Գազի գինը չպետք է բարձրանա
Ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ։ Ակնհայտ է, որ այս էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման։ Դա կարող է վերջին կաթիլը լինել բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անումը վերածել անկասելի փլուզման։ Հենվելով առկա իրողությունների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Նկատի ունենալով դրամի փոխարժեքի փոփոխությունը՝ վերջին 5 տարիներին մատակարար կազմակերպություն «ՀայՌուսգազարդը» գազը ստացել է և ստանում է անփոփոխ 60 հազ դրամ մեծածախ գնով։ Ուստիեւ այդ ընթացքում գազի մանրածախ գնի մի քանի անգամ բարձրացումը ոչ մի հիմնավորում չունի եւ ուղղված է եղել միմիայն բնակչությանը կողոպտելու գնով մենաշնորհային գերշահույթների ապահովմանը։
2. Գազի գնի բարձրացման իրական հեղինակը ոչ թե «Հայռուսգազարդն» է, այլ ՀՀ կառավարությունը՝ «Հայռուսգազարդի» խոշորագույն բաժնետերերից մեկը։
3. Բացի կողոպուտից, տնտեսագիտական ու տրամաբանական ոչ մի բացտրություն չունի գազի մեծածախ և մանրածախ գների ահռելի՝ 2 անգամ տարբերությունը։
4. Տնտեսագիտական ու տրամաբանական ոչ մի հիմնավորում չունի բնակչությանը եւ խոշոր սպառողներին տրվող գազի մանրածախ գների տարբերակումը հօգուտ օլիգարխների՝ մանավանդ սոցիալապես անապահով հսկայական զանգված ունեցող երկրի պայմաններում։
5. Ռուսաստանի կողմից գազի մեծածախ գնի իրականում ոչ մեծ (մոտ 10 դրամ) բարձրացումը հեշտությամբ կարող է փոխհատուցվել՝ լուծվելով այն գերշահույթների մեջ, որոնք երկար ժամանակ ստացել եւ այսօր էլ ստանում է Հայռուսգազարդը։
Հանրային ծառայությունների կարգավորման հետ կապված մեխանիզմները մանրամասն ներկայացված են Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում։ Տվյալ դեպքում հրատապ անհրաժեշտություն է՝ ստուգել «ՀայՌուսգազարդի» իրականացրած ծախսերի հիմնավորվածությունը, մասնավորապես՝ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի մեծությունը, ներկայացուցչական ծախսերը, կորուստների իրական տոկոսը , գնումները, ֆինանսական միջոցների տնօրինումը։
Գազի գինը չպետք է բարձրանա։
Հայ Ազգային Կոնգրեսը համապատասխան հայցով մտնելու է դատարան՝ վիճարկելու այդ որոշման ընդունման իրավական եւ տնտեսական ապօրինի հիմքերը։ Միաժամանակ համապատասխան միջնորդություն է ներկայացվելու գազի գնի բարձրացման որոշման կատարումը կասեցնելու, մինչեւ հայցի քննության ավարտը։ Մենք անպայման հաջողության կհասնենք, եթե որպես համահայցվոր հանդես գան ՀՀ հազարավոր քաղաքացիներ, ում շահերն այս որոշմամբ անտեսվում եւ ոտնահարվում են։ Ուստի կոչ ենք անում բոլորին՝ միանալ այս նախաձեռնությանը։
Էջանիշներ