Օրենբուրգում աշխատանքը կսկսի «Գթասրտության տրոլեյբուս»-ը
Աղբյուրներ` «ՌԻԱ Նովոստի» / «Սեդմիցա.Ռու»


Օրենբուրգ. Օրենբուրգում սկսվել է «Կատարիր բարիք» ակցիան` նվիրված Մեծ Պահքին: Ակցիայի շրջանակներում քաղաքով կշրջի «Գթասրտության հատուկ տրոլեյբուս»-ը` նախատեսված անտուն մարդկանց օգնության համար: Այդ մասին հաղորդել է Օրենբուրգի թեմի մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Օրենբուրգի և Բուզուլուկի Վալենտին միտրոպոլիտի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում Օրենբուրգի և Բուզուլուկի թեմի սոցիալ-միսիոներական գործակալությունն Օրենբուրգի վարչակազմի հետ համատեղ իրականացնում է «Կատարիր բարիք» ակցիան: Ուղղափառ եկեղեցին միշտ օգնում է աղքատներին և տառապյալներին, առավել ևս ընդունված է դա անել պահոց շրջաններում», - ասել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվածների, պարզ ասած` անտուն մարդկանց համար կազմակերպվելու է տաք սնունդ: Նրանք ուտելիք կստանան «գթասրտության տրոլեյբուս»-ում` ակցիայի համար հատուկ սարքավորված տրոլեյբուսում, որը ճաշի ժամից մինչև ընթրիքի ժամը հերթապահելու է Օրենբուրգի երկաթուղային կայարանի մոտի հրապարակում, որը սովորաբար քաղաքի անտուն մարդկանց հիմնական հավաքատեղիներից մեկն է:
Դրանից բացի, այդ կարիքավոր մարդկանց բժշկական, իրավաբանական կամ այլ սոցիալական օգնություն կցուցաբերեն համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր նույնպես կհերթապահեն այդ նույն տրոլեյբուսում: Նախատեվում է նաև տաք կոշկեղենի և հագուստի տրամադրում և ուժերի ներածին չափով անհրաժեշտ այլ օգնություն», - ավելացրել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Գթասրտության տրոլեյբուս»-ը կխնամի քաղաքի անտուն մարդկանց Մեծ Պահքի ամբողջ ընթացքում: Ակցիան կավարտվի ապրիլի 4-ին: