Kuk-ի խոսքերից
Հանցագործությունների բազմակիություն
Հանցագործությունների բազմակիության հասկացությունը
Կյանքում պատահում են դեպքեր, երբ անձը կատարում է մի քանի հանցագործություն: Նման վիճակը պետք է ստանա իր քրեաիրավական գնահատականը` կապված այդ դեպքերի որակման և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ:
Հանցագործությունների բազմակիություն ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ անձը մեկ քամ մի քանի արարքներով կատարում է երկու կամ ավելի հանցանք:
Առաջին հերթին հանցագործությունների բազմակիությունը պետք է սահմանազատել առանձին պարզ հանցագործություններից և այն հանցագործություններից, որոնք քրեական իրավունքի տեսության մեջ կոչվում են բարդ: Առանձին պարզ հանցագործությունը կատարվում է մեկ հանցավոր արարքով, մեղքի մեկ ձևով, պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի մեկ հոդվածով կամ դրա մասով:
Առանձին բարդ հանցագործությունը նույնպես պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է մեկ հոդվածով, սակայն նրա օբյեկտիվ կողմը ձևավորվում է որոշակի բարդություններով` մի քանի արարքներով, մի քանի հանցավոր հետևանքներով և այլն: Բարդ հանցագործություններում կարող է բարդեցված լինել նաև սուբյեկտիվ կողմը, որը դրսևորվում է մեղքի երկու ձևով: Հաճախ պրակտիկայում բարդ հանցագործության որակումը դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով քրեական իրավունքի գիտությունը մշակել է բարդ , բայց մեկ հանցագործություն համարվող արարքների տեսակները և դրանց որակման առանձնահատկությունները: Դրանք են`
1. Շարունակվող հանցագործություն, որը կատարվում է նույնատիպ մի քանի արարքներով, որոնք ուղղված են նույն օբյեկտին և միավորված են միասնական դիտավորությամբ: Օրինակ` հանցավորը ցանկանում է գողանալ բնակարանի ամբողջ գույքը, սակայն իր վերջնական նպատակին հասնում է գույքը մաս-մաս, մի քանի անգամ տեղափոխելով: Նշված օրինակում հանցագործությունն ավարտվում է, երբ հանցավորը տիրանում է ամբողջ գույքին և հնարավորություն է ունենում այն տնօրինել կամ օգտագործել: Թեև շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արարքներից յուրաքանչյուրն ինքնուրույն հանցակազմ է պարունակում, այնուամենայնիվ դրանք ինքնուրույն չեն որակվում և ամբողջ կատարվածը գնահատվում է իբրև մեկ հանցագործություն: Եթե հանցավորն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասնում իր վերջնական նպատակին, արարքը որակվում է որպես մտադրված հանցագործության փորձ: Բերված օրինակում եթե հանցավորը չկարողանա գողանալ բնակարանի ամբողջ գույքը, նրա արարքը կորակվի որպես գողության փորձ բնակարանի ամբողջ գույքի արժեքի չափով:
Շարունակվող հանցագործության դեպքում կատարված արարքները պետք է լինեն նույնատիպ: Սակայն եթե նույն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմում են փաստական հատկանիշներով տարբեր արարքներ, օրինակ` սպառողներին խաբելը թերահաշվելու , թերաչափելու, թերակշռելու միջոցներով, այդ արարքների երկու կամ ավելի անգամ կատարելը միասնական դիտավորությամբ նույնպես շարունակվող հանցագործություն է:
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն դեպքերը, երբ միասնական դիտավորությամբ կատարվում է, օրինակ, առանձնապես խոշոր չափի հափշտակություն տարբեր եղանակներով` գողություն, կողոպուտ, ավազակություն: Եթե այդ արարքները որակենք առանձին-առանձին տարբեր հոդվածներով, ապա հանցավորի վիճակը ոչ արդարացի կփեփևանա, քանի որ յուրաքանչյուր հափշտակման դեպքում չափը հնարավոր է, որ առանձնապես խոշոր չլինի: Մեր կարծիքով արարքը նման դեպքում պետք է դիտել շարունակվող հանցագործություն և այն որակել նկատի ունենալով անձի դիտավորությունը` կատարված արարքներից ամենավտանգավորը նախատեսող հոդվածով:
Որպես կանոն, շարունակվող հանցագործության ժամանակ կատարված արարքների միջև ընկած ժամանակը կարճ է լինում` ժամեր, օրեր, սակայն հնարավոր են դեպքեր, երբ այն ավելի երկար տևի, օրինակ` հանցավորը սպասում է հարմար պահի կամ իրադրության` իր հանցավոր նպատակը վերջնականապես իրագործելու համար:
2. Տևող հանցագործություն, որի տակ քրեական իրավունքի գիտության մեջ հասկանում են այն արարքը ` գործողությունը կամ անգործությունը, որը դրսևորվում է հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության տևական անընդմեջ կատարմամբ:
Տևող հանցագործությունը սկսվում է հանցանքի կատարումով և ավարտվում հանցավորի գործողության` մեղայականով ներկայանալը, կամ իրավապահ մարմինների միջամտության` հանցավորին ձերբակալելը, կամ այլ հանգամանքների, օրինակ` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում` զինվուրական ծառայության ենթակա լինելու սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետևանքով:
Այդպիսի հանցագործություններ են նախատեսված քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում: Օրինակ` թմրամիջոց կամ զենք պահելը, իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, դասալքությունը և այլն:
Տևող հանցագործությունը շարունակվողից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է մեկ արարքով և տևում է երկար ժամանակ:
Շարունակվող և տևող հանցագործությունների պարզումն ունի նաև կարևոր պրակտիկ նշանակությունհատկապես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կամ համաներում կիրառելիս: Եթե այդ հանցագործությունները չեն ավարտվել` չի կատարվել վերջին արարքը, հանցավորը չի ներկայացել մեղայականով, կամ հանցագործին իրավապահ մարմինները չեն ենթարկել քրեադատավարական հարկադրանքի, ապա վաղեմության ժամկետ կամ համաներում չի կիրառվում:
Քրեական իրավունքի գիտությանը հայտնի են բարդ հանցագործության նաև այլ տեսակներ` 1. բաղկակցական հանցագործություններ, որոնք բաղկացած են երկու կամ ավելի գործողություններից, օրինակ` բռնաբարության հետ զուգորդված սպանության ժամանակ մեկ հանցակազմում դրսևորվում է երկու արարք. սպանություն և բռնաբարություն, 2. հանցագործություններ երկընտրելի գործողություններով` անգործությամբ, օրինակ` զանգվածային հանցագործությունների հանցակազմն առաջանում է հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքներից մեկն ու մեկի` ջարդեր, հրկիզումներ, գույքի ոչնչացում և այլնի կատարմամբ, 3. հանցագործություններ, որոնք կատարվում են մեղքի երկու ձևով, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել ե տուժողի մահ:
Շարունակելի.
Էջանիշներ