Չինաստանում Աստվածաշնչի պահանջարկը գերազանցում է առաջարկը
Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»
Պեկին. Աստվածաշնչային Ընկերությունը հայտնում է Չինաստանում Աստվածաշնչի աճող պահանջարկի մասին: Միայն 2009թ. շուրջ կես միլիոն մարդ է քրիստոնեություն ընդունել, ինչի մասին հաղորդում է “CNL-News”-ը` հղում անելով “Chrsitian Today”-ին:
Թեև անցյալ տարի Չինաստանում տպվել և տարածվել է շուրջ 4 միլիոն Աստվածաշունչ, տարեցտարի աճող քրիստոնյաների թիվը նշանակում է, որ Աստվածաշնչի պահանջարկն այժմ գերազանցում է առաջարկը, ինչի մասին հաղորդում է Աստվածաշնչային Ընկերությունը:
Չինաստանում քրիստոնյաների պաշտոնական թիվը 28,6 միլիոն է, սակայն իրական թիվը շուրջ 90 միլիոն է, եթե նկատի ունենանք նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն անլեգալ տնային եկեղեցիներում:
Մեծ Բրիտանիայում գտնվող Աստվածաշնչային Ընկերությունը ֆինանսավորում է տպագիր Աստվածաշնչերի արժեքը, որպեսզի յուրաքանչյուր օրինակի գինը չանցնի 2 եվրոյից, ինչը կենսականորեն կարևոր է Չինաստանի գյուղերում բնակվող քրիստոնյաների համար, որտեղ ապրում է ծխականների 70 տոկոսը, և բնակչության կեսի օրական ապրուստը 2 եվրոյից էլ քիչ է:
Աստվածաշնչերը տպվում են “Amity Printing” պետական ընկերությունում, որտեղ տպվել է նաև Մաոյի կարմիր գրքույկը: 1987թ. հիմնադրվելուց ի վեր կառավարության հավանությամբ տպվել է շուրջ 70 միլիոն Աստվածաշունչ, որից 50 միլիոնը ստացել են չինացի հավատացյալները:
Էջանիշներ