ԳՅՈՒՂԱՑԻ ՀԱՄԲՈՅԻ ՏՈՒՆԸ
Եվրատեսիլը Հայաստանում նորից կրքեր է բորբոքել, ու բավական ուժեղ կրքեր: Երեւի ժամանակն է Եվրատեսիլն էլ հռչակել “մասոնական դավադրություն”, որի նպատակը հայության միասնականությունը կոտրելն է: Այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամներին, ամեն ինչի պատճառը Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանի մասնակցի ընտրությունն էր: Ինչպես հայտնի է, փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությամբ հաղթող հռչակվեց հայ հանդիսատեսին քիչ հայտնի Եվա Ռիվասը` մոր կողմից հայուհի Ռուսաստանից, որը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, հանդիսատեսին ներկայացել է Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ պտուտ եկա” երգով, հետո հայտ ներկայացրել Եվրատեսիլին մասնակցելու համար եւ “Ծիրանի կորիզ” երգով դարձել հաղթող:
Նրանից բացի, եւ գուցե ավելի, Եվրատեսիլ մրցույթի մասնակցի ընտրական մրցույթի հաղթողի հավակնորդ էին համարվում Էմմի եւ Միհրան զույգը, ինչպես նաեւ Ռազմիկ Ամյանը: Հենց նրանք էլ, հատկապես Էմմի եւ Միհրան զույգը, եւ մասնավորապես զույգի պրոդյուսեր, Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանը, դժգոհում են ընտրության արդարությունից, sms քվեարկության մեքենայություններից, կասկածում են, որ հայ հանդիսատեսը կարող էր իր “հարյուր տարվա ծանոթ” երգիչներին ավելի քիչ ձայն տալ, քան նոր ծանոթ մի երգչուհու: Իսկ այդ դժգոհության հիմքերից առանցքայինն էլ համարվում է թերեւս այն, որ Եվա Ռիվասին հովանավորում է Ռուսաստանի հայաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով մոտ հարաբերություն ունի Հայաստանի երրորդ եւ երկրորդ նախագահների հետ:
Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված կրքերն ավանդույթ են Հայաստանի “եվրատեսլական” պատմության ընթացքում: Սկսած առաջին մասնակցի ընտրությունից` Անդրեից, մինչեւ մանկական երկու Եվրատեսիլների ընտրությունը (որոնցից մեկում, ի դեպ, հաղթեց հենց Նադեժդա Սարգսյանի հովանավորյալ Լուարա Հայրապետյանը, ու նրա հաղթանակի արդարությանն էլ կասկածողներ գտնվեցին), մինչեւ Եվա Ռիվաս, ու թերեւս Ռիվասից էլ հետո, ընտրության արդարությանը միշտ կասկածելու են, անկախ նրանից, թե իրականում ինչքան է կասկածը հիմնավոր, ինչքան են հիմնավոր կասկածողների փաստարկները: Երբ երկրում տոտալ կեղծիքի մթնոլորտ է, կեղծվում են բոլոր կարգի ու մակարդակի ընտրությունները, կեղծվում են արժեքները, կեղծվում է իրականությունը, Եվրատեսիլի մասնակցի ընտրությունը չի կարող մնալ դրանից անմասն: Համենայն դեպս, հանրային գիտակցությունը չի կարող կեղծիքի համատարած մթնոլորտում ի դեմս Եվրատեսիլի արդարության կղզյակ տեսնել, առավել եւս, որ այդ ոլորտում շոշափվում են մեծ փողեր, շոշափվում են իշխանության հետ մտերիմ մարդկանց անուններ: Իսկ հայաստանյան հասարակության շրջանում իշխանությունն ու կեղծիքը դարձել են հոմանիշներ, ու դա ոչ թե հասարակության սուբյեկտիվ ընկալումների արտահայտումն է, որոնք կարող են առանձին դեպքերում իսկապես լինել, այլ իշխանության երկար տարիների գործունեության օբյեկտիվ հետեւանքը:
Այս դեպքում արդեն ցանկացած խնդրի մասնագիտական կողմ հայտնվում է երկրորդ պլանում, եւ առաջ է գալիս քաղաքական, ու թերեւս ամենից առաջ քաղաքակրթական կողմը: Թերեւս որեւէ մի երկրում, որտեղ որպես պետություն եւ հասարակություն հասել են արժեքային լուրջ ձեռքբերումների, Եվրատեսիլը վաղուց արդեն արժեք չէ, ու այդ պետություններում հասարակությանը նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ով է գնալու Եվրատեսիլ: Պատահական չէ, որ վերջին մի քանի տարիներին Եվրատեսիլում հաղթող են դառնում եւ հաջողությունների են հասնում Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները, հատկապես այն պետությունների, որտեղ վերնախավերը իրենց հասարակություններին մատուցելու այլ արժեքներ չեն կարողացել եւ չեն կարողանում ստեղծել, ու մնացել են “ազգային ազատագրական” տեսարանները:
Երբ պետություններում եւ այնտեղ ապրող հասարակությունների մեջ կան ձեւավորված կամ ձեւավորվող արդիական արժեհամակարգեր, նաեւ երգիչ-երգչուհիների համար արդեն Եվրատեսիլը դառնում է բացարձակ ավելորդություն, որովհետեւ դա ոչ այլ ինչ է, քան պարզապես պետության` տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերության հաշվին “ռասկրուտկա” լինելու հնարավորություն: Բայց, մյուս կողմից, քանի որ Հայաստանը “տեսարանների” դարաշրջանում խորը “խցանված” երկիր է, ու այդ երկրում շատ մեծ է Եվրատեսիլի պահանջարկը երգիչ-երգչուհիների մոտ, ապա զարմանալի չի լինի, եթե ասենք պարզվի, որ պահանջարկի այդ մեծության պատճառով մեծանում են նաեւ երգիչ-երգչուհիների առաջարկները Եվրատեսիլի Հայաստանի “փայատեր” հանդիսացող Հանրային հեռուստաընկերությանը: Այդպիսով, տվյալ մասնակցի “ռասկրուտկան” այսպես ասած “ինքնածախսածածկվում” է: Դա ընդամենը մի շատ տեսական ենթադրություն է, որը կարծես թե այդքան էլ անհավանական չէ, նկատի ունենալով այն արժեքներն ու բարքերը, որ տիրում են Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում:
Ընդ որում, պետք չէ բացառել, որ հաղթող մասնակիցը հաղթում է առանց որեւէ զարտուղի ճանապարհի, միանգամայն արդար կերպով, բայց, կրկին նկատի ունենալով Հայաստանում գերակա արժեքներն ու բարքերը, թերեւս շատ հավանական է, կամ անհավանական չէ, որ նույնիսկ արդարության համար Հայաստանում պետք է վճարել, գուցե ավելի շատ վճարել, քան կեղծիքի համար: Ի վերջո, այն հասարակություններում, ուր Եվրատեսիլի բեմն է արժեք կամ խնդիր կամ նպատակ կամ հանրային ուշադրության առարկա, այսինքն ուր տեսարաններն են թագավորում, ամեն բան` արդարություն լինի, թե կեղծիք, ապրանք է, որ իր գինն ունի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Էջանիշներ