Կարծում եմ՝ էս համատեղ պատմվածքն ընդհանուր առմամբ ներդաշնակ էր, նկատի ունեմ՝ երեք մասերն իրար հետ քիչ թե շատ նորմալ են կապված՝ առանց կարկատանների։
Ինձ ամենաշատը դուր եկավ առաջին հատվածը՝ Շինարարինը։ Նախ շարադրանքն էր բավական հաջող՝ հետաքրքիր ու առանց ավելորդությունների (համենայնդեպս, ինձ համար), լավ մատուցված անհրաժեշտ ինֆորմացիա էր, որը զարգացնելու լայն հնարավորություններ էր տալիս՝ միաժամանակ բոլորովին անորոշ չլինելով։ Այսինքն՝ նաև որպես հենց համատեղ պատմվածքի սկիզբ՝ և՛ անհրաժեշտ չափով որոշակիություն ուներ, և՛ չպարտադրողականություն։ Օրինակ՝ կերպարները բավականաչափ բացահայտված էին, որպեսզի հաջորդ մասնակիցը կարողանար դրա հիման վրա կարգին շարունակություն գրել։ Ու էս բոլորը հաշվի առնելով, իմ կարծիքով, էս նախագծի լավագույն սկիզբ–հատվածներից մեկն էր սա։
Երկրորդը՝ My World My Space–ի հատվածը, կարելի է ասել, մի քիչ թերի էր. նախ կարճ էր, բացի դրանից, զարգացում գրեթե չեղավ. միայն երկու կերպարների զարգացում, ու, փաստորեն, գլխավորը, ինչպես միշտ, մնաց խեղճ երրորդ հատվածագրի պատասխանատվությանը։ Ընդհանրապես էս համատեղ պատմվածքներում վատ ավանդույթ է՝ առաջին երկու հատվածների հարաբերական անհոգությունը և ամբողջ ծանրությունը վերջին մասնակցի ուսերին թողնելը։ Էս պատմվածքում էլ դրանից խուսափել, փաստորեն, չի հաջողվել։ Երկրորդ հատվածն էլ է շարադրանքի տեսակետից հաջող, տեղ–տեղ նույնիսկ շատ հաջող պատկերներ կան։ Բայց նաև մի երկու զվարճալի վրիպակ ու լեզվական սխալ աչքս ծակեցին. օրինակ՝ ուսերը թոթովելը։Թոթովել նշանակում է անվարժ, ոչ հստակ խոսել, որպես կանոն, գործածվում է նոր խոսել սովորող երեխայի մասին խոսելիս (մանկական թոթովանք), իսկ ուսերը թոթվում են, ոչ թե թոթովում։
Երրորդը՝ ուզուզ–ի հատվածը, էլի սահուն կապվում էր նախորդին, բայց, իմ համեստ կարծիքով, նկարագրությունները մի քիչ շատ էին ու ոչ միշտ տեղին, օրինակ՝ հենց առաջին նախադասությունը մի տեսակ ոնց որ արհեստականորեն ծանրաբեռնված լինի մակդիրներով։ Չգիտեմ, գուցե զուտ ճաշակի հարց է, բայց կոնկրետ ինձ էնքան էլ դուր չեն գալիս նմանատիպ նկարագրությունները. դրանք ինձ անտեղի ձգձգված ու անտեղի պաճուճազարդված են թվում։ Չեմ բացառում, որ մեկ ուրիշի համար լրիվ նորմալ ու նույնիսկ լավ լինեն։ Միաժամանակ որոշ հատվածներում, երբ նկարագրության միջոցով պատկերավորություն էր պահանջվում, ես չտեսա էդ պատկերավորությունը, ճիշտն ասած։ Շինարարի նկատած իմաստային անճշտություններին նորից չանդրադառնամ, բայց արժե նման հարցերում ուշադիր լինել։
Վերջն իսկապես իրական չէր. անհավանական էր ու տվյալ ժամանակաշրջանի համար անհեթեթ։ Հատկապես ծափերի պահը։
Բայց, հաշվի առնելով, որ սա ուզուզ–ի առաջին մասնակցությունն էր համատեղ պատմվածքին, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին՝ պատասխանատու հատվածն էր նրան բաժին ընկել, ընդ որում՝ գործողությունների ողջ ծանրությամբ, երևի չարժե շատ խիստ դատել։![]()
Էջանիշներ