Երեկ առնչվեցի այս խնդրին: Նկարագրում եմ լուծումը, որն աշխատեց իմ դեպքում, միգուցե ուրիշներին էլ պետք գա:
Զգուշացում. Ես պատասխանատվություն չեմ կրում նկարագրված գործողությունների, դրանց ոչ ճշգրիտ կիրառման դեպքում առաջացած խնդիրների և կորուստների համար:
Խնդրի նկարագրությունը: Orange-ի հատկացրած ZTE MF 637 USB-մոդեմի դրայվերները տեղադրելուց հետո օպերացիոն համակարգը չի բեռնվում (բեռնվելիս հայտնվում է սպասման նշանը և բեռնումն առաջ չի շարժվում):
Օպերացիոն համակարգը՝ Mac OS X 10.6 (Snow Leopard):
Խնդրի պատճառը: Մոդեմի դրայվերների տեղակայման ընթացքում համակարգային ֆայլերից մեկը՝ /usr/lib/libcurl.4.dylib գրադարանը փոխարինվում է դրայվերների հետ մատակարարվող ֆայլով: Տվյալ ֆայլը չի համապատասխանում Mac OS X 10.6 ՕՀ-ին (ՕՀ-ն 64 բիտանոց է, տեղադրվող ֆայլը՝ ոչ):
Լուծում: Գործողությունների հետևյալ շարքը թույլ է տալիս վերականգնել փոխարինված ֆայլը, որից հետո աշխատում են և ՕՀ-ն, և մոդեմը:
1. Սկզբնական ֆայլի ներբեռնում և տեղադրում USB ֆլեշի վրա:
Ներբեռնեք libcurl.4.dylib.bz2 ֆայլն, օրինակ այստեղից: Տեղադրեք ֆայլը USB ֆլեշի վրա (կարող եք տեղադրել նաև որևէ այլ արտաքին կրիչի, օրինակ՝ սկավառակի վրա):
2. Բեռնում միանձնյա օգտագործման ռեժիմ:
Վերաբեռնեք համակարգիչը և բեռնման սկզբում սեղմած պահեք Command և S ստեղները: Բեռնման ավարտին սև էկրանի վրա կհայտնվի հրամանային տողը:
3. Ֆայլային համակարգի ստուգում և անցում գրել-կարդալու ռեժիմի:
Հավաքեք հետևյալ հրամանները՝
/sbin/fsck -yf
/sbin/mount -uw /
4. USB-ֆլեշի միացում լապտոպի ֆայլային համակարգին, գրադարանային ֆայլի ապաարխիվացում:
Ստեղծեք պանակ, որտեղ ժամանակավորապես պահվելու է USB-ֆլեշի պարունակությունը.
mkdir /Volumes/MS
Միացրեք USB-ֆլեշը և հավաքեք հետևյալ հրամանը.
/sbin/mount -t msdos /dev/disk1 /Volumes/MS
Դիտողություն. Այս հրամանը ենթադրում է, որ Ձեր USB ֆլեշի վրա առկա է FAT16 կամ FAT32 ֆայլային համակարգ, ինչը սովորաբար այդպես է, եթե ֆլեշը ֆորմատավորված է Windows ՕՀ-ում: /dev/disk1-ի փոխարեն Ձեր կրիչը կարող է ՕՀ-ի կողմից միացված լինել այլ անվան տակ: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի /dev/disk1-ը փոխարինել համապատսխան սարքավորման անվանումով:
Հանեք գրադարանային ֆայլը արխիվից.
bunzip2 /Volume/MS/libcurl.4.dylib.bz2
5. Գրադարանային ֆայլի վերականգնում
Անվանափոխեք առկա գրադարանային ֆայլը.
mv /usr/lib/libcurl.4.dylib /usr/lib/libcurl.4.dylib.old
Տեղադրեք նոր ֆայլը.
cp /Volumes/MS/libcurl.4.dylib /usr/lib/libcurl.4.dylib
Անջատեք USB ֆլեշը լապտոպի ֆայլային համակարգից.
/sbin/umount /Volumes/MS
Հանեք USB ֆլեշը:
Վերբեռնեք համակարգը:
Հղումներ՝
1. http://www.davidglover.org/2009/09/t...w-leopard.html
2. http://hints.macworld.com/article.ph...30714194313542
Էջանիշներ