Ռեցիդիվի հարցը շատ է քննարկվել քրեական իրավունքի գիտության մեջ, տրվել է դրա գիտական հասկացությունը, տեսակների բնութագիրը: Նախկին քր. օրենսգիրքը տալիս էր ոչ թե երևույթի` ռեցիդիվի, այլ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի հասկացությունը` հոդված 23-ի 1: Նոր քրեական օրենսգիրքը հրաժարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի գաղափարից:
Նոր քրեական օրենսգիրքը հատուկ հոդվածով կարգավորում է ռեցեդիվի` որպես հանցագործությունների բազմակիության տեսակի հարցերը:
Գործող քրեական օրենսգրքում ռեցիդիվը բաժանված է երեք տեսակի.
1. Հասարակ
2. Վտանգավոր
3. Առանձնապես վտանգավոր
Հասարակ ռեցիդիվի հասկացությունը, որը միաժամանակ ռեցիդիվի ընհանրական հասկացություն է, տրված է քրեական օրենսգրքի հոդված 22-ի առաջին մասում. «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությանմբ կատարած հանցանքի համար»:
Ռեցեդիվի դեպքում, ինչպես և կրկնակիության կամ իրական համակցության ժամանակ, անձը կատարում է երկու կամ ավելի արարք, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է ինքնուրույն հանցակազմ, սակայն ռեցիդիվն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է հանցագործությունների բազմակիության մյուս տեսակներից:
Ի տարբերություն իրական համակցության` ռեցիդիվ են կազմում միայն դիտավորությամբ կատարվող հանցանքները: Եթե կատարված երկու հանցանքերից մեկը անզգուշությամբ է կատարված, ապա առկա է ոչ թե ռեցիդիվը, այլ իրական համակցությունը: Հանցագործությունների իրական համակցությունից ռեցիդիվը տարբերվում է նաև նրանով, որ կատարված նախկին հանցանքի համար անձը պետք է դատապարտված լինի: Ընդ որում, դատվածությունը պետք է մարված կամ հանված լինի: Դատվածության հետ կապված կրկնակիությունից ռեցիդիվը տարբերվում է նրանով, որ ռեցիդիվը կարող է կազմել ինչպես քր. օրենսգրքի Հատուկ մասի միևնույն կամ տարբեր հոդվածներով նախատեսված միաբնույթ, այնպես էլ տարաբնույթ հանցագործությունները, մինչդեռ կրկնակիությունը կարող են կազմել միայն միաբնույթ հանցագործությունները:
Քրեական օրենսգրքի հոդված 63-ի առաջին կետի համաձայն` ռեցիդիվը բոլոր հանցագործությունների համար պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Քրեական օրենսգրքի Հատուկ մասի մի շարք հոդվածներում ռեցիդիվը դիտվում է հանցագործության տվյալ տեսակը ծանրացնող հանգամանք:
Քրեական օրենսգրքի հոդված 22-ում տրված վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցեդիվների հասկացությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հասարակ ռեցեդիվն առկա է ոչ միայն նախկինում մեկ, այլ նաև երկու կամ ավելի դիտավորյալ հանցագործությունների համար դատվածության դեպքում, եթե նման դեպքերը օրենքով չեն համարվում վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր ռեցեդիվ, այսինքն` երբ անձը նախկինում երկու կամ ավելի հանցագործությունների համար դատապարտված է լինում ազատազրկման հետ չկապված պատժի:
Օրենսգրքի հոդված 22-ի երկրորդ մասի համաձայն` ռեցեդիվը վտանգավոր է համարվում`
1. դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2. Ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
Ըստ առաջին կետի պայմանի` վտանգավոր ռեցեդիվն առաջանում է` 1. եթե անձը նախկինում երկու կամ ավելի անգամ ազատազրկման է դատապարտվել ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության դիտավորյալ հանցագործության համար և նորից կատարում է ցանկացած դիտավորյալ հանցագործություն: 2. եթե անձը կատարել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության դիտավորյալ հանցագործույթւոն, եթե նախկինում երկու անգամից ոչ պակաս դատապարտվել է ցանկացած դիտավորյալ հանցագործության համար:
Երկրորդ պայմանն ավելի պարզ է, և այդ հարցը լուծվում է` ելնելով հանցագործությունների տեսակների հասկացությունից:
Հոդված 22-ի երրորդ մասի համաձայն` հանցագործությունների ռեցեդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից`
1. Դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս, ցանկացած հաջորդականությամբ, ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Առանձնապես վտանգավոր ռեցեդիվի այս տեսակն առկա է, երբ` ա. Նախկինում անձը նշված հանցագործությունների համար դատապարտվել է ազատազրկման երեք անգամից ոչ պակաս, բ. Նոր կատարածը ցանկացած տեսակի դիտավորյալ հանցագործություն է, որի համար դատարանը նշանակում է պատիժ ազատազրկման ձևով,
2. Այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Այս դեպքում վերջին հանցագործությունը պետք է լինի ծանր, իսկ նախկինում կատարածները, որոնց համար նա ազատազրկման է դատապարտվել կարող են լինել` ա. երկու ծանր, բ. մեկ ծանր և մեկ առանձնապես ծանր, գ. երկու առանձնապես ծանր,
3. Առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե նա նախկինում դատապարտվել է առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության համար: Քրեկան օրենսգրքի հոդվածի 22-ի երրորդ մասի երրորդ կետի համաձայն առանձնապես վտանգավոր ռեցեդիվի հատկանիշները պայմանավորված են` ա. Առանձնապես ծանր հանցագործության կատարումով, բ. նախկինում մեկ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության համար դատապարտված լինելով:
Մեր կարծիքով քրեական օրենսգրքի հոդված 22-ում վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցեդիվների հասկացությունները չեն բխում ռեցեդիվի ընդհանուր հասկացությունից` որպես ընդհանուրի և մասի հարաբերակցություն: Ռեցեդիվի հասկացության մեջ խոսքը վերաբերում է նախկինում դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալուն, իսկ վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր ռեցեդիվի դեպքում ազատազրկման դատապարտված լինելուն: Գտնում ենք, որ օրենքն ավելի ճիշտ և հասկանալի կլիներ, եթե գնահատման հիմքում դրվեր միայն դատվածության հասկացությունը: Օրինակ` հոդված 22-ի երկրորդ մասի առաջին կետով վտանգավոր ռեցեդիվ համարվեր` «Դիտավորությամբ հանցանք կատարելը, եթե անձը դատվածություն ունի երկու կամ ավելի դիտավորյալ հանցագործությունների համար»:
Նման մոտեցումը ճիշտ կլիներ նաև նրանով, որ քրեական օրենսգրքի հոդված 22-ի չորրորդ մասից կհանվեր նույն հոդվածիւ առաջին մասը կրկնող դրույթը, ըստ որի. «Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ռեցեդիվը գնահատելիս հաշվի չի առնում»: Չէ՞ որ հոդվածի առաջին մասում ուղղակի նշված է, որ ռեցեդիվի դեպքում անձը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարած հանցանքի համար, այսինքն` դատվածությունը հանված կամ մարված չէ:
Դրա հետ միասին հաշվի առնելով անչափահասների նկատմամբ ցուցաբերվող մարդասիրությունը և քրեական պատասխանատվության առանձնահատկությունը` քրեական օրենսգրքի հոդված 22-ի չորրորդ մասը նշում է, որ ռեցեդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է մինչև 18 տարին լրանալը կատարած հանցանքի համար: Ընդ որում, նշանակություն չունի, թե երբ է անձը դատապարտվում: Բավական է միայն, որ հանցանքը կատարված լինի մինչև 18 տարին լրանալը, և դրա համար դատվածությունը ռեցեդիվը գնահատելից հաշվի չի առնվի:
Հարկ է նշել, որ բացի օրենսդրությամբ նախատեսված տեսակներից, քրեական իրովունքի տեսության մեջ առանձնացվում են ռեցեդիվի նաև այլ տեսակներ: Այսպես` ըստ կատարված հանցագործությունների բնույթի առանձնացվում է` 1. ընդհանուր և 2. հատուկ ռեցեդիվը: Ընդհանուր ռեցեդիվն առկա է այն դեպքում, երբ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձը կատարում է ցանկացած տեսակի նոր դիտավորյալ հանցանք: Հատուկ ռեցեդիվն առկա է այն դեպքում, երբ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձը կատարում է նույն հանցանքը կամ նախորդին միաբնույթ հանցանք: Քրեական օրենսգրքի Հատուկ մասում, ոչպես հանցագործության տվյալ տեսակը ծանրացնող հանգամանք նախատեսված է հենց հատուկ ռեցեդիվը:
Ըստ ունեցած դատվածությունների քանակի` առանձնացվում են` 1. պարզ ռեցեդիվը, երբ դիտավորյալ հանցանք է կատարում մեկ անգամ դատվածություն ունեցող անձը, և 2. բարդ ռեցեդիվը, երբ դիտավորյալ հանցանք է կատարում երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձը:
Հանցանքի կատարման վայրի հետ կապված` առանձնացվում է այսպես կոչված քրեական ռեցիդիվը` նոր դիտավորյալ հանցանքի կատարումը ազատազրկման վայրում, ազատազրկման ձևով պատիժ կրող անձի կողմից:
Էջանիշներ