Հայկօ, Բայանդուր Պողոսյան
Delirium Tremens
(նախնական վերնագիրը՝ Délire)
Երիտասարդ արյունը եռում էր ներսում: Ուժով ու եռանդով լի, կյանքով լեցուն՝ մոտեցավ արևկող դռանը: Փտած տախտակները մի կերպ կցած էին իրար, ներկը պլոկված էր: Ժանգոտած ծխնիները, դժկամությամբ ճռռալով, տեղի տվեցին: Մտավ ներս, և Տան փոշե շունչը դիպավ դեմքին: Ամենուր իրենց դարն ապրած իրերի կույտեր էին, փոշու հաստ շերտի տակ խեղդված ինչ-որ առարկաներ: Լուսամուտները փակված էին կերպասե ծանր վարագույներով: Խունացած քաթանի կտորներով ամբողջությամբ ծածկված փայտե ծանր կահույքն, ասես դարանակալ, նայում էր նրան քրքրված, հնաոճ պաստառներով զարդարված պատերի տակից: Փոշի էր ու մթություն, բորբոս ու հնոտիներ: Բազմաճյուղ, ժանգոտած ջահը, օձերի կծիկի նման, կախվել էր գերանակապ ու մրոտ առաստաղից: Լպրծուն կիսախավարի միջից մի կերպ նշմարեց դեպի Տան խորքը տանող ճանապարհը և քայլեց առաջ: Ամեն քայլի հետ փոշին թափանցում էր նրա հագուստի ու մարմնի մեջ, սարդոստայնները ծվեն-ծվեն փաթաթվում էին վրան: Գայթեց. ոտքը դիպավ քրքրված գորգի եզրին: Հավասարակշությունը պահելու համար բռնեց զարդանախշ, ծանր սեղանի եզրից ու զգաց, թե ինչպես են ցրտի սառցե ասեղները ծակծկում մատները, մթության շոշափուկները դաստակի վրայով սողում վերև: Սարսռալով՝ ձեռքը հետ քաշեց. երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ափը: Ինչ-որ անհասկանալի ուժ նրան մղում էր դեպի Տան՝ խավարի քողի տակ թաքնված խորքը: Խունացած գորգը խեղդում էր ոտնաձայները՝ փխրուն անձկության նման պարուրելով նրա քայլերը: Գորգի տակ փայտե հատակը սպունգի նման ծակոտկեն էր ու փափուկ: Կրունկները խրվում էին գորգի ու տախտակների մեջ, ու փոշին սողալով լցնում էր առաջացած փոսերը: Առաստաղը հողի գույնի էր: Մոտեցավ սենյակի խորքի երկաթակոփ դռանը, վարանելով դիպավ բռնակին: Կողպեքի ժանգոտ ատամնանիվները զարմանալիորեն անաղմուկ պտտվեցին, դուռը դանդաղ բացվեց: Քայլեց դեպի ներս և զգաց, թե ինչպես է մթության անկյուններում կուչ եկած հազարամյա վախը արթնանում սենյակում ու քամում իր հոգին: Բորբոսի, քայքայման ու ծերության հոտով հագեցած գաղջ օդը դիպավ դեմքին, թափանցեց հագուստի ծալքերի մեջ, ներծծվեց մաշկի անհամար ծակոտիներով: Մարմնի ներսում ասես ինչ-որ բան ոլորվեց: Նրան թվաց, որ խրվել է մի աներևույթ, մածուցիկ պատնեշի մեջ: Պատի տակ նշմարեց վերև տանող աստիճաններն ու ուղղվեց դեպի այդ կողմ: Յուրաքանչյուր քայլի հետ զգում էր, թե ինչպես է մահացու հոգնությունը սև մաղձի նման տարածվում մարմնի ներսում, ծվատում իր կամքը, գիտակցում էր, որ ուղեղը պատած պղտոր փառն ավելի ու ավելի է կարծրանում: Մտածեց, որ մի ամբողջ հավերժություն արդեն սողում է մոխիրի, փոշու ու թմբիրի այս արքայությունում, որ է Տունը: Նկատեց, որ ստվեր չունի ու հասկացավ, որ արևի լույս չկա ու չի էլ եղել երբեք: Հետևեց, թե ինչպես է արմունկը երազի նման լողում թանձր օդի մեջ ու պատահմամբ հրում ծանր, ասես արճճե գավաթը, աղոտ կերպով գիտակցեց, որ գուցե մի քանի ժամ է անցել այն պահից, երբ գավաթը սկսեց ընկնել ու մոտենալ հատակին, կլանված դիտեց, թե ինչպես են հատակից գավաթին ընդառաջ բարձրանում փոշու ու մառախուղի ծիլերն ու, գավաթը ամփոփելով իրենց հանգույցներում, զգույշ իջեցնում այն դեպի ներքև: Ոչ մի ձայն չլսեց: Ձեռքերը դողում էին, երբ բռնեց աստիճանի բազրիքը: Սառնություն չզգաց: Դանդաղ բարձրացավ վերև: Տան երկրորդ հարկի սորուն կիսախավարի սրտում մի ավելի մութ ուրվագիծ նկատեց ու սկսեց մոտենալ: Հեռավորության կրճատվելուն զուգընթաց՝ ուրվագծի խորքերում ավելի ու ավելի հստակ ինչ-որ շարժում էր նշմարվում: Աստիճանաբար՝ անկանոն, քաոսային շարժումը գրեթե մարդկային կերպարանք ստացավ: Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հմայված հետևում էր, թե ինչպես է մթության ծնած լռակյաց ստվերը նույնպես դանդաղ քայլերով մոտենում իրեն: Նախ երևաց վտիտ, ցնցոտիներով փաթաթված իրանը, ապա՝ բուսական ջիղեր հիշեցնող կարծր երակների ցանցով պատված նիհար վերջույթները, սուր ուսերի մեջ ներքաշված պարանոցը, լերկ, ծերունական մուգ բծերով ծածկված մաշկով գլուխը, կեղտոտ, խճճված, իրար կպած, նոսր մազերի փնջերը: Դեմքը չէր երևում: Նկատվում էր, թե քրքրված հագուստի տակ ինչպես են կոտրված փուքսի նման ուռչում ու սմքում դուրս ցցված կողերը: Կերպարանքը քայլում էր ակնհայտ դժվարությամբ, լուռ հևալով, մի կերպ քարշ տալով անհնազանդ ոտքերը: Մոտենալով մարդկային այդ ուրվագծին՝ հայացքը թեքեց ներքև՝ դեպի դրա ձեռքերը: Կնճռոտ էին, մոմի պես դեղին, կոտրտված եղջերանման եղունգներով, չորացած, ասես կմախքի վրա սոսնձված կաշվով, ոսկրոտ ու անկյանք: Հանկարծ ձեռքը սկսեց բարձրանալ ու մեկնվել առաջ: Իր կամքից անկախ՝ ճաքճքած ու ծռմռված ձեռքին ընդառաջ բարձրացրեց սեփական տաք, փափուկ, արյամբ ու կյանքով լեցուն ձեռքը: Այն ակնթարթին, երբ թվում էր՝ արդեն պիտի դիպչի կերպարանքի ձեռքին, նրա մատները շոշափեցին հայելու սառն ու ողորկ հարթությունը: Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը: Ցնցված, սահմռկելով՝ ընկրկեց հայելուց, ճիգ գործադրեց՝ հայացքը պոկելու համար այդ գիշերասաթե բիբերից, ոտքը հետ դրեց ու զգաց, որ աստիճաններով գլորվում է ներքև՝ դեպի խավարի բաց գիրկը:
Խավարը ոլորվեց, իր հետ ոլորելով նրա կամքը, ձևափոխելով ու ձևափոխվելով, ասես լցվելով սրինգի մոնոտոն, ոլորվող սուլոցով, որն աճելով ոռնոցի վերածվեց նրա ականջներում: Անսահման սարսափի ոռնոց, որի մեջ նա զգաց, որ ինքն էլ է ոռնում խավարի հետ միասին, որ իր կամքն ու խավարի կամքը նույնն են, որ ինքն էլ է մասն այն դիվային սրինգի, որը նվագողի անունը երբեք չի կարելի հիշատակել ո՛չ բարձրաձայն, ո՛չ շշուկով, ո՛չ մտքում:
Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը, այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում նա, մինչև ամեն ինչ նորից չլուծվեց սպիտակի մեջ:
Ու ահա՝ լի կյանքով ու արյամբ, նա նորից կանգնած էր դռան առաջ, որն արդեն մեռած ու նեխող էր, երբ ժամանակը դեռ չէր ծնվել: Նորից նույն փտած տախտակները, որոնք, թվում էր, մի շարժումից կարող էին խարխլվել իրենց տեղերից ու փլվել դուռը բացել փորձողի վրա: Դռան վրա մուգ սրճագույն, գրեթե սև բծեր էին, որոնք կարող էին մակարդված արյան հետքեր լինել. ո՞վ կարող էր հաստատ ասել:
Ո՞վ կարող էր ասել, քանի օր, տարի, եթե ոչ՝ դար, նա մոտենում էր դռանը, բացում այն. ամեն անգամ, ուղիղ նույն ժամին, ժամանակը պտտվում էր, վերադարձնում նույն տեղը՝ փոխարենը զրկելով վերապրած սարսափի հիշողություններից:
Տունը կանչում էր նրան. թվում էր՝ իրականության մեջ խրված այդ վերքը, որի աստիճանաբար լայնացող ճեղքերով ծածկված պատերը բացվում էին՝ ստեղծելով ծաղկող վարդի մի հրեշավոր նմանություն, պետք է իրենից վաներ ամեն կենդանի արարած, մինչև նեխման այդ ծաղիկը բացվի, ու արևի ճառագայթներն իսպառ վերացնեն ստվերում թաքնված սարսափի վերջին մնացորդները:
Էջանիշներ