիպել են ինչ-որ մեծ լեռան և այն անվանեցին Զատկի Լեռ (Monte Pascoal): Ապրիլի 26-ին կատարվեց առաջին պատարագը Բրազիլում:
Թողնելով տարածքը և շարունակելով դեպի Հնդկաստան տանող ուղին` Կաբրալը, կասկածելով, որ հայտնաբերված տարածքն ավելի շատ նման է մայրցամաքի կամ ինչ-որ մեծ կղզու, տեղանքը վերանվանում է Վերա Կրուզի Կղզի (Ilha de Vera Cruz): Հետագայում նույն տարածքն հետազոտել են այլ ծովագնացներ ևս, որոնք, պարզելով, որ իրոք տեղանքը մայրցամաք է, այն ևս մեկ անգամ վերանվանեցին` այս անգամ կոչելով Սուրբ Խաչի Երկիր (Terra de Santa Cruz): Միայն 1511 թ.` պաու բրազիլ անվամբ կարմիր փայտատեսակի հայտնաբերումով, այս երկիրը կոչվում է Բրազիլ:
Բրազիլի հայտնագործությունը տեղի ունեցավ Մեծ Նավագնացությունների դարաշրջանում, երբ պորտուգալական և իսպանական նավերը նավարկում էին օվկիանոսներում` նոր տարածքներ հայտնաբերելու տենդով բռնված: Բրազիլի հայտնագործումից մի քանի տարի առաջ` 1492 թ, Քրիստափոր Կոլոմբոսը, Իսպանիայի դրոշի ներքո նավարկելիս, հասավ Ամերիկա, որն էլ կարևորագույն խթան հանդիսացավ բազում նավագնացների համար` մեծացնելով նրանց ակնկալիքները: Գործնականում նոր տարածքներ հայտնագործելու միևնույն հավակնություններն ունենալով` Պորտուգալիան և Իսպանիան 1494 թ. կնքեցին Տորդեզիլի համաձայնագիրը (Tratado de Tordesilhas), որպեսզի նոր հողերի սեփականացման համար կանխեն հետագա պատրերազմները: Ըստ այդ համաձայնագրի` Պորտուգալիային մնացին նոր հայտնաբերված հողերը, որոնք գտնվում էին քարտեզում նշված գծից արևելք` Կանաչ Հրվանդանի Կղզիներից (Cabo Verde) 360 մղոն դեպի արևմուտք, մինչդեռ Իսպանիային մնացին նշված գծից դեպքի արևմուտք ընկած տարածքները:
Հայտնաբերումից հետո մոտ 3 տասնամյակ Բրազիլին այնքան էլ ուշադրություն չէր դարձվում, Պորտուգալիան դեռևս շարունակում էր պահպանել և զարգացնել Հնդկաստանի և Աֆրիկայի հետ համաշխարհային առևտուրը, քանզի այն համեմուքներն ու ապրանքատեսակները (մեխակ, պղպեղ, դարչին, մշկընկույզ, իմբիր, մետաքս, ճենապակի և այլն), որոնք պորտուգալացիները գտնում էին այնտեղ, մեծ արժեք ունեին` Եվրոպայում առևտուր իրականացնելու և դրանց պայմանները պահպանելու համար: Բրազիլից ծառահատում էին միայն պաու բրազիլը, որի կարմիր ներկը մեծ պահանջարկ ուներ Եվրոպայում: Այդ ժամանակ էլ օգտագործվեց այսպես կոչված բարտերային աշխատանք (escambo) եզրը. այսինքն հնդկացիները պորտուգալացիներից ստանում էին զանազան մանր-մունր ապրանքներ (հայելի, սուլիչ, զանգակ) փոխարենը կտրատում և մինչև կարավելաներ էին տեղափոխում պաու բրազիլի գերանները:
Միայն 1530 թ Պորտուգալիայի թագավորությունը սկսեց զբաղվել նոր տարածքի գաղութացմամբ` Բրազիլ ուղարկելով Մարտին Աֆոնսոյի գլխավորած արշավախումբը, որն այնտեղ պետք է նախնական միջոցառումներ իրականացներ հետագայում տարածքները բնակեցնելու, պաշտպանելու, տարածքային կառավարություն ձևավորելու, երկրի շահագործումը համակարգելու համար: Գաղութացման հարցը օրակարգային էր դարձել, քանզի մտավախություն կար տանուլ տալու նոր ձեռք բերված երկիրը այլ նվաճողների (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա), որոնք մասնակցություն չէին ունեցել Տորդեզիլի համաձայնագրի կնքման գործընթացին: Մարտին Աֆոնսոյի մեկ այլ գործունեություն ևս ընդգծվեց պատմության մեջ, այն էր` նրա կողմից շաքարեղեգնի ներմուծելը և բրազիլական հողատարծքներում տնկելու փորձերը , ինչի շնորհիվ հիմնադրվեց Բրազիլի առաջին ժողովրդագրական միջուկը հանդիսացող Սան Վիսենտե (São Vicente) քաղաքը 1532թ.:
Ի դեպ, վերջերս Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ նշված են տեղեկություններ ոմն, Դուարտե Պաշեկոի ճանապարհորդության մասին: Այդ փաստաթուղթը հարցականի տակ է դրվում Կաբրալի` Բրազիլը առաջինը հայտնաբերելու հանգամանքը:
Էջանիշներ