Հարգելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Գորիսեցի բանաստեղծ Սպարտակ Բակունցի տարբեր ստեղծագործություններ:
Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված:
Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին, և դրանով շարունակելու է մեզ ապրել և նրանց հեղինակը:
Երկու խոսք
Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է... Անհունորեն ցավալի և հաճելի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ... Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:
Սպարտակ Բակունցի անունը առաջին անգամ լսել եմ ռադիոյով` ամիսներ առաջ: Կարդում էին նրա ռուսերեն բանաստեղծությունները: Այդ հաղորդումից հետո իմացա, որ հեղինակը զոհվել է Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում, թշնամու արկի բեկորից: Երբ ստացա այս ժողովածուն, պարզվեց, որ նա հիմնականում ստեղծագործել է հայերեն... Եվ զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել: Մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երևի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել և եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու:
Կամ էլ, ի՞նչ իմանաս, կյանում եղել է տաղանդավոր մարդ, կարողացել է իրեն այնպես դրսևորել, որ օգնել է մարդկանց, թեթևացրել նրանց կյանքը և ստեղծագործությունը համարել է հավելյալ մի բան: Այս է հաստատում նրա կենսագրությունը: Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը:
Նա՞ է շունչը ժամանակի,
Ով, ընկնելով մարտի դաշտում,
Պատմությունն է կերտում ազգի,
Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`
Ազգի շահը դրոշ արած,
Կործանման է տանում ազգին`
Հանուն շահի:
Այսպես է կյանքում: Մեկը ծնվում է շահի ու վայելքի համար, մյուսը` պարտքի և տառապանքի: Վայելողի ախորժակը բացվում է ներ վայելքների համար: Տառապողը մարկության հանդեպ կատարում է իր պարտքը, և այդ կատարումը դառնում է նոր պարտքի հրամայական: Եվ աշխարհն ապրում է երկրորդի հաշվին: Պատմությունը կերտում են երկրորդները:
Եթե խաղաղության ժամանակ սա մենք դժվար ենք նկատում, ապա կրիտիկական պահերին ամեն ինչ ցնցվում, սրվում և նկատելի է դառնում:
Սպարտակ Բակունցը վերջին պարտքը Հայրենիքին վճարեց իր հերոսական մահով: «Իսկ իր տաք բնում ազգի շահը դրոշ արածը» շարունակում է հանուն անձնական շահի` կործանման տանել ազգը:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունը մի ամբողջ սերնդի հոգու կենսագրություն է... Ես չեմ ուզում խոսել հեղինակի ստեղծագործական առավելությունների և որոշ պակասավոր կողմերի մասին, որովհետև հավատում եմ ընթերցողի ճաշակին, ազնվությանը և զոհերի նկատմամբ նրա մեծ հարգանքին:
Կարդա՛ այս գիրքը, սիրելի՛ ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների և այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը...
16.04.1993թ:
Համո Սահյան
Էջանիշներ