Դոգմայի և ուսմունքի առումով Հայ Եկեղեցուն ամենամոտ եկեղեցիներն են Ասորի Հակոբիկյան Եկեղեցին, Եգիպտոսի Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, Եթովպիայի Եկեղեցին և Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին: Այս հինգ Եկեղեցիները սովորաբար հիշատակվում են որպես Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներ` նրանց Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիներից տարբերելու համար: Այս Եկեղեցիներից յուրաքանչյուրն ունի իր եպիսկոպոսապետը և անկախ է, և սակայն հինգն էլ սերտ կապերի մեջ են միմյանց հետ:
Բոլոր էթնիկ ուղղափառ Եկեղեցիները հարու՞մ են միմյանց:
Կան Ուղղափառ Եկեղեցիների երկու տարբեր ընտանիքներ` Բյուզանդական Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ:
Ընտանիքներից մեկը` Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիները, հետևյալներն են.
Ա. Հին ժամանակաշրջանի 4 պատրիարքությունները`
1. Կոստանդնուպոլսի
2. Ալեքսանդրիայի
3. Անտիոքի
4. Երուսաղեմի
Բ. Ավելի ուշ ծագման 5 պատրիարքությունները`
1. Ռուսաստանի
2. Սերբիայի
3. Ռումինիայի
4. Բուլղարիայի
5. Վրաստանի
Գ. Ուղղափառ եկեղեցիները`
1. Կիպրոսի
2. Հունաստանի
3. Ալբանիայի
4. Չեխ հանրապետության
5. Սլովակիայի
6. Ամերիկայի
Դ. Ինքնավար Ուղղափառ եկեղեցիները`
1. Ֆինլանդիայի
2. Չինաստանի
3. Ճապոնիայի
4. Սինայի մենաստանի
Վերոհիշյալ բոլոր եկեղեցիներն ունեն միևնույն հավատը, միևնույն դոգման և ուսմունքները և հաղորդության մեջ են միմյանց հետ: Նրանք բոլորն էլ ընդունում են Կոստանդնուպոլսի Հույն Պատրիարքության առաջնայնությունը, որն ընդունվում է որպես Էկումենիկ Պատրիարքություն:
Ուղղափառ Եկեղեցիների երկրորդ ընտանիքն Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն են.
1. Հայ եկեղեցին
2. Ղպտի Եկեղեցին
3. Եթովպիայի Եկեղեցին
4. Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին
5. Ասորի Ուղղափառ Եկեղեցին (Հակոբիկյան)
Այս 5 անկախ Եկեղեցիներն ունեն միևնույն դոգման, միանման ուսմունքներ և հաղորդության մեջ են միմյանց հետ: Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիներից տարբերվում են դոգմային, ուսմունքին և պատարագին առնչվող հարցերի շուրջ: Յուրաքանչյուրն ունի պատարագի իր ավանդույթը: Դավանաբանորեն Ղպտի, Եթովպիայի, Մալաբար և Ասորի Եկեղեցիներն Հայ Եկեղեցուց ավելի մոտ են Բյուզանդական Ուղղափառ եկեղեցիներին:
Պատմականորեն Եթովպիայի Եկեղեցին ավելի սերտորեն է կապված եղել Ղպտի Եկեղեցուն և երկար ժամանակ եղել է նրա իրավասության ներքո: Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին ավելի սերտորեն է կապված եղել Ասորի Եկեղեցուն: Թեև Մալաբար Մալանքարա Եկեղեցին այժմ լիովին անկախ է և ունի իր կաթողիկոսը, դեռևս ճանաչում է Ասորի Պատրիարքին որպես իր ծայրագույն պետ:
Քանի որ այս 5 Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները հաղորդության մեջ են, Հայ Եկեղեցին մյուս եկեղեցիների անդամների համար կատարում է խորհուրդներ: Այդ եկեղեցիների պետերը տարբեր կարևոր առիթներով այցելում են Սուրբ Էջմիածին, օրինակ` կաթողիկոսների օծման կամ թաղման, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի օծման ժամանակ, մասնակցում են Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանում:
Էջանիշներ